Անցած շաբաթվա վերջին`ՀԱԿ հանրապետական խորհրդի նիստում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի ուշագրավ դիտարկումներ էր ներկայացրել`Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցության եւ այն մասին, թե ինչո՞ւ մեր երկրում իրադարձությունները չզարգացան ուկրաինական սցենարով:
Այսօր խորհրդարանում, մի քանի լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին` կիսում ե՞ք առաջին նախագահի դիտարկումներն այն մասին, որ պատմականորեն հնարավոր չէր Հայաստանում «ուկրաինական սցենարի» զարգացումը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Բնականաբար, առաջին նախագահի կարծիքները, անկախ նրանից`նա վաթսուն հազար դիտում ունի, դրանից ինքն ուրախանում է, թե`չէ, հարյուր հազար, թե վեց հազար, մշտապես, յուրաքանչյուր երկրում, ուշադրության արժանի են: Այնտեղ կան սկզբունքներ, ելույթի կետեր, որոնց հետ համամիտ եմ»: Խոսքը, մասնավորաբար, այն դիտարկումների մասին է, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ պատմականորեն չկան եւ հակառուսական հիստերիան ընդունելի չէ:
Բայց, Տեր-Պետրոսյանի ելույթում կան նաեւ դիտարկումներ, որոնք թե քաղաքական, թե պատմական առումով ԱԺ փոխխոսնակի համար, մեղմ ասած, անընդունելի են: Խոսքը Տեր-Պետրոսյանի դիտարկումների այն հատվածին է վերաբերվում, որտեղ, մասնավորաբար, ասած . «Եվ վերջապես, Հայաստանում մայդանի չկայացման երրորդ պատճառը հայ ժողովրդի խորը հիասթափությունն է Արեւմուտքից ու նրա կիրառած երկակի ստանդարտներից։ Երբ 2008 թվականին Հայաստանում մայդանից ավելի հզոր բողոքի ալիք գոյություն ուներ, Արեւմուտքը, բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներով, ոչ միայն չնկատելու տվեց համաժողովրդական այդ ընդվզումը, այլեւ անվերապահորեն թիկունք կանգնելով տասը զոհերի եւ հարյուրավոր քաղբանտարկյալների գնով իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանին ու նրա ավազակախմբին, աչք փակեց ինչպես այդ, այնպես էլ նրանց բազմաթիվ այլ հանցագործությունների վրա։ Ավելին, վեց տարի շարունակ չզլացավ նաեւ գովեստներ շռայլել Սերժ Սարգսյանի հասցեին՝ նրան կոչելով հայ ժողովրդին արժանի առաջնորդ ու հրաշալի նախագահ, դրանով ամրապնդելով նրա հանցավոր իշխանությունը եւ ճանապարհ հարթելով բոլոր հաջորդ ընտրությունների կեղծման եւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետագա ոտնահարման համար»։
«Կարծես թե Տեր-Պետրոսյանն իր ֆիասկոն քողարկելու, իր սեփական դեմքը փրկելու համար, դիմում է 2008 թվականի նախընտրական բառապաշարի, որը պատիվ չի բերում որեւէ քաղաքական գործչի: Եվ եթե նա, իր ձեւակերպումներով ասեմ, խոսում է խղճուկ, ողորմելի բառապաշարով, դա քաղաքական լեքսիկոն չէ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ մի քանի դիտարկում ուղղելով Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Խղճուկ եւ ողորմելի կարգավիճակում հայտնվում են նրանք, ովքեր, որ շատ են ցանկանում մասնակցել նախագահական ընտրություններին, բայց գիտակցելով, որ յոթից-տասը տոկոսից ավելի չեն հավաքելու, վախենում եւ չեն մասնակցում: Խղճուկ եւ ողորմելի վիճակում կարող են հայտնվել նրանք, ովքեր նույնիսկ քաջություն չեն ունենում պաշտպանել սեփական խմբակցության ներկայացուցչին: Խոսքը Հրանտ Բագրատյանի մասին է: Խղճուկ եւ ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր որ ընտրություններին լոկ դիտորդի կարգավիճակ են ստանձնում, այլ ոչ թե քաջություն են ունենում մասնակցել եւ իրականացնել քաղաքական պրոցեսներ: Խղճուկ եւ ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր ի վերջո, ուրախանում են «յութուբում» վաթսուն հազար դիտումից: Կարգին Հայկոյի դիտումները, կարծում եմ, շատ ավելի շատ են: Կարծում եմ, առաջին նախագահն իր բառապաշարը պետք է փոխի»:
Կարդացեք նաև
Էդուարդ Շարմազանովը նաեւ գտնում է, թե չի կարելի, որ ՀԱԿ առաջնորդը, կնքահայրը եւ «իմ երկրի առաջին նախագահը», որը մասնագիտությամբ պատմաբան է՝ կեղծի պատմական փաստերը: Շարմազանովը` հակադարձելով Լեւոն Տեր-Պետրոսյանի պատմական կտրվածքով դիտարկումներին`1920-ականների իրադարձություններին, ասաց. «Կարծում եմ, առաջին նախագահը եւ պատմաբանը պետք է շատ լավ տարբերակի հակառուսականությունն ու հակաբոլշեւիզմը: Դրանք տարբեր բաներ են: Եթե տեղյակ չի ասեմ`առաջին հանրապետությունը կործանվել է թուրք-բոլշեւիկյան դաշինքի հետեւանքով»: Պարոն Շարմազանովը մանրամասնորեն հիշեցրեց այդ թվականի իրադարձությունների մասին`հավելելով, որ այդ նույն բոլշեւիկյան պրոպագանդայի արդյունքում է, որ քարոզ էր կատարվում այն մասին, որ թուրքն այլեւս նախկին թուրքը չէ ու նրա հետ կռվել պետք չէ, թուրքն այլեւս մեր բարեկամն է, ինչի արդյունքում էլ հանձնվեց Կարսի ամրոցը:
Aravot.am-ի հաջորդ դիտարկմանը`Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում իշխանահաճո դիրքորոշումներ է արտահայտում, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ո՞րն է իշխանահաճո: Ողորմելին եւ խղճուկն իշխանահաճո՞ է: Միգուցե այլ երկրների իշխանություններին հաճելի՞ է, չգիտեմ, ինքն ի՞նչ խնդիր ունի լուծելու: Մենք քննադատությունն ընդունում ենք. Բայց երբ մարդը սեփական դեմքը փրկելու համար, սեփական քաղաքական ուժը փրկելու համար դիմում է նման բառապաշարի… միգուցե նրանից է, որ վերջին մոհիկանը`ՀԱԿ-ի շարժիչ ուժը հանդիսացող Նիկոլ Փաշինյանն էլ լքեց եւ դա նրանց նյարդայնացնում է, ես չեմ կարող ասել»:
Yerkir.am-ի հարցին էլ`ընդունո՞ւմ է, որ գալու է իշխանությունների պատասխան տալու պահը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ բոլոր երկրներում էլ իշխանությունները մշտապես պետք է ունենան պատասխանատվության զգացում եւ ՀՀԿ-ի իշխանությունը երբեք չի խուսափել պատասխանատվությունից, ի տարբերություն «տարբեր քաղաքական եւ պետական գործիչների»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ