ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան շատ բան է արել մեր պետության համար, որ նրան քննադատելիս պետք է զուսպ լինել: Լավ կլիներ, իհարկե, որ նա 2007 թվականին քաղաքականության չվերադառնար՝ այդ դեպքում նրա անունը չէր կապվի առօրյա քաղաքականության հետ, ինչպես եւ, կարծում եմ, պետք է լինի նորմալ երկրներում: Բայց նա քաղաքականության մեջ է, պարբերաբար ելույթներ է ունենում, եւ դրանք չքննարկել՝ հնարավոր չէ:
Տեր-Պետրոսյանը իր կուսակցության ժողովում ունեցած վերջին ելույթում՝ «Ինչո՞ւ չի կայանում Եվրոմայդանը Երեւանում», ասել է հիմնականում ճիշտ բաներ: Բայց դա ճշմարտության ուղիղ կեսն է: Կենցաղում այդպիսի բաներ կատարվում են ամեն քայլափոխի: Ենթադրենք, մենք կենաց ենք ասում. «Սիրելի Կիրակոս, դու հայրենասեր մարդ ես, դու քո գյուղում եկեղեցի ես կառուցել»: Եվ դա ճշմարտություն է: Կենացի ժամանակ հո չե՞նք ասի, որ այն գումարները, որոնցով կառուցվել է այդ եկեղեցին, առաջացել են պետությանը խաբելուց եւ հարկեր չվճարելուց: Դե, առաջին նախագահի ելույթն էլ համարենք Մաքսային միության եւ Պուտինի կենացը:
Հայաստանում Եվրոմայդան չի կայանում, որովհետեւ մեր ժողովուրդը ռուսասե՞ր է: Ճիշտ է: Բայց ներկա պահիս ոչ մի «մայդան» չի կայանում, որովհետեւ ժողովուրդը ոչ մեկին չի հավատում: Եվ հաջորդ «մայդանը», շատ հավանական է, կկայանա 2018 թվականի հերթական կեղծված նախագահական ընտրություններից հետո:
Եվրոպան երեսպաշտ է, ղեկավարվում է երկակի ստանդարտներո՞վ: Այո: Իսկ Ռուսաստանն ընդհանրապես ոչ մի ստանդարտով չի առաջնորդվում՝ «կուվալդը» վերցնում է եւ խփում է բոլորի գլխին՝ ճիշտ այնպես, ինչպես Միացյալ նահանգները: (Ասելով Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա, նկատի ունեմ, բնականաբար, Կրեմլը, Սպիտակ տունը, Բրյուսելը, ոչ թե ժողովուրդներին եւ նրանց մշակույթը, որոնց հարգում եմ):
Կարդացեք նաև
Արեւմուտքը ա՞չք է փակել 2008 թվականի նախագահական ընտրությունների կեղծիքների եւ Մարտի 1-ի սպանությունների վրա: Այդպես է: Իսկ Ռուսաստանը աչք չի՞ փակել: Կարո՞ղ էին 1996-ին, 1998-ին, 2003-ին, 2008-ին, 2013-ին կեղծված ընտրություններից հետո մարդիկ նախագահ հռչակվել առանց Ռուսաստանի աջակցության:
Եթե ճշմարտության մի կողմն ասվում է, ապա պետք է ասվի նաեւ մյուսը:
Բայց այդ կիսաճշմարտությունները նույնպես պետք է նորմալ ընկալել՝ պրագմատիզմ է, ռեալպոլիտիկ է եւ այլն: Ավելի տարակուսելի է ռուսական եւ խորհրդային կայրությանը տված գնահատականը: Շատ հեռու չգնալու համար անդրադառնանք նորագույն պատմությանը: Եթե Խորհրդային Ադրբեջանում հայերը տառապում էին նույնքան, որքան ադրբեջանցիները, երկուսի իրավունքները ոտնահարվում էին հավասարապես, եթե հայերի նկատմամբ այնտեղ խտրական վերաբերմունք չկար, եթե նրանք Նախիջեւանից չեն արտաքսվել, եթե Ղարաբաղում 1920 թվականի 94 տոկոսից նրանք 1988-ին չդարձան 76 տոկոս, ապա ինչո՞ւ էր սկսվել ղարաբաղյան շարժումը եւ ստեղծվել էր «Ղարաբաղ» կոմիտեն: Խելոք սպասեինք մինչեւ Սովետը քանդվեր, կստանայինք անկախության (առանց Ղարաբաղի), ինչպես որ հիմա սպասում ենք, թե ինչպես են ընթանում կայսրությունը վերականգնելու փորձերը: Այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամները (նրանք, ովքեր ասպարեզում են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը), ըստ երեւույթին, վերաիմաստավորել են իրենց 1988-90 թվականների գործունեությունը, ինչպես նաեւ վերանայել են սեփական հայացքները:
Դա էլ է նորմալ՝ պատահում է: Նրանք, ովքեր կոչ էին անում թռչել դեպի անդունդը գնացող կայսրության գնացքից, հիմա կոչ են անում թռչել այդ գնացքը եւ պինդ բռնվել գնացքից: Այսինքն` որդեգրել են իրենց նախորդ մարտավարության ճիշտ հակապատկերը: Ամբողջ խնդիրն այն է, որ գնացքը, որը մենք նստել ենք, իմ կարծիքով, դարձյալ դեպի անդունդն է գնում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ջան! Հապա ում պոեզի պոչին կպչենք, չե որ մենք սեփական էշի կաչկա էլ չունենք (փառք մեր ղեկավարներին) ?
Առայժմ ոտքով քայլենք
Ես ու Դուք կքայլենք, խնդիր չկա: Բայց ջիփի ու թիկնապահի սովոր, վիլաներում ապրող առաջին կարգի տղերք կան (վերջերս էլ կոկորդիլոսից բացի բան չեն կարողանում ուտել!) – նրանց էդ խղճի դեմ խոսքը ոնց ասես? Մի հետաքրքիր զուգադիպություն եմ նկատել: Խոսքը “նախագահ, նախագահություն” բառերի տարօրինակ հատկության մասին է: Պարզվում է որ մեջտեղից կիսելու դեպքում շատ հասկանալի իմաստ է ձեռք բերվում՝ “նախ ագահ, նախ ագահություն!” Ողորմածիկ Մարքսը ժամանակին հասկացել է – “տուր կապիտալիստին 7% շահույթ եւ հարազատ մորը կծախի!” Հիմա սրանց շահը 70 ից 700% է, ուրեմն սրանք ինչեր կծախեն? ԼՏՊ – ին էլ երկար կյանք – իր սեւ դղյակի մեջ, որը հաստատ ուստա Հակոբը չէր սարքել!
Բոլոր եզրակացություններն ու հետևությունները շատ թե քիչ ճիշտ են, մի երկուսն էլ ես կուզեմ ավելացնել։ Մենք հավատներս կորցրել ենք, քանի որ՝ անհավատ ենք։ Անհավատ է նաև մեր գերագույն սրբազան՝ Գարեգին Բ–ն։ Մենք մեծահոգի ենք կամ հանդուրժող,՝ քանի որ անտարբեր ենք։ Մենք քարից հաց քամող ենք, քանի որ հողի հետ չարչարվելու գլուխ չունենք և այլն, և այլն։
Ուստի և թե՛ ԵՄ–ը, թե՛ ՄՄ–ը և թե՛ երկրում տիրող ոհմակային իշխանությունը մեծ հաշվով մեզ ձեռնտու է, մեր մեղքը ուրիշի վրա բարդելու, այս առիթից էլ օգտվում է Բաղրամյան 26–ում հավաքված պարկաճիճուների կծիկը։ Սա էլ թող լինի այսօրվա իմ եզրակացությունը կամ հետևությունը։