Արդեն տեղեկացրել ենք, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր 16 տաքսի ծառայությունների խիստ նկատողություն տվեց` սպառողներին մոլորեցնելու եւ ծառայությունների սակագների վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկություններ տրամադրելու համար:
«Փինկ», «Տաքսի Պրեստիժ», «Տաքսի Մանանդ», «Տաքսի Դե Լյուքս Սիթի», «Այգեձոր», «Մեծն Կայզեր», «Հույսի Քարավան», «Զոլոտոյ Դյուկ», «Հ.Ա.Ս.Գ. Տրանս», «Կապոլլո», «Խասուրո Գրուպ», «Էդ Ընդ Էմի», «Զեթ Ընդ Զեթ», «Գոլդուեյ», «Արեգ-Նարեկ», ԱՁ Վ. Հովհաննիսյան տաքսի ծառայությունները սպառողներին լիարժեք չեն ներկայացրել ծառայության ճշգրիտ արժեքը և, ըստ էության, մոլորեցրել են ուղեւորներին: Այսինքն, այս ընկերությունների 1 կմ –ի համար ուղեվարձը 100 դրամ է, իսկ նվազագույն կիլոմետրի պարտադիր վճարը` 600 դրամ, մինչդեռ տաքսի ծառայություններում այդ 600 դրամը փոփոխվում է 2.1 կիլոմետրից. սա վերաբերում է տաքսի «Փինկին», իսկ «Տաքսի Մանանդ», «Մեծն Կայզեր», «Էդ Ընդ Էմին» եւ «Կապոլլոն» -ի դեպքում նվազագույն 600 դրամը սկսվել է փոփոխվել 4.1 կիլոմետրից:
Բացի այս, խախտում թույլ տված «Զոլոտոյ Դյուկ» տաքսի սերվիսի մեքենաների թե արտաքին եւ թե ներքին հատվածներում սակագների մասին որեւէ տեղեկություն չկա, ինչպես նաեւ տաքսոմետր էլ մեքենայում տեղադրված չէ: Տաքսի ծառայությունների 1 կիլոմետրի սակագինը, ինչպես նշվեց հանձնաժողովի նիստում, իրականում ոչ թե 100, այլ 120-150 դրամ է:
Կարդացեք նաև
Նիստին ներկա «Այգեձոր» տաքսի ծառայության տնօրեն Սուրեն Մկրտչյանն ասաց, որ գնի մասին այցեքարտի վրա գրված է, իսկ ինչ վերաբերում է 100 դրամի փոխարեն 150 դրամ գանձելուն, տնօրենն այդ մեղադրանքի հետ չհամաձայնվեց:
ՏՄՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի այն հարցին, թե ոլորտում էլ ինչ խնդիր կա, պարոն Մկրտչյանն ասաց. «Ես խնդիրը տեսնում եմ ոչ թե տաքսի ծառայությունների մեջ, այլ անհատների, որոնք իրանց ցանկացած գումարը կիլոմետրաժի մեջ կարող են ֆիքսել: 3 անգամ գազը թանկացավ, մենք գումար չբարձրացրեցինք, նայելով էդ դրսի «պրաիզվոլնիյ» տաքսիներին: Պետք է ֆիքսվի կոնկրետ գումար, բոլորս նույն գնով աշխատենք, մարդ կա օգտագործում է 3000 դոլարանոց մեքենա, իրեն ձեռք է տալիս: Մարդ կա`20. 000 դոլարանոց`իրեն ձեռք չի տալիս»:
«Այգեձոր» տաքսի ծառայության ղեկավարը մի բան էլ անհատ տաքսի մեքենաների վարորդներին մեղադրեց, իբր նրանք են սպառողներին թյուրիմացության մեջ գցում. «Ես լիցենզիայի, կապի, հաշվիչների համար վճարում եմ, յուրաքանչյուր նորության համար վճարում եմ, բայց նրանք ոչ մի բանի համար չեն վճարում, իրենց ուզած գներով են քշում ու սպառողն ընկնում է թյուրիմացության մեջ: Սպառողը նախընտրում է սերվիսի մեքենա, բայց երբեմն ստիպված են դրսից նստել ու մեր չարչարանքները փչացնում են»:
Հանձնաժողովի անդամները Սուրեն Մկրտչյանին հորդորեցին տաքսոմետրերի խնդրի մասին էլ բարձրաձայնել, քանի որ այս տնտեսվարողը մինչ նիստը դրա մասին խոսել էր: Այս առնչությամբ էլ պարոն Մկրտչյանն ասաց, որ երբ լիցենզավորման գործընթացում էր, այն ժամանակ «Դվին կոնցեռնի» հաշվիչներն են ձեռք բերել, որոնք մետրաժները չեն հաշվարկում այսինքն` գումարը «կլորացնում են». ենթադրենք ճանապարհը եղել է 5 կիլոմետր 200 մետր, ապա 200 մետրի գումար չի հաշվում, այլ միանգամից 100 դրամ է գրում: Պարոն Մկրտչյանի ներկայացմամբ, երբ ինքը փորձել է ներմուծել այլ երկրի արտադրության հաշվիչներ, որոնք մետրաժներն են ֆիքսում. «Ուզում էի տեղադրել, ինձ ասացին հաստատված չէ դա Հայաստանում, պիտի տեղական արտադրածը դնեմ»:
Ընդ որում` նշված հաշվիչների գների մեջ էլ էական տարբերություն կա: Հարցին՝ թե ինչո՞ւ չի ներմուծել, տնտեսվարողն ասաց` «Դե գիտեի, որ ուրիշ հաշվիչ շուկա մտցնելը մի քիչ զոռա, դրա համար էլ չեմ զբաղվել, չեմ բերել»: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հարց ուղղեց տնտեսվարողին` մուտքի խոչընդոտ կա՞, կամ ուղղորդում, որ անպայման այս հաշվիչը պիտի օգտագործեք, որովհետեւ դա մրցակցության դասական խնդիր է, «Այգեձորի» տնօրենն ասաց. «Դե դա սկզբում կար, ներմուծել թույլատրում են, բայց տեղադրելուց դա հաշվի առնո՞ւմ են, ես դա չգիտեմ: Երբ գան ստուգման կարող է ասեն` սա լիցենզավորված չէ, ինչո՞ւ ես դրել»:
Նշենք, որ հանձնաժողովը սահմանափակվեց խախտումներ թույլ տված ընկերություններին խիստ նկատողություն անելով:
Տնտեսվարողը նաեւ խոստացավ զբաղվել այդ խնդրով, եւ համապատասխան մարմինների հետ պարզել, արդյոք կարող է նշված հաշվիչը ներմուծել եւ տեղադրել իրենց մեքենաներում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ