Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. «Մի սիստեմում ենք , որը ոչ հումանիզմի, ոչ արդարադատության հետ կապ ունի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2013 12:34

Այսօր մի խումբ մտավորականներ՝ Ռուբեն Բաբայանը, Արտեմ Հարությունյանը և Վահան Արծրունին «Հայելի» ակումբում» ամփոփեցին անցնող տարին:

Բանաստեղծ Արտեմ Հարությունյանի բնորոշմամբ՝ այսպիսին էր անցնող տարին. «Գալիք տարի ենք գնում կոկորդիլոսի խաշած մարմնի զիգզագումներով եւ օլիգարխների՝ թեւի տակ դրած կոկորդիլոսներով, որ տանում են իրենց թուջեկուրծք կանանց զարմացնելու… Բոմժերի միության նախագահն,օրինակ, ասաց, որ մի գիշեր իրեն թույլ են տվել քնել օլիգարխի «պադյեզդում»: Ապրանքների գները սոսկալի են, ի տարբերություն իմ պոեզիայի, որը յոթ մղոնանոց քայլերով առաջ է գնում: Կոկորդիլոսի գինը որ կպցրին խանութում, ժողովուրդը 160 կմ ժամ արագությամբ փախավ ցույց անելու»:

Ինչ վերաբերվում է ձեռքբերումներին,Արտեմ Հարությունյանը «Տարվա լավագույն ժողովածու» անվանակարգում մրցանակ է ստացել՝ «Հայոց հողի ծածկագիր տեսիլքներ» գրքի համար:

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի ձեւակերպմամբ, անձնական տեսակետից տարին հաջող էր, երկու նոր բեմադրություն են արել, փառատոների մեկնել, բայց չի ուզում սահմանափակվել անձնական կյանքով: «Կարծում եմ, որ անցնող տարին ոչ այնքան դժվար էր սոցիալական, այլ հոգեբանական առումով… Գնալով դիսկոմֆորտն իմ կյանքում ավելանում է, գուցե եւ ընդհանուր մթնոլորտից է գալիս… Ինձ համար անկախ պետությունը դատարկ խոսք չէ, ոչ էլ հանրագիտարանում եւ ժողովներում արձագանքվող թեզիս… Դա լուրջ պատասխանատվություն է, որը շերտ առ շերտ ինձանից վերցվում է, այդպիսով ես զրկվում եմ ազատությունից: Ի՞նչ անել…Մենք փորձում եմ պատասխանատվությունը գտնել այլ ոլորտներում, բայց հոգեւորը այս առումով ամենակարեւորն է»,-նշեց տիկնիկայինի տնօրենը:

Ինչ վերաբերվում է կոկորդիլոսների թեմային, նա որակեց խրախճանք՝ ժանտախտի ժամանակ: Ապա հավելեց, թե մի անգամ փորձել է կոկորդիլոսի միս, շատ տհաճ միս էր ու ավելի վատը, քան կրիայինը:

«Պատերազմի տարիներին ավելի վատ էինք ապրում, բայց ես ավելի լավատես էի, որովհետեւ գիտեինք, թե ինչի համար է այդ ամենը: Այսօր ես չեմ զգում իմ երկրի տերը, այն ինչ կատարվում է երկրում, կատարվում է երկրից դուրս, ինձ օտարել են երկրի մասին որոշում կայացնելուց, ու խոսքը ամենեւին միայն գազի գնին չի վերաբերում»,- ասաց պարոն Բաբայանը: Նրա խոսքով թատերական կառավարման սկզբունքը եւս ժանգոտել է, չկան բարեփոխումներ, մարդիկ մտածում են միայն այն մասին, որ հանկարծ աղմուկ չլինի: Թատերական գործի կառավարումը Ռուբեն Բաբայանը որակեց բյուրոկրատիայի թղթերի մեջ խրված:

Երբ Արտեմ Հարությունյանը խոսեց այն մասին, թե ստիպված ենք 70000-անոց բանակ պահել եւ եթե չլինի Ռուսաստանը՝ Հայաստանը իբրեւ երկիր կտապալվի, երգիչ, երգահան Վահան Արծրունին չհամաձայնեց. «Քսան տարի առաջ բանակը իրապես պահում էր մեր լինելիության տիրույթը, այսօր, սակայն այն ապահովում է իշխանավորների բարեկեցությունը: Մենք մտանք նշանային համակարգի մեջ, բոլոր այն իրադարձություններն ու իրողությունները, որ պիտի ազգովի ճանաչեինք, այդ բոլոր նշանները այս տարին տվեց, դա ե՛ւ կոկորդիլոսն էր, ե՛ւ Վարդան Պետրոսյանի դժբախտությունը: Մենք մի սիստեմում ենք , որը ոչ հումանիզմի, ոչ արդարադատության հետ կապ ունի, այն այժմ ապահովում է որոշ սեգմենտի բարեկեցություն..Եվ Մաքսային դաշինքը, եւ մնացած բոլոր բաները՝ գազ, կոկորդիլոս, սրանք ազդակներ են, թե որ դաշտում ինչ իլյուզիաներ չունենանք»:

Երգահանի խոսքով, մտնում ենք մի տարածք` Մաքսային միություն, որտեղ չես կարող բարձր ու մաքուր կատեգորիաներից խոսել, որի հետ չունենք էմոցիոնալ եւ այլ ընդհանրություններ, դա մի տարածք է, որը ժամանակին բերեց լճացման ու ավերման:

Վահան Արծրունու փաստմամբ. «Այս տարվա ամենամեծ ողբերգությունը մշակութային դաշտում Վարդան Պետրոսյանի ճակատագիրն է, լինելով ակտիվ ստեղծագործող մարդ, իրականության փոփոխման պատճառով, հայտնվել է այնպիսի տարածքում, որը ժխտում է իր՝ մտավորական լինելը: Այդպես կարող է լինել ամբողջ երկրում ու յուրաքանչյուրի հետ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031