Նախորդ շաբաթ Երեւանում կայացավ միջազգային համաժողով՝ նվիրված Հարավային Կովկասի անվտանգությանն ու համագործակցությանը: «Նորավանք» գիտակրթական կենտրոնի (ՀՀ) եւ «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն» (ՌԴ) կազմակերպած համաժողովի ժամանակ «Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի» փոխտնօրեն (ՌԴ) Միխայիլ Չեռնովի ելույթը մեծ արձագանք առաջացրեց: Նա խոսում էր այն մասին, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պետք է ուղիղ ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհ լինի:
Այս մասին խոսակցությունը ոմանք որպես պատերազմի սպառնալիք ընկալեցին:
«Առավոտը» Միխայիլ Չեռնովից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրականանալի ՌԴ-ՀՀ ուղիղ հաղորդակցության վերաբերյալ նրա ներկայացրած ծրագրերը:
Մ. Չեռնովը պատասխանեց. «Ես խոսում էի ոչ թե ռուս-հայկական ծրագրերի մասին, այլ Ռուսաստանի շահերի մասին, իսկ այդ շահերը ֆունդամենտալ են: Ինչո՞ւմ են կայանում այդ շահերը: Բոլորս գիտենք, որ իրավիճակը տարածաշրջանում եւ աշխարհում բարդ է, եւ տարբեր գործոնների ազդեցության տակ աշխարհն ավելի է կոշտանալու, երկրների միջեւ հարաբերություններն ու խոսակցությունները կոշտանալու են: Որպեսզի նորմալ ձեւով ապահովենք Հայաստանի եւ Հարավային Կովկասում ռուսական շահերի, այդ թվում՝ ռուսական ռազմաբազաների անվտանգությունը, պետք է լինի ուղիղ ավտոմոբիլային, իսկ շատ ավելի լավ կլինի՝ երկաթուղային ճանապարհ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: Ահա դրանում է կայանում ՌԴ շահը, իսկ ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության զարգացմանը, ապա այն լավ հեռանկարներ ունի: Խոսքը ոչ թե ներդրումների մասին է, ո՛չ, ներդրումները հիմարություն են, վատ են, որովհետեւ պաշտպանում են կապիտալի շահը, դրանք ինչպես գալիս են, այնպես էլ գնում են՝ ճգնաժամի կամ այլ պարագայում: Հայաստանի օգուտը իր արդյունաբերության զարգացման մեջ է, հատկապես լեռնարդյունաբերության, ջերմաէներգետիկայի, էլեկտրաէներգետիկայի, հանքարդյունահանման զարգացման մեջ: Իսկ այդ ոլորտները՝ հատկապես հանքարդյունահանումը, չեն կարող զարգանալ, եթե Հայաստանը Ռուսաստանի, Մաքսային միության մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի հետ չունի ուղիղ ավտոճանապարհ եւ երկաթուղի: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է հասնել դրան: Մենք գիտենք, եւ դա փաստ է, որ ամբողջ աշխարհում, նաեւ Կովկասում եւ Հարավային Կովկասում սահմանները վերանայվում են եւ կվերանայվեն: Այդ գործընթացն ակտիվ փուլում է եւ դեռ չի ավարտվել: Օրինակ, կան մարդու իրավունքների հետ կապված հարցեր. հարյուր հազարավոր օսեթիններ տեղահանվել էին Վրաստանի ներքին շրջաններից, եւ այդ իրավիճակը անհրաժեշտ է, բնականաբար, առանց որեւէ ուժային պահերի, քննարկել, այդ մասին հարկավոր է խոսել, եւ այդ հարցին պետք է անպայմանորեն վերադառնալ: Նրանք տեղահանվել էին Գորիի, Կազբեկի շրջաններից, եւ դրանք այն տարածքներն են, որոնք ապահովում էին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ անմիջական կապը, դրանք ապահովում են օսեթինների հանդեպ արդարության իրականացումը եւ դրանք ապահովում են ՌԴ պետական շահի իրականացումը՝ նոր հեռանկարային տրանսպորտային միջանցքների վրա անմիջական ֆիզիկական վերահսկողության առումով»:
Բայց ինչպե՞ս եք դուք պատկերացնում սահմանների վերանայումը՝ առանց ուժային լուծումների: «Առավոտի» այս հարցին պարոն Չեռնովը պատասխանեց. «Առաջին հերթին կան ինչ-ինչ իրավական խնդիրներ, երկրորդը՝ Վրաստանի ներկայիս ներքին իրավիճակը բավականին բարդ է, եւ շատ հավանական է, որ Ռուսաստանի որոշակի միջամտության կարիքը կլինի՝ այդ հարցերը լուծելու համար: Երրորդը՝ այստեղ բոլորը խոսում էին, որ նման սցենարը ենթադրում է պատերազմ, ոչ, չի՛ ենթադրում պատերազմ: Որովհետեւ, նախ այսօր Հարավային Կովկասում չկան ուժեր, որոնք կցանկանային կամ կկարողանան պատերազմել Ռուսաստանի հետ՝ առանց իրենց պետական կառուցվածքի եւ իրենց հասարակությունների ամբողջական ջախջախման, եւ երկրորդը՝ շատ օրինակներ կարելի է բերել. օրինակ, Արեւմտյան Ուկրաինայի եւ Արեւմտյան Բելառուսի ազատագրումը 1939 թ.-ին՝ սովետական զորքերը մտել էին այդ տարածք, բայց պատերազմ կա՞ր, ո՛չ, չկար: 1941 թվականին սովետական զորքերը ինչ-ինչ հանգամանքներից եւ պայմանագրերից ելնելով մտան Իրան, իսկ Իրանը Հայաստանից կամ Վրաստանից անհամեմատ մեծ է, պատերազմ եղա՞վ, ո՛չ, չեղավ: Հետեւաբար, հնարավոր են տարբեր տարբերակներ, բայց դրանք չեն ենթադրում պատերազմական գործողություններ, որոնք ոչ մեկին հիմա պետք չեն, ոչ Ռուսաստանին, ոչ ԱՄՆ-ին, ոչ մեկին»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Այսինքն…
Միգուցե խնդիրներ ունի առողջության հետ կապված, մեղք է մարդը …
Լկտիության գագաթնակետ!
Կայսրությունները կանցնեն ու կգնան, բայց հայը կմնա առհավետ:
Հ.Գ. ուղղակի յուրաքանչյուր վերակենդանացումից հետո մեր մշակույթը կորցնում ենք և ստիպված նորը ստեղծում: