«2013-ին ՀԵՀ-ի կողմից իրականացվել է ավելի քան 175 ծրագիր: Ստացվում է, որ գրեթե երկու երեք օրը մեկ բավականին մեծ ծրագրեր ենք իրականացրել»,-այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:
Նա նկատեց, որ վստահությունը հիմնադրամի նկատմամբ տարեցտարի մեծանում է, ինչի առհավատչյան վերոնշյալ թվերն են:
Կարեն Ավագյանը առանձնացրեց այն, որ այս տարի հիմնադրամը նոր մշակույթ է ձևավորել, ՀԵՀ-ն արդեն ունի կամավորների մեծ բանակ. «Դա ՀԵՀ-ի նախաձեռնությունն էր, որը եկավ լրացնելու այն խնդիրը, որը ուսանողները մշտապես բարձրացնում են. խոսքը աշխատանքային փորձի ու պրակտիկայի մասին է: Կամավորներն այն մարդիկ են, ովքեր իրենց մասնագիտական հմտությունները փորձում են իրականացնել ՀԵՀ-ի ծրագրերում ու վերջում ստանում հավաստագիր: Դա գալիս է լրացնելու այն բացը, որը կա այսօր երիտասարդներին՝ աշխատանքի տեղավորման գործընթացում»:
Կարեն Ավագյանն անդրադարձ կատարեց նաև ՀԵՀ-ի մարզային կենտրոնների աշխատանքին ու փաստեց, որ այդ կենտրոնների շուրջ ակտիվություն է նկատվում. «Բոլոր մարզերում ունենք մարզային կենտրոններ, դրանք ամեն տարի առանձնանում են իրենց ակտիվությամբ: Ուրախալի էր այն, որ հասկացանք, որ մեր մարզային կենտրոնները մարզերում դարձել են երիտասարդությանը համախմբող կենտրոններ և դրանց իրականացրած ծրագրերում ներգրավվում են այն բոլոր այն շահագրգիռ կողմերը, որոնք ուզում են մարզային երիտասարդության համար ծրագրեր իրականացնել»:
Կարդացեք նաև
Կարեն Ավագյանը նշեց, որ տարվա ընթացքում չի եղել և ոչ մի երիտասարդական կազմակերպություն ու նախաձեռնություն, որ դիմի ՀԵՀ-ին ու համապատասխան աջակցություն չստանա»:
Այնուհետև պարոն Ավագյանը շեշտեց, որ «հիմնադրամը բաց ու պատրաստ է ցանկացած կառուցողական ծրագրի ու կոչ արեց բոլոր այն երիտասարդական կառույցներին, որոնք տարվա ընթացքում չեն ներկայացրել իրենց ցանկացած ծրագրերը, 2014-ին ներկայացնեն, քանի որ ՀԵՀ-ը կարողանալու է կյանքի կոչել բոլոր ծրագրերը»:
Նշենք նաև, որ ՀԵՀ-ը տարվա ընթացքում ՀԵՀ-ը տարվա ընթացքում ՀԿ-ների, ուսանողական կառույցների տրամադրում է իր ռեսուրսները (դահլիճներ, համակարգիչներ, համացանց և այլն) ըստ այդմ՝ 2013-ին ավելի քան 50 կազմակերպություն ՀԵՀ-ի դահլիճում անցկացրել է շուրջ 360 միջոցառում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ