Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կսկսվի «Բանդայի գործով» դատական նիստը: Հոկտեմբերի 11-ից դատական նիստեր տեղի չեն ունեցել:Նախորդ դատավորը` Մխիթար Պապոյանը դատական նիստը նշանակել հոկտեմբերի 27-ին, սակայն դատական նիստը տեղի չունեցավ, իսկ մեկ ամիս հետո նա տեղափոխվեց Կոտայքի մարզ` նշանակվելով ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի մայիսի սկզբին ավազակային հարձակումներ կատարելու նպատակով հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի հետ միասին ստեղծել և ղեկավարել է, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրով, «Մակարով» տեսակի «ՍԿ 3540 Պ» համարի ատրճանակով, առանց գործարանային համարի ատրճանակով, մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակով , ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով զինված, կայուն կազմակերպված խումբ` բանդա, ապա հավաքագրել են բանդայի անդամներ Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, հանգուցյալ Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին, Քյարամ Ամոյանին և քննությամբ չպարզված այլ անձանց, որից հետո կազմակերպել և ղեկավարել է 2011 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում բանդայի կողմից պաշտոնատար անձանց` Ատոմ Ղազազյանի, «Լինսի» հիմնադրամի ԾԻԳ պատասխանատու Էդուարդ Բեզոյանի, նախկին համայնքապետ Աղվան Գրիգորյանի, ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների վրա կատարված ավազակային հարձակումները: Ըստ մինչ այդ դատարանում ցուցմունք տված տուժողների, բանդայի անդամները նաև «առանց հափշտակելու նպատակի» ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի և Աղվան Գրիգորյանի ավտոմեքենաներին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ