Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական մեծամասնության «էքսպրոմտ օպերացիան» եւ հաշվիչ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամը

Դեկտեմբեր 24,2013 10:00

«Եթե գեղարվեստական ձևակերպումներից զերծ մնանք ու ներկայացնենք, թե ինչ տեղի ունեցավ, ապա մեր իրականության մեջ տեղի ունեցավ ապօրինություն, տեղի ունեցավ ինչ-որ քվեարկություն, որի հաշվարկն իրականացրեց ինչ-որ մարմին` իրավասություն չունեցող և կայացվեց ինչ-որ որոշում, որին կարծես թե օրենքի ուժ ու տեսք են տալիս»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ խորհրդարանում «գազային համաձայնագրերի» քվեարկության ժամանակ ծավալված իրադարձություններին, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Վերջինս, ի դեպ, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ է:

«Չունենալով հնարավորություն ու նաև ցանկություն մասնակցելու քաղաքական մեծամասնության կողմից իրականացված հատուկ օպերացիային, ընդ որում իրականացված էքսպրոմտ, չմասնակցեցի նաև հաշվիչ հանձնաժողովի գործունեությանը, ինչի կապակցությամբ էլ հայտնում եմ զարմանքս՝ ինչպե՞ս կարելի է որոշումը համարել ընդունված»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Aravot.am-ի դիտարկմանը, որ Հաշվի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի կարծիքով՝  հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում է գործել, Տիգրան Ուրիխանյանն ասաց.«Հանձնաժողովը իրավասու չի եղել որոշում կայացնելու, որովհետև հենց հանձնաժողով չի եղել, չէ որ հանձնաժողովը կոլեգիալ մարմին է և դրա աշխատանքները կարող են իրականացվել միայն քվորումի ապահովման դեպքում»: Հիշեցնենք, որ հանձնաժողովի աշխատանքներին երեկ մասնակցել է ընդամենը երեք անդամ` երկուսը ՀՀԿ-ից, մեկը` ՕԵԿ-ից:

Խորհրդարանական վերջին իրադարձություններն, ընդհանրապես, պատգամավորի մոտ ասոցացվել են հայտնի պատմությամբ, երբ իմպրեսիոնիստներից մեկը խնդիր ունենալով արագ ճանաչում ձեռք բերելու՝ ընկերների հետ հայտարարում են իր մահվան գույժը: Նրա կտավներն արագ սկսում են վաճառվել, ընդ որում, բարձր գներով: «Առաջինը սա հիշեցի այսօր տեղի ունեցածի հետ կապված, երբ ճիգեր են գործադրում իրականություն դարձնելու շատ ցանկալին»,- ասաց պատգամավորը`շարունակելով. «Զոռով, ի հեճուկս հանրության ու մնացած քաղաքական ուժերի, ի հակառակումն տրամաբանության ու այն բոլոր պահանջների, որ գոյություն ունեն քաղաքական մեծամասնությունը որոշեց կամայականորեն, առանց ոչ մի բանի հետ հաշվի նստելու իր գործն անել»:

Նշելով, որ ամեն չարամտություն ունի ինչ-որ աստիճան, որն անցնել չի կարելի և հիշատակելով նույն իմպրեսիոնիստներին, որոնք, օրինակ, ճիշտ պահը գտան, հասկացան ու որոշեցին «վերակենդանացնել» իրենց իբրև թե մահացած գործընկերոջը, Տիգրան Ուրիխանյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունը բաց թողեց իր որոշումը շտկելու լավագույն հնարավորություն. «Ժամանակն է, որ քաղաքական մեծամասնությունը սթափվեր, դանակը ոսկորին է հասնում արդեն, չէր կարելի….»:

Aravot.am-ի հարցին էլ`Դուք ռուսական կողմնորոշում ունեցող պատգամավոր եք, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս, Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական , նաև իր անձնական տեսակետն է` բազմակողմանիորեն զարգացնել հարաբերությունները ՌԴ հետ բոլոր ուղղություններով` և’ քաղաքական, և’ տնտեսական: «Բայց պատմականորեն ապահովված հանգամանքների ներկայիս իրողության մեջ եղած փոխադարձ շահերի ու հետաքրքրությունների հետ մեկտեղ Հայաստանի ապագա շահերն ու հետաքրքրություններն են, որոնց մեջ ես կողմնակից եմ, մեր շահի համատեքստում դիտարկելու գործընկեր պետության շահերը, այլ ոչ հակառակը: Իսկ ՀՀ կառավարություն- «Գազպրոմ» հարաբերությունները ինձ համար միևնույնը չեն, ինչ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն են»:

Հարցին`գուցե խորհրդարանական ընդդիմությունը ինչ-որ նոր գործելաո՞ճ որդեգրի, քանի որ առաջին դեպքը չէ, երբ անկախ ընդդիմադիրների պայքարից, քաղաքական մեծամասնությունը ցանկացած օրինագիծն անցկացնում է ԱԺ-ում, Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «Այո, կլինի նոր բան, այո, վաղ թե ուշ ընտրողը կտա գնահատական քաղաքական մեծամասնությանը, այո, կլինի նոր քաղաքական կուրսի իրականացում` ՀՀ-ն նոր ուղղությամբ, ՀՀ քաղաքացիների կյանքը նոր որակով ապահովելու ուղղությամբ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այն ժամանակ դուք կնստեք իշխանական աթոռներին և նույն կերպ կկքվեարկեք ,ինչպես այսօրվա իշխանության ներկայացուցիչները և այն ժամանակ էլ ձեզ կմեղադրեն ազգային շահին դավաճանելու մեջ…և այսպես շարունակ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031