Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գաղութում խանութ կա, որտեղ գները դրսի գներից երկու անգամ ավելի թանկ են: Այնտեղ նաեւ էրոտիկ ամսագրեր կարող ես գնել

Դեկտեմբեր 23,2013 14:44

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

Ուսումնասիրությունն իրականացվել էր Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի եւ Բաց հասարակության հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ երբ տարիներ առաջ զրուցել է մի դատպարտյալի հետ, որն ազատվել էր բանտից, եւ նա թերթել է իրենց դիտորդական խմբի ուսումնասիրությունները, նա ասել էր, թե դիտորդն այցելելով քրեակատարողական հիմնարկ, ոչինչ չի տեսնի, չի իմանա, բանտարկյալը չի խոսի:

Ըստ իրավապաշտպանի, դա իր համար առաջին ահազանգն էր:

Ավետիք Իշխանյանն անդրադարձավ քրեակատարողական հիմնարկների ներքին կյանքին՝ այն, ինչը չի բարձրաձայնվում. «Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձինք, որպես կանոն, խուսափում են պատմել այնտեղ տիրող իրավիճակի մասին, զգուշանալով նախ ճնշումներից՝ ինչպես վարչակազմի, այնպես էլ ազատազրկվածների կողմից»,-ասաց իրավապաշտպանը:

Ա.Իշխանյանը տեղեկացրեց, որ այս հարցմանը մասնակցել է 33 դատապարտված անձ, ում ազատազրկման ժամանակաշրջանն ընդգրկել է 2000-ից մինչեւ 2013թթ. ընկած ժամանակահատվածը:

Ըստ Ա. Իշխանյանի, 1991-ից Հայաստանի անկախացումից մինչեւ 2001թ. բանտային համակարգը փակ կառույց էր, ինչպես խորհրդային տարիներին, հանրությունը տեղեկանում էր կցկտուր պատմություններից, երբեմն շղարշված էր «ռոմանտիկ» պատկերացումներով: Իրավիճակը փոխվեց, երբ Եվրոպայի խորհրդի պահանջով բանտային համակարգը փոխանցվեց արդարադատության նախարարության ենթակայության ներքո: Դրանով հանդերձ, սակայն, ըստ բազմամյա դիտորդական փորձ ունեցող իրավապաշտպանի, մեր քրեակատարողական հիմնարկներում վատացել է վիճակը, միջանձնային հարաբերությունները, ՔԿՀ պայմանները, վարչակազմը, որը նախկինի նման կարիք ունի սերնդափոխության:

Իրավաբան Ռոբերտ Ռեւազյանի տեղեկացմամբ, ազատազրկվածները դժգոհել են բանտային պայմաններից, խցերի ծանրաբեռնվածությունից, օդափոխությունից, սննդից, լոգանքից:

«Ում էին տրվում արտոնություններ՝ լրացուցիչ լոգանք, հագուստ, մեկ այլ բանտախուց» հարցին, 33 հարցվածներից 22-ը պատասխանել է, որ արտոնություններ տրվում են քրեական հեղինակություններին, գումար ունեցողներին:

«Գումարով կարելի է ձեռք բերել ամեն ինչ, արտոնություն տրվում էր «պեռվի կռուգի» տղաներին»:

Արտոնություններ տրվում էր նաեւ դրսի գողական աշխարհում կապեր ունեցողներին: Ինչ վերաբերում էր այն հարցին, թե ովքեր են ապահովել բանտախցի մաքրությունը, հարցվածները պատասխանել էին՝ «ճտերը», թույլերը, խոցելիները, իսկ իրավաբան Ռոբերտ Ռեւազյանի բնորոշմամբ, նույնասեռականները, որոնք պատժվել են այդ կարգի հանցագործությունների համար, որոնց չի հանդուրժում բանտաշխարհը:

«Ճտերը» լվանում էին «խառոշիների» հագուստը:

Ի դեպ, արդարադատության նախարարության ՔԿՀ-ների գնացուցակն էլ պակաս հետաքրքիր չէր, ինչպես ՄԻՊ-ի զեկույցի դատական համակարգի սակագները: Ափսոս, գնացուցակին անհաղորդ մնաց արդարադատության նախարարն ու իր ՔԿՀ հիմնարկները, որոնք հարկ չէին համարել ներկա գտնվել: Հավանաբար, այս աղերսն էր, որ Ավետիք Իշխանյանը ՄԻՊ-ի զեկույցը ողջունելի համարեց:

«Գաղութում խանութ կա, որտեղ գները դրսի գներից երկու անգամ ավելի թանկ են: Այնտեղ ծխախոտ են վաճառում, ատամի խոզանակ, հիգիենայի պարագաներ: Նաեւ էրոտիկ ամսագրեր կարող ես գնել, դրանք տարբեր գներ կարող են ունենալ, 5-10 000 դրամ, գինը կախված է բովանդակությունից, թե ինչ տեսակի նկարներ կան ամսագրում»- ասել էր հարցվածներից մեկը:

Ինչ վերաբերում էր զբոսանք տրամադրելուն, ազատազրկվածներից մեկն ասել էր. «Զբոսանք չէի ասի, ուղղակի գնում ես բանտի կտուր նայելու: Նույն բետոնե պատերն են, ուղղակի վերեւից մաքուր օդ ա գալիս»:

Դատական դեպարտամենտից ներկա գտնվողներից մեկն էլ հարցրեց, թե պատասխանատվության հարց լինելո՞ւ է, Ավետիք Իշխանյանն ասաց, որ իրենք անանուն են հարցումներն անցկացրել, իրենք ցույց են տալիս, թե իրականում ինչ ունենք մենք, իսկ Ռոբերտ Ռեւազյանն էլ տեղեկացրեց, որ փոխելու են իրենց մարտավարությունը, եւ առաջիկայում դատական գործընթացներ կլինեն կապված ազատազրկվածների կյանքի, առողջության, վարչակազմի դեմ եղած բողոքները դատական կարգով վիճարկելու հետ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031