Վերջին օրերին Կապանի բնակիչներից բազմաթիվ դժգոհություններ ենք ստանում այն մասին, որ ձյան տեղումներից հետո Կապանի փողոցներով ու մայթերով տեղաշարժվել գրեթե անհնար է դարձել: Բնակիչներն ահազանգում են, որ ստիպված են լինում ամեն օր քայլել սառցապատ ճանապարհներով, որոնք աղ ու ավազով չեն մշակվում ու անուշադրության են մատնված պատասխանատուների կողմից:
«Մի հատ եկեք մեր ճանապարհները տեսեք, մայթով քայլել վաբշե հնարավոր չի, ձեւի հետ դաժե մի հափուռ աղ կամ ավազ չըն լցնում: Վխելավ ըմ խոխեն ամեն առավոտ տանում դպրոց, աշկես առաջեն քանի մարդա վեր ընգալ սառույցի յերա: Գուդում չըմ հինչն մտածում, մամ ստի պեն կինի՞…», – ասաց օրերս մեծ ահազանգած Կապանի ծայրամասային Բաղաբերդ թաղամասի բնակչուհի տիկին Աստղիկը:
Վերջին օրերին նմանատիպ դժգոհություններ ենք ստանում գրեթե բոլոր թաղամասերից:
Շինարարների թաղամասից էլ մեզ տեղեկացրեցին, որ ձյան տեղումից միայն մեկ օր հետո է տեխնիկան մաքրել ձյան շերտը, կաթվածահար էր եղել տրանսպորտի երթեւեկությունը, մարդիկ ստիպված են եղել երկու օր շարունակ քաղաք հասնել ոտքով կամ տաքսիներով: Վերջիններս դժգոհում են նաեւ թաղամասի մայթերի դժվարանցանելի վիճակից:
Նույն վիճակն է նաեւ քաղաքի կենտրոնական հատվածներում: Շատ ծնողներ դժգոհում են, որ նույնիսկ հավուր պատշաճի չեն մաքրվում դպրոցներ կամ մանկապարտեզներ տանող ճանապարհահատվածները, վարորդներն էլ ճանապարհների մերկասառույցի հարուցած դժվարությունների վերաբերյալ են իրենց բողոքն արտահայտում, որոնց պատճառով նույնիսկ ավտովթարներ են գրանցվել Կապանում:
«Սառած փողոցներ, սառցապատ մայթեր…«խուժե նե բիվայետ», թե տեղ-տեղ հալված ա, դա էլ արեւի շնորհիվ, արեւի հույսին են մնացել, նորմալ չեն մաքրում», «Ճանապարհներն ու մայթերը իրոք սառած են, բայց ճիշտ չի լինի ասել, որ չեն մաքրում, քանի որ ինքս եմ տեսել, ինչպես են կոմունալ ծառայության աշխատողները բահերով մայթերի սառույցները ջարդում»,- հավելեցին կապանցիները:
«Ահավոր է, ճանապարհներն էլ կիսով չափ բաց…Երկու օր ոտքով գնացի, տեսա չի ստացվում՝ ուշանում եմ աշխատանքից, անցա ավտոմեքենայիս…
Ճանապարհներով էլ վտանգավոր է քայլել…», – ասաց կապանցի Գեւորգ Գասպարյանը:
Կապանցիների դժգոհությունները տեղ հասցրեցինք Կապանի կոմունալ ծառայության տնօրեն Մհեր Բաբայանին եւ լսեցինք նաեւ նրա պարզաբանումը: Նրա խոսքով՝ իրենք ձեռքները ծալած չեն նստում, ամեն օր ծառայության աշխատողները վաղ առավոտից գործի են անցնում, աղ ու ավազով մշակում մայթերն ու ճանապարհները, միայն թե աշխատողները չեն հասցնում բոլոր սառցապատ հատվածները մաքրել:
«Աղ ու ավազի կամ տեխնիկայի խնդիր չունենք…մինչեւ էսօր 22 տոննա աղ ենք շաղ տվել, քաղաքապետն ասել է ինչ քանակի հարկավոր է պատվիրեք նորից: Քաջարանի կոմբինատի ու «Դինո գոլդ» ընկերության տեխնիկաներն էլ են աշխատել, տնօրենները կարգադրել են իրենց տեխնիկաները գործի դնեն, երբ հարկ լինի: Բայց էդ տեխնիկաները, որ բերենք՝ սառույցները մաքրենք, հետո պիտի նստենք բոլոր էդ հատվածները նորից ասֆալտ անենք: Ինչքան աշխատող ունենք՝ ներգրավված են այս աշխատանքների մեջ, բայց էլի չեն հասցնում: Կամուրջների, մայթերի սառույցները ինչքան հասցնում են՝ մաքրում են: Մենք աշխատում ենք, ուղղակի եղանակներն են շատ անբարենպաստ, էս աստիճանի ցուրտ դեռ չի եղել, ձյունը հալչում է, նորից սառույցի վերածվում: Մեզանից կախված ամեն ինչ անում ենք…: Շինարարների թաղամասի աստիճանները մաքրել ենք ձյունից ու սառույցից, ոչ մի բնակիչ չի ասի, որ մաքրել ենք, բայց հենց սառած է լինում՝ իսկույն դժգոհում են»,- նշեց Մհեր Բաբայանը:
Սառած ճանապարհների հետեւանքով՝ Կապանի մի շարք բնակիչներ սայթաքել ու կոտրվածքներ են ստացել, այժմ հիվանդանոցում են գտնվում: Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը փոխանցեց, որ վերջին 10 օրերին իրենց բաժանմունք է տեղափոխվել Կապանի երեք բնակիչ: Նրանք մերկասառույցի վրա ընկնելու հետեւանքով նախաբազկային ու սրունքի կոտրվածքներ են ստացել եւ այժմ համապատասխան բուժում են ստանում հիվանդանոցում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ