ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է` ԱԺ պատգամավորների քվեարկության էլեկտրոնային քարտերն ապահով տեղում են:
Այսօր միանալով ԱԺ-ի դիմաց բողոքող քաղաքացիներին, նա ասաց, որ «Այս պահի դրությամբ, այն քվեարկությունը, որ ԱԺ-ում իրականացրել են, անցել է օրենքների խախտումներով: Դա կոչվում է պաշտոնական կեղծիք, որը կայացվել է ԱԺ նախագահի կողմից»:
Տիկին Փոստանջյանը նաեւ հավաքվածներին ասաց, որ ըմբոստության օջախներ են իրենց պետք տարբեր վայրերում. «Մենք շատ ենք, բայց ըմբոստության օջախները շատ չեն»: Նա նաեւ ասաց, որ կազմակերպվածության խնդիր է նկատում. «Մնացած հարցերը տեխնիկական են: Եկեք կազմակերպվենք: Մենք շատ ենք, բայց մեզ պակասում է կազմակերպվածությունը»:
Ցուցարար կանանցից մեկի ինքնազգացողությունն էլ բողոքի ցույցի ժամանակ վատացավ, ոստիկանները նրան ոստիկանական մեքենայով տեղափոխեցին:
Կարդացեք նաև
Ապա ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ հաշվիչ հանձնաժողովը նիստ չի հրավիրել. «Սուքիաս Ավետիսյանը մենակ ինչ-որ ձայներ էր հաշվում, դրա իրավունքը չուներ»: Նա նաեւ ասաց, որ 4 խմբակցության պատգամավորներով դիմելու են ՍԴ, որովհետեւ քվեարկությունը օրինական չի եղել:
Տիկին Զոհրաբյանը արդարության վերականգնման ակնկալիք չունի ՍԴ-ից, բայց ասաց, որ Եվրադատարան դիմելու ընթացակարգն ապահովելու համար ՍԴ դիմելը պարտադիր է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ