Քիչ առաջ ԱԺ-ի առաջ հավաքված ցուցարարների մոտից վերադարձած պատգամավորները հավաքվել էին ՀՅԴ խմբակցության սենյակում եւ աշխատում էին խորհրդարանական ընդդիմադիրների համատեղ հայտարարության տեքստի վրա, որը վերաբերում է «ՀայՌուսգազարդի» վաճառքի մասին համաձայնագրին:
ՀՅԴ խմբակցության սենյակում էին ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները, ինչպես նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը։ Նա նկատեց, որ բաց քվեարկությունը, որը հայտարարեց ԱԺ նախագահը, համապատասխան գործընթաց է պահանջում: «Որ հանձնաժողովը հաշվի նախ ձայները և որոշում կայացնի արձանագրություն կազմել արդյունքների վերաբերյալ։ Հանձնաժողովն ունի 7 անդամ, երկուսը ՀՀԿ-ից, մեկը՝ ՕԵԿ-ից։ Բոլորը տեսան, որ առնվազն հաշվիչ հանձնաժողովի 4 անդամները չեն մասնակցել, արձանագրություն չի կազմվել և բնականաբար խախտվել է օրենքը, և քվեարկությունը չի կարող օրինական համարվել»,-ասաց Աղվան Վարդանյանը: Միաժամանակ նա չբացառեց, որ հնարավոր է պատգամավորների ստորագրություններով դիմել ՍԴ։
«Հայտարարության տեքստը պատրաստ է, ստորագրվեց խմբակցությունների անունից և բնականաբար ծրագրում ենք հետագա քայլերը, նայում ենք կանոնակարգ օրենքը՝ ՍԴ դիմելու հարցը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Կարդացեք նաև
Իսկ հայտարարության տեքստում, որը ստորագրել են ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, հիշեցնենք, որ մասնավորաբար ասված է.
«2013 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում պետք է տեղի ունենար 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը:
Հարցի քվեարկության պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը չի գործում, եւ քվեարկությունը պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ըստ որի` էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:
ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ յոթ անդամից առնվազը 4-ի կողմ լինելու դեպքում: ԱԺ քվեարկության արդյունքները պետք է հաստատվեն հաշվիչ հանձնաժողովի կողմից՝ որոշումներ ընդունելու համար սահմանված կարգով:
ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված են Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ), Տաճատ Վարդապետյանը (ՀՀԿ), Իշխան Խաչատրյանը (ՕԵԿ) Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Թեւան Պողոսյանը («Ժառանգություն»):
2013 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը, ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, որեւէ որոշում չի կայացրել և քվեարկության արդյունքները չի արձանագրել: Հանձնաժողովի յոթ անդամներից չորսը՝ Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) և Թեւան Պողոսյանը («Ժառանգություն») չեն մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ հոդվածով նախատեսված որեւէ գործընթացի:
Այսպիսով` 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման մասին որոշում չի ընդունվել:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ