Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Դուլյան. «Մամուլը երբեք այսքան ոչ ազդեցիկ ու անուժ չի եղել» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2013 16:00

«Իմ կարծիքով` մամուլը երբեք այսքան ոչ ազդեցիկ ու անուժ չի եղել»,-այսօր հայտարարեց «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Արմեն Դուլյանը: Նա հիշեցրեց. «Առաջներում առաջին նախագահը ջարդում էր տասը ԶԼՄ-ներ, երկրորդը` փակում էր այն ԶԼՄ-ները, որոնք դուր չէին գալիս իրեն: Հիմա պարզապես ոչ մեկն այդ ասածը բանի տեղ չի դնում: Իմ կարծիքով` մենք բոլորովին էլ իշխանություն չենք, քանի որ, եթե գրում ես այն մասին, որ քո գլխավոր դատարանի դատավորը մի քանի բնակարան է գնել և ոչ մեկը դրան չի արձագանքում՝ դու այլևս իշխանություն չես»:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հակադարձեց. «Սա խոսում է այն մասին, որ հեռուստատեսությունում աշխատող լրագրողի և մամուլում աշխատողի ազդեցությունն ու տպավորությունները էականորեն տարբերվում են: Որևէ օր չկա, որ մեր գոնե մեկ հրապարակման արդյունքում մի փոքրիկ բան չփոխվի: Նույն վճռաբեկ դատարանի օրինակը` մի կասկածեք, որ այս տեսակ հրապարակումներն ունենում են իրենց հետևանքը, կարող է դա րոպեական չէ, բայց գոնե մի քանի ամիս հետո տեսնում ենք, որ այսպիսի հրապարակում է եղել և երեք ամիս հետո նրան հանում են աշխատանքից»:

«Անդին» ամսագրի հիմնադիր, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն այս կապակցությամբ ասաց. «Արդյոք մամուլով ու հեռուստաընկերություններով ինչ քննարկվում է, լո՞ւրջ է ուսումնասիրվում, թե՞ պատվեր է կատարվում: Հաճախ մենք էլ արդար չենք, մեր անձնական խնդիրներն ու կողմնորոշումներն ունենք»:

Արմինե Օհանյանը վրդովվեց. «Մամուլի ներկայացուցիչը պիտի նման հայտարարություններ չանի, եթե նման բան եք ասում, ուրեմն այդ պատվերը կատարել եք»:

Արմեն Դուլյանի համար անընդունելի է այն, որ մամուլը անձնական հարցեր է բարձրացնում. «Եթե ուզում ենք, որ քաղաքացիական հասարակությունը կայանա, ապա անձնական հարցերով համապատասխան մարմինները զբաղվեն` ոստիկանությունը, դատախազությունը: Իմ կարծիքով` չորրորդ իշխանությունը պիտի լինի չորրորդ իշխանություն, ոչ թե զբաղվի ինչ-որ մարդկանց անձնական հարցերը լուծելով»:

Արմինե Օհանյանը հակադարձեց. «Այդպես չէ, երբ մամուլը անդրադառնում է կոնկրետ խնդրի, համապատասխան ատյաններում ավելի լուրջ ու պատասխանատվությամբ են վերաբերվում հարցին: Ուստի ավելի լավ է մի մոմ վառես, քան ամբողջ օրը հայհոյես այդ խավարը»:

Արմեն Դուլյանը խոսքն ամփոփեց հուսահատական նոտայով. «Երբ արտասահմանից եկա, բավականին լավատես էի, բայց հիմա զգում եմ, որ ոչ մի բան այստեղ չի փոխվի: Իշխանությունը գրավել են մի խումբ մարդիկ, որոնք բացի իրենց սեփական շահից` ոչնչով չեն հետաքրքրվում: Որևէ լավ բան ապագայում չեմ կարող կանխատեսել` կապված այս իշխանությունների հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031