Ժամը 12:27 վերսկսվեց ԱԺ նիստը, որում նախատեսվում էին քվեարկություններ: Սկսելով վարել՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «ընդդիմության որոշ պատգամավորներ ուզում են ձախողել մեր աշխատանքները, վերցրել են քվեարկության քարտերը», բայց կարդաց Կանոնակարգ-օրենքը, համաձայն որի, «էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում, ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը»: Այնպես որ ԱԺ նախագահը հաշվիչ հանձնաժողովին կոչ արեց հաշվել պատգամավորների ձեռքերը:
Դահլիճում սկսվեց աղմուկ, ընդդիմությունը պնդում էր, որ չի կարելի նման բան անել, ՀՀԿ-ՕԵԿ-ականները իրենցն էին պնդում, ԱԺ նախագահը կոչ արեց իր կուսակիցներին՝ «Հանրապետականներին խնդրում եմ՝ հանգիստ, իրենց (ընդդիմության-խմբ.) բոլորի ցանկությունն է, որ ձախողեն»:
Երբ տեսավ ընդդիմության հետ բանավեճի մեջ մտած ՀՀԿ-ականների՝ բարկացավ.«Հայերեն ասեցի, չե՞ք հասկանում՝ հանգիստ մնացեք, ձեզ համար ռուսերեն ասե՞մ»: Ապա նախատեց ընդդիմադիրներին. «Ամոթ է, ամոթ, Ազգային ժողովի համար ամոթ է, որ նման պատգամավորներ կան, որ իրենց ինտելեկտը չի հերիքում, թե ինչ կերպ կարող են ձախողել, փորձում են խարդախությամբ, նենգությամբ տապալել մեր աշխատանքները»: Այս ասելիս պարոն Աբրահամյանը չէր կարողանում զսպել ծիծաղը:
Դահլիճից առանց բարձրախոսի փորձում էին իշխանական պատգամավորներին սթափության կոչ անել Նիկոլ Փաշինյանը, ում ԱԺ նախագահը նույնպես դիմեց «պարոն Փաշինյան, ձեզ չի սազում», Արամ Մանուկյանը, որը պնդում էր, թե չի կարելի քվեարկել մի բանին կողմ, որից տեղյակ չեն, քանի որ 22 գաղտնի համաձայնագիր կա Հայռուսգազարդի հետ, եւ մյուսները:
Կարդացեք նաև
Այդ նույն ընթացքում հաշվիչ հանձնաժողովը փորձում էր հաշվել ՀՀԿ-ականների բարձրացրած եւ չիջեցրած ձեռքերը: Ընթացքում որոշեցին հայտարարել 77 թիվը՝ որպես «կողմ» քվեարկածներ, եւ պահեցին այդ թիվը՝ բոլոր հաջորդող քվեարկությունների համար, այլեւս չէին էլ հաշվում:
Մինչ հաշվիչ հանձնաժողովը «հաշվում էր» ձեռքերը, Զարուհի Փոստանջյանը գոռում էր՝ «քվորում չկա, ապօրինություն է, կեղծիք է», ինչին ի պատասխան Մանվել Բադեյանը գոռաց. «Ինչի՞ մեր քարտերը գողանալը ապօրինություն ու կեղծիք չի, քվեարկելը ապօրինությո՞ւն է», եւ արժանացավ Հովիկ Աբրահամյանի նկատողությանը՝ «ասացի՝ հանգիստ»:
Այդ նույն ընթացքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նստած տեղից իր կուսակիցներին էր հերթով «շախ տալիս»՝ «ձեռքդ, ձեռքդ… բարձրացրու ձեռքդ»:
Հովիկ Աբրահամյանը երկրորդ անգամ հայտարարեց, որ 77 կողմ ձայն է եղել, եւ փորձում էին հաշվել «դեմ» եւ «ձեռնպահ» ձայները, ընդդիմությունը վեր կացավ եւ սկսեց լքել դահլիճը:
Վերեւից էլ, լրագրողների համար հատկացված սրահից, լրագրողներն էին ապակիներին խփում եւ պաստառները բարձրացնում «մի՛ քվեարկեք»: Հովիկ Աբրահամյանը նախ նկատեց՝ «ապակիները կկոտրեք հեսա», ապա անվտանգությանը կոչ արեց «կազմակերպել կարգուկանոն լրագրողների մոտ»: Իսկ երբ ընդդիմության վերջին անդամներն էին դուրս գալիս դահլիճից, գոհունակություն հայտնեց՝ «որ դուք դահլիճը լքեք, մենք հանգիստ կքվեարկենք»: Զարուհի Փոստանջյանը, գոռալով «քվեարկություն չի եղել, որոշում չի ընդունվել», դուրս եկավ դահլիճից:
Մնացած բոլոր քննարկված հարցերը «77 կողմ, դեմ, ձեռնպահ չունենք» ասելով՝ մի քանի վայրկյանների ընթացքում «դակեցին»:
Մնացել էր միայն մի հարց, որի քննարկումը նախորդ նիստին ավարտվել էր հարցեր տալու պահին, պատգամավորները բոլորը հանեցին իրենց հարցերը, իսկ ԱԺ նախագահը հայտարարեց, որ երեք ժամ ընդմիջումից հետո այդ հարցը «վայրկյանների կամ րոպեների ընթացքում» երկրորդ ընթերցմամբ կքննարկեն ու արագ կքվեարկեն:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ