Ինչպես են աշխատում կաթ վերամշակող ձեռնարկությունները նախատոնական առևտրի և պահանջարկի 50%-ոց աճի պայմաններում: Բավարար են արդյոք արտադրության ծավալները, սպասվում է արդյոք կաթնամթերքի թանկացումներ: Այս և ոլորտի մյուս կարևոր հարցերին ծանոթանալու նպատակով այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց կաթ վերամշակող մի շարք առաջավոր ձեռնարկությունները:
Այցելությունը սկսվեց «Դուստր Մարիաննա«» ՍՊԸ-ից, ժամանակակից սարքավորումներով հագեցած մի ձեռնարկություն, ուր արտադրվում է հանրապետության կաթնամթերքի 8-10%-ը: Այն օրական մթերում է 100-200 տոննա կաթ և արտադրում շուրջ 20 տեսակ կաթնամթերք:
Հաջորդը «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ն էր՝ ոլորտի առաջնեկը, որը սպառողին է տալիս հանրապետության կաթնամթերքի շուրջ 25%-ը: Այն մայիս-հունիս ամիսներին օրական մթերում է շուրջ 1000 տոննա, աշնան-ձմռան ամիսներին՝ 200 տոննա կաթ:
Կաթնամթերք արտադրող ընկերությունների տնօրենները նախարարին հավաստիացրին, որ նախատոնական և տոնական առևտրի ողջ ծավալները կսպասարկվեն բացառապես տեղական որակյալ կաթնամթերքով, թանկացումներ և գնային փոփոխություններ չի սպասվում:
Իր հերթին, նախարարը ներկայացրեց կաթի արտադրության ընթացիկ տարվա ծավալները, որոնք զգալիորեն ավելին են նախորդ տարվանից: Կաթի արտադրությունը շուրջ 40.000 տոննայով կգերազանցի 2012 թվականի ցուցանիշը:
Ավելացել են նաև թթու կաթնամթերքի (մածուն, թթվասեր, թան, յոգուրտ) արտադրության, ինչպես նաև՝ պանրի արտահանման ծավալները: Զգալիորեն նվազել է կաթի փոշու ներկրումը: Որոշակիորեն աճել են նաև կաթի մթերման գները:
Նախարարը կարևորեց նաև սանիտարահիգենիկ պայմանների և որակի ապահովումը, որն ըստ նրա, բավարար է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ