«Ոչ մեկը թող չսովորեցնի` ինչպես պետք է քաղաքական պայքար տանենք: Ժողովրդի պատգամավորները, որ այսօր կռիվ են տվել ԱԺ-ում, կատարել են ժողովրդի կամքը: Հենց դրա համար ենք այնտեղ, որ կատարենք ժողովրդի կամքը: Մենք ընտրված ենք ժողովրդի կողմից: Մեր մանդատներն ամենամաքուր մանդատներն են»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` միանալով այսօր ԱԺ-ի դիմաց հավաքված հարյուրավոր քաղաքացիներին, որոնք բողոքում էին «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը ՌԴ-ին ` Հայաստանի 300 միլիոն դոլար պարտքի դիմաց հանձնելու համաձայնագրից:
Հետո պարոն Զուրաբյանը դիմեց հավաքվածներին ու ասաց` բոլոր նրանք, որոնք ուզում են, որ իրենք` ԱԺ պատգամավորները, շարունակեն պայքարը, թող գոռան «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»:
Այդ ժամանակ հավաքված քաղաքացիները պահանջեցին` «Մանդատները վայր դրեք»:
Ակտիվիստներից մեկն էլ ըմբոստացավ, «Այլ ձեւ պայքար չի լինի, ձեր ձայնն էլ չի անցնում»:
Կարդացեք նաև
Պարոն Զուրաբյանն էլ շարունակեց. «Արել ենք այն, ինչ նպատակահարմար ենք գտնում»:
Ակտիվիստներից շատերը նրա խոսելու ընթացքում հակադարձում էին. «Արդեն ուրիշ բաներ ես խոսում»:
«Ուշադիր լսեք եւ մի’ խանգարեք»,- կոչ էր անում պատգամավորը: Իսկ հավաքվածներն էլի չէին լսում, գոռում էին` «Զավթիչներ, միացում»:
«Խնդրում եմ, մի’ քիչ քաղաքավարություն ունեցեք, թույլ տվեք ասելիքս ասեմ, հետո ինչ ուզում եք արեք»,- նեղացավ պատգամավորը:
Ապա ներկայացրեց` ինչ է կատարվել ԱԺ դահլիճում. «Քվեարկության դրեցին այս խայտառակ համաձայնագիրը, հավանություն տալու հարցը, ու մենք սկսեցինք խոսք խնդրել, բայց ԱԺ նախագահը մերժեց մեզ խոսք տրամադրել: Ինչից հետո 20 րոպե ընդմիջում պահանջեցինք եւ այդ ընթացքում մշակեցինք ընդդիմության միասնական գործողությունները: 20 րոպե անց պարզվեց, որ ՀՀԿ-ականները չեն կարող քվեարկել, որովհետեւ շատերը չունեն էլեկտրոնային քարտ: Այդ անօրինական քարտերը մեր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ժամանակավորապես առգրավել էր»:
Հավաքվածները ծափահարեցին, պարոն Զուրաբյանը շարունակեց. «Սա այն դեպքն է, որ որեւէ անարդարություն չի կատարվել, այդ մարդիկ ընտրակեղծիքներով են անցել ԱԺ եւ չեն կարող այնտեղ ձայն ունենալ»:
«Մենք ձեզ սիրում ենք »,- բղավեցին հավաքվածները: Մյուս մասն էլ էլի պնդեց` «Վայր դրեք մանդատները»:
ՀԱԿ պատգամավորն էլի շարունակեց. «ԱԺ նախագահը որոշեց, որ կանոնակարգի այն կետի համաձայն, ըստ որի, երբ էլեկտրոնային համակարգը չի կարող աշխատել, ապա պատգամավորները պետք է ձեռքով քվեարկեն, հաշվիչ հանձնաժողովը կհաշվի կողմերի կամ դեմերի քանակը, բայց քանի որ հանձնաժողովի 7 անդամից 4-ը ներկայացնում են ընդդիմությունը, այդ 4 անդամները չմասնակցեցին հանձնաժողովի հաշվարկի աշխատանքներին: Այդ ժամանակ ԱԺ նախագահը հայտարարեց քվեարկության կեղծված արդյունքները, որովհետեւ չկա որեւէ մարմին, որ արձանագրի քվեարկության արդյունքները: Հանձնաժողովի երեք անդամները լիազորված չեն նման որոշում կայացնելու: Համաձայնագրի քվեարկությունը կեղծվել է կեղծ մեծամասնության կողմից»:
Ցուցարարները սուլեցին, ու սկսեցին ամոթանք տալ:
«Այս համաձայնագիրը չի անցել: Մենք` ՀՀ քաղաքացիներս, չենք ընդունելու այն` որպես օրինական գործող համաձայնագիր: Այսօր ականատես դարձանք օրենքների կոպտագույն ոտնահարմանը»,- ասաց պարոն Զուրաբյանը: Հետո ասաց, որ
4 խմբակցության պատգամավորներով մշակելու են իրենց հետագա քայլերը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ