«Այս տարի Թուրքիայի քաղաքական կյանքը առատ էր մի շարք իրադարձություններով, նախ Թուրքիայում իշխանության հիմքերի խաթարման տարի էր, ապա Ստամբուլի «Գեզի» զբոսայգում տեղի ունեցող իրադարձությունները զգացնել տվեցին այդ: Առաջընթաց չգրանցվեց մի շարք քաղաքական հարցերում, դրանցից մեկը` Թուրքիայի նոր սահմանադրության խնդիրն է, մյուսը քրդական հարցը, ժողովրդավարության տեսանկյունից էլ` տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքները վատ էին»,- այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ վերլուծելով Թուրքիայի ներքաղաքական կյանքը:
Վահրամ Տեր-Մաթեւոսյանը կանխատեսելով Թուրքիայի՝ 2014 թվականին սպասվող ներքաղաքական իրավիճակը, ասաց, որ այնտեղ նախագահական եւ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են սպասվում, որտեղ էլ`ՏԻՄ ընտրություններում, Էրդողանի շանսերը թուլացել են, իսկ եթե նա որոշի առաջադրվել նախագահական ընտրություններում, ապա կլինի թույլ նախագահ, թույլ լիազորություններով:
Վահրամ Տեր-Մաթեւոսյանը խոսելով 2014-ին հայ-թուրքական հարաբերությունների մասին, ասաց, որ այս առումով լավատեսության հիմքեր չկան, իսկ Դավութօղլուի այցն էլ ցույց տվեց, որ Հայաստանը պետք է դիրքորոշում արտահայտի արձանագրությունների ապագայի կապակցությամբ:
«Թուրքիան փաստորեն ցույց տվեց, որ 2014 թվականի համար սխալ հաշվարկներ էր կատարել; Բայց ո՞ւր են այն մարդիկ, ովքեր այն ժամանակ կանգնած էին Նալբանդյանի եւ Դավութօղլուի թիկունքին, իսկ այս պահին փաստորեն միայն ամերիկացիներն են, որ մեր կողքին են: Հայաստանի ղեկավարությունը պետք է խորհրդակցություն սկսի ամերիկյան կողմի հետ եւ նշի, որ Թուրքիան չի պատրաստվում վավերացնել արձանագրությունները ու հավանականությունը, որ Թուրքիայի իշխանությունը կգնա նման քայլի`զրոյական է»,- ասաց Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ հավելելով, որ Հայաստանի լծակները գնալով թուլանում են, ինչի համար էլ հարկավոր է շտապել:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ