Այսօր Ազգային ժողովը պետք է քվեարկեր դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստում քննարկած տաս հարցերի վերաբերյալ:
Երկու օրը, կարծես թե, բավարար էր, որպեսզի ՀՀԿ-ականները գտնեին եւ քվեարկելու բերեին իրենց հնարավոր բոլոր անդամներին՝ «գազային փաթեթն» անցկացնելու համար: Հիշեցնենք, որ արտահերթ նիստի գլխավոր եւ աղմկահարույց
Հարցը ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագիրն է, որով ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդ» ընկերության կառավարման ֆոնդում ունեցած 20% բաժնեմասը վաճառել է «Գազպրոմին»:
Կարդացեք նաև
ԱԺ նիստին գրանցվեց 120 պատգամավոր:
ԱԺ նախագահը սկսեց քվեարկության դնել նախորդ նիստում լսած հարցերը: Առաջինը պետտուրքի մասին օրենքում մի շարք փոփոխությունների վերաբերյալ փաթեթն էր, որով շահում խաղերի համար նախատեսված տուրքերը կրկին բարձրացվում են:
Մինչ քվեարկությունը սկսելը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց, եւ հայտարարեց, որ դրսում հավաքվել են մտահոգ քաղաքացիներ, ովքեր անցկացնում են բողոքի ակցիա, եւ պնդում, որ այն պատգամավորները, ովքեր կքվեարկեն այս համաձայնագրին եւ փաթեթին կողմ՝ համարվելու են դավաճան:
Դահլիճում սկսվեց աղմուկ եւ վիճաբանություն, իսկ ԱԺ նախագահը անջատել տվեց տիկին Փոստանջյանի խոսափողը եւ զգուշացրեց, որ այդպես կվարվի բոլոր դեպքերում, եթե վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելիս՝ ուրիշ բաների մասին խոսեն:
Դահլիճում հայտնվեցին լրագրողներ՝ ցուցապաստառներով, որով հորդորում էին «դեմ» քվեարկել այս համաձայնագրին:
Ձայն խնդրեց նաեւ Վարդան Այվազյանը եւ խնդրեց «հանել իրենց այստեղից», ասելով, որ ինքը իր քվեարկության համար պատասխանատվություն է կրում եւ գիտի, թե ինչի համար է քվեարկում:
Այդ ժամանակ արդեն հայտարարվել էր քվեարկություն պետտուրքի վերաբերյալ օրենքում, որն ընդունվեց 95 կողմ ձայներով:
Դրանից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իրենց խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի