Լրահոս
Օրվա լրահոսը

Անեծքահայհոյախառն փողոցային դատավարություն`Գյումրու կենտրոնում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 23,2013 20:29

Այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը` 3 դատավորներով,  մայրաքաղաքից ժամանել էր Գյումրու ամենակենտրոնական փողոցներից մեկի` Խրիմյան Հայրիկ  59 հասցեի շենքի բակ` դատավարությունն այստեղ անցկացնելու համար:

PrevPhoto
NextPhoto

Շենքի  բնակիչների ներկայացմամբ, իրենք ուղիղ 13 տարի   դատարաններում են, քանի որ  հարակից «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը փորձում է խլել իրենց բնակարանները, որտեղ 30 տարուց ավել ապրում են  իրենք` փոստատան նախկին աշխատակիցները: Բանն այն է, որ ռեկտորը, քավորասանիակական կապերի մեջ լինելով այն ժամանակվա Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանի հետ, 2002 թվականին անհատույց նվիրատվությամբ ձեռք է բերել նախկին փոստատան շենքը` այդ թվում և այն 350 քառ.մետրը, որտեղ 1978 թվականից սկսած  փաստացի բնակվում են 7 ընտանիքներ`32 անձով: Այսինքն` ստացվում է , որ նախկին մարզպետը իր սանիկին լավություն է արել`բնակիչներին անօթևան թողնելու հաշվին:  Այս պահին բնակիչներին  սպառնում է փողոցներում հայտնվելու վտանգը:

Նրանք  այսօր ամենավերջին անեծքն էին հնչեցնում համալսարանի   ռեկտորի ու դատարանների հասցեին` Գյումրին  ևս 7 անօթևան ընտանիքներով համալրելու պատրաստակամության համար: «Դատարան էլ մեռնի, անունն էլ հետը, հերիք ու բոլ եղավ , էս դատավորից էն դատավորի մոտ են ուղարկում, նրա մոտից սրա մոտ, մեզ  առաջարկում են գնալ ու փողոցներում ապրել, ոչ մի փոխհատուցման  մասին խոսք չկա, էդ հրեշը, գայլը, թուրքը էդպես է ուզում, որ մենք փողոցներում ապրենք, բայց ուր գնանք»,- զայրացած բացականչում էր տարեց բնակչուհիներից մեկը` Թամարա Գալոյանը:

Մեկ այլ բնակչուհի էլ` Հունանյան Իրինան, ասաց, որ ինչքան բարձրանում են դատական ատյաններով, այնքան ապշահար են լինում հայկական արդարադատության սնանկությամբ: «Առաջարկում են գնացեք, փողոցներում ապրեք,մի բան գիտեմ, որ այս երկրում  ոչ թե օրենքը ուժ ունի, այլ ուժը օրենք»,-ասաց տիկինը:

Բնակիչների շահերը ներկայացնող Սուսաննա Մխիթարյանի ասելով էլ, խաբեություն է, թե կառավարության որոշմամբ  «Պրոգրես» համալսարանի ռեկտորին հատկացվել է այն 350 քառ մետր տարածքը, որտեղ փաստացի բնակվում են մարդիկ: Ըստ փաստաբանի, դա ամենևին չի վերաբերում բնակեցված տարածքին, այլ վերաբերում է հենց «Պրոգրես» համալսարանի  փաստացի զբաղեցրած տարածքին, այսինքն` փոստատան նախկին շենքին: Թե փաստաբանը, թե բնակիչները պնդում են, որ նախկին մարզպետ Ֆելիքս Փիրումյանը  քննչական բաժնում ներողություն է խնդրել ժողովրդից` ասելով, որ թյուրիմացություն է  եղել և հույս է հայտնել,  որ այդ  350 քառ. մետր տարածքը դատական կարգով կնվիրաբերվի  ժողովրդին:

Դատարանն այսօր տեղատեսություն արեց` զննելով  7 ընտանիքների   տները,այդ թվում և  «Պրոգրես» համալսարանը: Դատարանի` համալսարանը տեղազննելու ընթացքում բնակիչները  անեծքներին էին հնչեցնում համալսարանի ռեկտորի հասցեին, որին ի պատասխան  մի երիտասարդ  վիճաբանության մեջ մտավ կանանց հետ, հայհոյեց  նրանց: Բնակիչները նրա հետևից գոռում էին`«դու բարի եղի, բանակում ծառայի, նոր խոսի»: Այնուհետ մեզ պարզաբանեցին, որ իրենք վիճում էին համալսարանի ռեկտորի որդու հետ:

Հետաքրքիրն այն է, որ շենքի բակում ու տներում անցկացվող դատավարության ժամանակ արգելվեցին տեսանկարահանումները: Լրագրողների այն հարցին, թե ո՞ր իրավունքով, դատավորը հարցրե՞լ  է կողմերի կարծիքները, դատավորը անընդհատ կրկնում էր, որ սա քաղաքացիական դատավարություն չէ, Վարչական դատավարության մասին օրենսդրությունը   արգելում է տեսանկարահանումները:

Բնակիչները առանձնապես հույսեր չէին փայփայում այսօրվա  փողոցային դատավարությունից: Նրանք  աշխատանքի չէին գնացել , որպեսզի այդ սառնամանիքին  մասնակից լինեին դատավարությանը:

«Պրոգրես» համալսարանի  ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանն էլ իր պարզաբանումները ներկայացրեց այս հարցի շուրջ: Նա ասաց, որ ինքը բնակիչներին  նույնիսկ սեփական տուն  է առաջարկել, սակայն նրանք համառորեն  չեն համաձայնել, ավելին` եհովայի վկայի կենտրոն են բացել շենքում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031