«Ձմեռային փառատոն Հայաստանն» այսօր Խնկո-Ապոր անվան ազգային գրադարանի մոտ ամանորյա զանազան միջոցառումներ անցկացրեց:
Գրադարանի բակում Կաղանդ պապն ու նրա օգնական Արեգը դիմավորեցին երեխաներին ու նրանց ծնողներին, իսկ արդեն գրադարանի ներսում երեխաների համար հեքիաթասացության ժամին ընթերցվեց «Կաղանդ պապ. վերադարձ Ռիգելից» պատումը, որը հայկական Ամանորի, Կաղանդ պապի, նրա ուղեկից 12 խլվլիկների և նրանց կենսական ուժ տվող արալեզների մասին է: Փոքրիկ աղջնակի հույսի ու հավատի շնորհիվ սերնդեսերունդ փոխանցված պսպղուն քարը դառնում է միջոց, որ Կաղանդ պապը վերադառնա Հայաստան` իր հետ բերելով յոթ խորհուրդ կծիկները:
«Արդեն յոթերորդ տարին է, որ Հայաստանում կազմակերպում ենք «Ձմեռային փառատոն», որով ուզում ենք նախատոնական մթնոլորտ ստեղծել: Փառատոնի նպատակներից մեկն էլ ձմռանը Հայաստանում զբոսաշրջության զարգացումն է: Եվ մենք կարծում ենք, որ դա մեր Կաղանդ պապի կերպարով պիտի անենք: Արդեն պատրաստ է Կաղանդ պապի կերպարը ներկայացնող տիկնիկը, որի միջոցով թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում կներկայացվեն հայկական Ամանորի` Կաղանդի արդիականացված հեքիաթն ու կերպարը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց “Deem Communications” ընկերության տնօրեն, «Ձմեռային փառատոն Հայաստան»-ի հեղինակ Րաֆֆի Նիզիբլյանը:
«Ձմեռային փառատոնի» շրջանակներում ներկայացվեցին վերամշակված նյութերից պատրաստված բնապահպանական տոնածառեր, անցկացվեց բնապահպանական կրթության դասընթաց, որի ընթացքում երեխաները սովորում էին, թե ինչպես կարելի է վերամշակել թուղթը և այլ նյութեր: Նրանք իրենց տոնածառը զարդարելու համար խաղալիքներ պատրաստեցին:
Եվ վերջում Կաղանդ պապն իր ամանորյա մաղթանքը հղեց ներկաներին. «Այս Ամանորին իմ խորհուրդ կծիկներով մաղթում եմ, որ Ձեր օջախներում թագավորեն փոխադարձ հարգանքը միմյանց և բնության հանդեպ: Իմաստությամբ ու միասնաբար աշխատենք մեր մեջ խաղաղություն և համեստություն հաստատել` շնորհակալ լինելով մեզ պարգևած շնորհների համար»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ