ՀՀ փաստաբանների պալատը և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA CEELI, INC.) հետ համատեղ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կազմակերպել են քննարկում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի որոշ հիմնախնդիրները» թեմայով:
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է, որ քրեական օրենսգրքի նոր նախագծի հեղինակները փորձել են հնարավորինս լավ օրենք ներկայացնել, սակայն ոլորտի փորձագետները և փաստաբանները թեմայի առնչությամբ ունեն որոշակի անհանգստություններ: Փաստաբանների պալատի նախագահի հիմնական անհանգստությունը կապված է մասնավորապես մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման ինստիտուտի ներդրման հետ,- ՙընդհանրապես մեր փորձագետները գտնում են, որ այս ինստիտուտի ներդրումը հայեցակարգից որոշակի իմաստով շեղում ունի, քանի որ կա կառավարության կողմից ընդունված հայեցակարգ, որը չի նախատեսել մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման հնարավորությունը և որպես ցուցմունքի դեպոնացում նախատեսել է, որ, եթե անձը հնարավորություն չունի այդ պահին գտնվել Հայաստանի Հանրապետությունում պետք է ցուցմունքը դեպոնացնել՚: Փաստաբանների պալատի նախագահի խոսքով ցուցմունքի դեպոնացումը ապացույցի ապահովման միջոցներից է:
Արա Զոհրաբյանի կարծիքով՝ Հայաստանում նախաքննություն իրականացնող մարմինը,-ՙորպես ՙապացույցների թագուհի՚ օգտագործում է ինքնախոստովանական ցուցմունքը: Մենք՝ փաստաբաներս, ընդդիմանում ենք այդ մոտեցմանը, որովհետև քաղաքացին վախի ազդեցության տակ ոչ միայն կարող է սուտ ցուցմունք տալ, այլ նաև հարազատի մեղադրանքը դիտավորյալ կերպով ծածկել:՚
Քննարկման ընթացքում փորձագետ-փաստաբաններ Մելանյա Առուստամյանը, Ինեսսա Պետրոսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և ոլորտի փորձագետ Արթուր Ղամբարյանը ներկայացրել են փորձագիտական կարծիքներ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ:
Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանը՝ խոսելով օրենքի նախագծի մասին, մասնավորապես նշել է, որ այն չի ապահովում մարդու, նրա իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը, չի սահմանափակում պետական մարմինների՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների, ազատությունների և օրինական շահերի նկատմամբ ոտնձգությունները, և չի ամրագրում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները:
Քննարկման ավարտին մասնակիցները որոշել են հավաքագրել բոլոր առաջարկությունները և Փաստաբանների պալատի խորհրդի նիստին ներկայացնել, որից հետո ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը կհայտնի միասնական դիրքորոշում:
ՀՀ փաստաբանների պալատ