«Տնտեսական գնաճը տեսանելի է, ունենք խայտառակ վիճակ: Մենք դեռ չենք հաղթահարել աղքատության շեմի նախաճգնաժամային վիճակը: Հետևանքն է շարունակական և աճող արտագաղթը: Այս տարի մենք կունենանք ծնունդների նվազում և մահացողների թվի աճ»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նա նշեց, որ մեր իշխանությունը նման է մի մեղվի փեթակի, որը ոչ թե պահում է, այլ քաշքշում է այս և այն կողմ: Պարոն Ասատրյանը տարին տնտեսական առումով «գորշ» համարեց:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասաց, որ 2013-ը ձեռքբերումների տարի էր ու մանրամասնեց. «Այն առումով է դրական, որ այս տարի վերջն էր, սրանից այն կողմ պատկերացնել հնարավոր չէ»:
Բագրատ Ասատրյանն ասաց, որ եթե ասուլիսը չլիներ, ինքը ԱԺ-ի մոտ պայքարող մարդկանց կողքին կլիներ, որոնք պայքարում են ոչ միայն գազի գնի, այլև անարդարության դեմ:
Կարդացեք նաև
Վարդան Բոստանջյանն ասաց. «Ես վախկոտ մարդ եմ, չեմ գնա: Ես հասկանում եմ, որ եթե հովիվը տեսնում է, որ բոլորը ոչխարներ են, մի հատ կարգին կենդանի չկա, հնարավոր է այդ հոտի մեջ չարությունը կբռնի ու տանի անդունդը: Սա է իրականությունը, ես չեմ ուզում մեծ կուրծք թափահարել»:
Լրագրողների հարցին՝ ո՞ւմ է ոչխար համարում, պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Մեզ բոլորիս եմ ես ոչխար համարում: Որ կողմից էլ մեզ մոտենում են, մենք ձայն չենք հանում»:
Պարոն Ասատրյանը նշեց, որ գազի գնի հարցը խայտառակություն է ու ասաց. «Երևի թե Ռուսաստանի ներկայացուցիչների հետ ախպերության հետ նստել են ու ուզում են անցկացնել այդ հարցը»:
Ամփոփելով՝ պարոն Ասատրյանը նշեց, թե մեր իշխանությունները մեզ ոչ մի բան չունեն տալու, նրանք ինչքան շուտ հեռանան, մեր օգուտն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ