«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկության ժամանակ խորհրդարանում զավեշտալի իրավիճակ գրանցվեց: Այն բանից հետո, երբ Զարուհի Փոստանջյանը հավաքել էր իշխանական պատգամավորների գրանցման քարտերը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ բաց քվեարկություն կազմակերպել:
Ի դեպ, Զարուհի Փոստանջյանը սխալմամբ նաեւ վերցրել էր իր խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանի քարտը, վերջինս ոչ մի կերպ այն չէր կարողանում գտնել: Միջամտեց ԱԺ նախագահը`հորդորելով Փոստանջյանին գոնե յուրայիններին խնայել:
Երբ ԱԺ նախագահը հայտարարեց, որ համաձայնագրին 77 պատգամավոր կողմ է քվեարկել, խորհրդարանական ընդդիմադիրները լքեցին խորհրդարանի դահլիճը:
Այժմ ԱԺ ոչ իշխանական ուժերը հայտարարության տեքստ են պատրաստում, որը քիչ անց կներկայացնեն:
Կարդացեք նաև
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց`կարող ենք արձանագրել, որ խորհրդարանը «գազային» համաձայնագիրը չի վավերացրել, քանի որ ձայները հաշվող հաշվիչ հանձնաժողովը խախտումներով է գործել: «Սահմանված կարգով քվեարկություն տեղի չի ունեցել, այսինքն` որոշում չի ընդունվել»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա նշեց, որ հաշվիչ հանձնաժողովն, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, պետք է բաղկացած լինի յոթ անձից: Տվյալ դեպում անդամներից 4-ը չեն մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, քաղաքական պատճառներով բոյկոտել են, ինչը նշանակում է, որ քվեարկության արդյունքներ արձանագրված չեն:
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի դիտարկումները եւ խորհրդարանի դահլիճում տիրող իրավիճակը`քիչ ուշ`տեսանյութում.
Aravot.am-ի հարցին ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն ասաց. «Ընդդիմությունը թող ԱԺ կանոնակարգ-օրենք կարդա»:
Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ պատասխանելով հարցին, որ ժողովուրդը կարծում է, որ ինքը դավաճանում է հասարակությանն ու նրա շահին, ասաց. «Միգուցե ժողովուրդը թյուրիմացության մեջ է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ