Լրահոս
Օրվա լրահոսը

WebTV-ն գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանին նվիրված ֆիլմ է նկարահանել

Դեկտեմբեր 21,2013 22:34

Եվ այսօր այն ցուցադրվեց Հայաստանի ազգային պատկերասրահում` նկարչի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-ցերեկույթի շրջանակներում:

Ֆիլմի հեղինակը Գայանե Դավթյանն է, սակայն նա չցանկացավ առանձին ներկայանալ որպես հեղինակ. «Ֆիլմը համատեղ ջանքերով է ստեղծվել: Եվ ճիշտ չի լինի, եթե միայն ես հանդես գամ որպես հեղինակ: Այն WebTV-ի գաղափարն է»,- ասաց նա:

25 րոպե տևողությամբ «Սիրավ. դու հավերժող իմ Հայաստան» ֆիլմը հատուկ ստեղծվել է նկարչի 85-ամյակի առթիվ. «Մենք որոշեցինք Հենրիկ Սիրավյանին նվեր անել ծննդյան հոբելյանի առթիվ և նրա ընկերներին ու հարազատներին մատուցել այս ֆիլմը»,- նշեց Գ. Դավթյանը և ընդհանուր գծերով ներկայացնելով ֆիլմը` ասաց. «Ես` որպես հեղինակ, որոշեցի այսպես ասած` մի կողմ քաշվել և դիտողի առջև դնել նկարչի ամբողջ արխիվը, որտեղ խոսում է Հենրիկ Սիրավյանը, որտեղ նրա ընտանիքի անդամներն ու ընկերներն են խոսում նրա մասին: Ոչ մի պաթետիկա չեմ դրել տողերի արանքում, թողել եմ, որ ֆիլմը զարգանա նրանց խոսքով: Արվեստաբաններից մեկը մի կարծիք էր հայտնել, ասում է` այնպիսի տպավորություն է, թե հեղինակը թողել է, որ դուք տեսնեք, վայելեք, հագենաք: Ես իսկապես թողել եմ, որ դուք վայելեք ինչպես Սիրավյան արվեստագետին, այնպես էլ Սիրավյան կենսուրախ, հրաշք, բացառիկ հումորի տեր մարդուն: Ես ցանկացել եմ ֆիլմում ձուլել մարդուն և արվեստագետին»:

Հուշ-ցերեկույթն ավարտվեց Հենրիկ Սիրավյանի աշխատանքների ցուցահանդեսի բացմամբ:

Նկարչի որդին, նույնպես նկարիչ Գագիկ Սիրավյանն ասաց, որ ցուցահանդեսը ներկայացնում է նկարչի վերջին շրջանի գործերը: «Բայց, իհարկե, կան նաև աշխատանքներ, որոնք առաջին անգամ են ցուցադրվում: Սա յուրահատուկ տոն է ոչ միայն արվեստասեր հասարակության, այլ նաև նկարների համար, որովհետև ինչպես հանրությունն է սպասում ցուցահանդեսի, այնպես էլ նկարներն են սպասում ներկայանալու իրենց պահին»,- ասում է Գ. Սիրավյանը:

Որդու հիշողության մեջ հայրը մնացել է որպես շատ լուսավոր ու վառ անհատականություն: «Աննկարագրելի հետաքրքիր էր նրա հետ շփվելը, ապրելը, նրանից սնվելը, նրա զրույցները, պատմությունները… Շատ մեծ բախտ է, որ Հենրիկ Սիրավյանի ընտանիքում եմ ծնվել և ապրել եմ նրա հետ: Հայրիկի ձայնը միշտ հնչում է ականջներումս, իսկ դեմքն ու լուսավոր ժպիտը աչքերիս առջև են»,- ասաց Գ. Սիրավյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031