Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում անչափահասների շրջանում հանցավորության մակարդակը բարձր չէ

Դեկտեմբեր 24,2013 00:16

Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից «Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Անչափահասների գործերով արդարադատության արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագրի ամփոփումը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Դատաքննության փուլում անչափահասների հարցաքննությունների դիտարկում» ուսումնասիրության արդյունքները:

«Չնայած Հայաստանում անչափահասների շրջանում հանցավորության մակարդակը բարձր չէ, այնուամենայնիվ, ՀՀ-ում անչափահասների արդարադատության առանձին համակարգի ներդրումը թույլ կտա նվազեցնել անչափահասների կրկնահանցագործության ռիսկը: Հայաստանում ներդրվել են անչափահասների արդարադատության որոշ տարրեր, որոնք ցույց են տվել, որ կարող են գործել արդյունավետորեն»,- իր խոսքում նշեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ Նելլի Դուրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ՝ անչափահասների վերականգնողական համայնքային առաջին կենտրոնն ստեղծվել է 2007-ի հունվարին: Նա, սակայն, ցավով նկատեց, որ այս կենտրոններն այսօր ֆինանսական խնդիր ունեն: Եվ այդ խնդրի լուծման նպատակով, դարձյալ ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ, ինչպես ասաց Նելլի Դուրյանը, Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը եղել է Հայաստանի տարբեր մարզերում և դիմել է տեղի պաշտոնյաներին՝ վերականգնողական համայնքային կենտրոնների ֆինանսավորումն իրենց վրա վերցնելու առաջարկով: «Ի վերջո, մենք գործ ունենք երեխաների հետ, որոնք ոչ միայն իրավախախտ են, այլև խնդիր ունեն: Այս կենտրոններում աշխատում են թե´ մուրացիկ, թափառաշրջիկ, թե´ բռնության ենթարկված, թե´ աուտիզմով հիվանդ երեխաների հետ, այսինքն՝ սրանք բազմաֆունկցիոնալ կենտրոններ են, և համայնքը պետք է ֆինանսավորման խնդիրը վերցնի իր վրա»,- ասաց տիկին Դուրյանը և հավելեց, որ շատ մարզերում իրենց առաջարկը ուրախությամբ և պատրաստակամությամբ են ընդունել:

Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ Հայաստանում այդ երեխաների թիվը շատ մեծ չէ, որովհետև մշտապես կանխարգելիչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Նրա խոսքով՝ երեխաները ոստիկանության ուշադրության կենտրոնում են:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի իրավաբան Աննա Մելիքյանը գտնում է, որ ծրագիրը կնպաստի Հայաստանում անչափահասների արդարադատության համակարգի բարելավմանն ու զարգացմանը: «Ողջ աշխարհում կարևորվում է իրավախախտ անչափահասների նկատմամբ այլընտրանքային միջոցների կիրառումը, այսինքն՝ երբ ոչ թե անմիջապես քրեականացնում ենք արարքը և պատժում քրեական համակարգի ողջ խստությամբ, այլ փորձում ենք հասկանալ հանցագործության դրդապատճատները և վերացնել դրանք՝ վերականգնողական աշխատանքներ տանելով անչափահասների հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավաբանը:

Նա կարևորեց վերականգնողական կենտրոնների գոյությունը, քանի որ այստեղ մասնագետները կարողանում են պարզել և հասկանալ այն խնդիրները, պատճառները, որոնք նպաստել են այդ հանցագործության կատարմանը: «Իսկ ահա արդեն քրեակատարողական համակարգում գտնվող անչափահասների առանձնահատկությունները հաշվի չեն առնվում, այսինքն՝  ընդհանուր առմամբ գործում է նույն  համակարգը, ինչ մեծահասակների համար: Բոլորիս հայտնի է, թե ինչքան ճնշող կարող է լինել դատարանում գտնվելը, և ոչ բոլոր անչափահասներն են գիտակցում իրենց արարքի վտանգավորությունը, ծանրությունը, անգամ դատարանում գտնվելով՝ մինչև վերջ չեն գիտակցում, և դրա պատճառներից մեկն էլ պաշտոնական լեզուն է, որը նրանց համար մատչելի չէ, չեն հասկանում՝ ինչ է իրենցից պահանջվում, ինչ է իրենց սպասվում և այլն»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

 

Սիրանուշ Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031