«Ես դա համարում եմ բռնություն`ուրիշների կարծիքի, տեսակետի հանդեպ: Մարդը, որը խոսում է մարդու իրավունքների մասին, երբեք իրավունք չունի այլախոհության դեմ պայքարել»,- սա ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի տեսակետն է`երեկ խորհրդարանում «գազային համաձայնագրերի» քվեարկության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորաբար, այն ամենի վերաբերյալ, ինչ արեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Աճեմյանը կարծիք հայտնեց, որ բոլոր նրանք, ովքեր կողմ էին քվեարկում, հիմնականում հիմնավորում էին իրենց մոտեցումը. «Ես, ինքս, պատասխանատվությունից չեմ վախենում կամ չեմ փախչում, բայց ինձ արգելել քվեարկել`համարում եմ, որ դա շատ մեծ խախտում է: Քաղաքական գործիչը, որը իրեն համարում է քաղաքական գործիչ`էդպիսի բաներ չպիտի թույլ տա: Դա պարզապես խուլիգանություն է»:
Aravot.am-ի հարցին`Ձեզ չի՞ կաշկանդում «դավաճան» պիտակը, որը երեկ փակցվեց ՀՀԿ-ականներին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ: Նախ` դա փակցվեց մի խումբ մարդկանց կողմից: Դա ժողովրդի տեսակետ չի բնավ եւ հարյուր, թեկուզ հազար հոգի բնավ իրավունք չունեն ժողովրդի անունից խոսելու»:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, ովքեր վիճարկվող համաձայնագրերին ծանոթ են, գիտեն, որ կան շտկելու անհրաժեշտություն ունեցող դրույթներ. «Բայց, ընդհանուր առմամբ, այս քսան տարիների ընթացքում մենք տարբեր գործարքների ենք ականատես եղել եւ հիմնականում, հետագայում ժամանակը ցույց է տվել, որ այդ գործարքները կատարվել են օրինական եւ որեւէ վնաս մեր երկրին չեն տվել: Այս դեպքում էլ, իրականում ժամանակը ցույց կտա`ինչի՞ մասին էր այս ամենը: Ես համարում եմ, որ սա դավաճանություն չի ոչ մի դեպքում: Հակառակը, եթե ժողովրդի, բնակչության մեծ մասին ֆինանսական վիճակը թեթեւացվել է, այն գումարը, որը պետք է բնակչությունը գազի դեմ վճարեր, թեթեւացվել է, դրա դեմ էսպես պայքարել, այն էլ այս միջոցներով, չի կարելի»:
Կարդացեք նաև
Նկատեցինք, որ պատգամավորի նշած գործարքների արդյունքում այսօր Հայաստանի հարստությունների մեծամասնությունը կամ պատկանում են ՌԴ-ին, կամ տրված են այդ երկրի կառավարմանը, արդյունքում, Հայաստան պետությունը, փաստորեն, կամա թե ակամա, հայտնվում է ՌԴ-ի տիրապետության տակ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ Հայաստանը բավականին բարդ աշխարհաքաղաքական դիրքում է ու այդ պատճառով էլ դժվար պայմաններում է կարողանում գոյատեւել, զարգանալ, բայց նախագահը, այլ իրավասու պետական գործիչները քննարկել են այս գործարքի մանրամասները, բանակցել են ու ինքը չի կարծում, որ նրանցից մեկը պետության հանդեպ որեւէ սխալ կամ վնասակար քայլ կարող էր թույլ տալ:
Տիկին Աճեմյանը կարծում է, որ բողոքավորների մեծամասնությունը, պարզապես լավ տեղեկացված չէ նրանից`ինչի դեմ բողոքում է:
Հետաքրքրվեցինք, իր կարծիքով ինչո՞ւ, այնուհանդերձ, հանրությանը ամբողջական տեղեկատվություն չմատուցվեց, ինչո՞ւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը համաձայնագրերի քննարկումների արդյունքում այդպես էլ պատգամավորների հարցերին լիարժեք պատասխաններ չտվեց, որպեսզի կարողանար համոզիչ լինել: Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Երեւի նախ լսողներն են քիչ: Հնարավոր է, որ հիմնավորումները ներկայացնողներն էլ շատ չէին, բայց ես կուզենայի, որ այդ հիմնավորումները ներկայացվեին պրոֆեսիոնալների կողմից: Հիմնականում նախարարի եւ այն մարդկանց, ովքեր բանակցային գործընթացին ներկա են եղել, տեղյակ են եղել: Այնուամենայնիվ, ես չեմ համարում, որ քաղաքական գործիչներին հարիր է առհասարակ հայտնվել անեծքների, հայհոյանքների տիրույթներում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ