«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկության ժամանակ զավեշտալի իրադարձություն գրանցվեց խորհրդարանի դահլիճում:
Նախ, մի խումբ լրագրողներ պաստառներով բողոքի ակցիա էին անում դահլիճում` ՀՀԿ-ական պատգամավորներին կոչ անելով կողմ չքվեարկել համաձայնագրին: Պաստառների վրա գրված է՝ «Խելքի եկեք», «Մենք ենք որոշողը», «Մի վաճառեք մեր իրավունքը»:
Ապա, մինչ խորհրդարանում ՀԱԿ-ի վերցրած քսան րոպեանոց ընդմիջումն էր, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել է ՀՀԿ-ական պատգամավորների գրանցման քարտերը, որպեսզի նրանք չկարողանան քվեարկություն իրականացնել: Այս փաստից ՀՀԿ-ական պատգամավորները բարկացել էին: Մասնավորաբար, Արա Բաբլոյանը, Հովհաննես Սահակյանը փորձել են կանխել Փոստանջյանի նման գործելաոճը: Նրանք լեզվակռվի են բռնվել Զարուհի Փոստանջյանի հետ, ապա, ՀՀԿ-ականները ՀՀԿ խմբակցության սենյակում էին հավաքվել:
Կարդացեք նաև
Այդ ընթացքում Ազգային ժողովի միջանցքներում լրագրողները փորձում են ՀՀԿ-ական պատգամավորներից ճշտել՝ նրանք ծանո՞թ են համաձայնագրի տեքստին: Պատգամավորների մի մասը խուսափում են պատասխանել այդ հարցին: ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանն, օրինակ, հայտարարեց, որ կողմ է քվեարկելու համաձայնագրին, սակայն չասաց ՝ ծանոթ է տեքստին, թե ոչ: «Անցանք, անցանք էդ հարցը»,- նշեց նա:
ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանից էլ լրագրողները հետաքրքվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ ընդդիմությունն ու ժողովուրդը ազգի դավաճան են համարում համաձայնագրին կողմ քվեարկողներին: «Ա1+»-ի հարցից հետո պատգամավորը հեռացավ`հրելով եւ շպրտելով. «Ամեն կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութը՝ ԼՈՒՐԵՐ Նորություններ Հայաստանից-ի