Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցիները երթ են անցկացրել՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի

Դեկտեմբեր 21,2013 18:35

ert1Այսօր կեսօրին կապանցիները մարզկենտրոնում երթ են կազմակերպել՝ ի դժգոհություն կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի:  Երթը նախաձեռնել էր «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի» կապանյան խումբը: Ինչպես մեզ տեղեկացրեցին  կազմակերպիչները՝  նախաձեռնած երթին մասնակցել են տարբեր քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, հ/կ-ների ներկայացուցիչներ եւ մի շարք քաղաքացիներ,  ովքեր երթը մեկնարկել են նախկին ավտոկայանի տարածքից, այնուհետեւ շարժվել դեպի Սյունիքի մարզպետարանի հարակից հրապարակ:  ert2 Խաղաղ երթին մասնակցում էր մոտ 200-250 բնակիչ, ովքեր «դեմ  պարտադիրին» ցուցանակներով ու վանկարկումներով  կոչ էին անում կառավարությանը՝ հրաժարվել  «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ներդրվող պարտադիր կենսաթոշակային բաղադրիչը կյանքի կոչելուց: «Վերադարձ» երիտասարդական քաղաքացիական շարժման հիմնադիր Արսեն Մարտիրոսյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որը խաղաղ երթը կայացած է համարում եւ տոն օրերից հետո էլ նույն կազմով կհավաքվեն եւ կքննարկեն հետագա անելիքները՝  չբացառելով  պայքարի նոր միջոցներ  ձեռնարկելու տարբերակը: «Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք խաղաղ երթի ձեւով: Մենք այսօր տեսանք կապանցու, սյունեցու պայքարող  ոգին, նույնիսկ շենքերի պատուհաններից էին  քաղաքացիները քաջալերում մեզ եւ  միանում մեր նախաձեռնությանը», – հավելեց Արսեն Մարտիրոսյանը: Երթին հիմնականում մասնակցում էին երիտասարդները, ինչպես նաեւ ավագ սերնդի մի շարք  ներկայացուցիչներ: «ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային կառույցի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը գտնում է, որ նոր օրենքի ընդունմամբ ոտնահարվելու է իր եւ իր նման մյուս քաղաքացիների սեփականությունն ազատ տնօրինելու իրավունքը:

ert4«Սահմանադրությամբ ամրագրված մեր իրավունքը կոտնահարվի, քանի որ մենք չենք կարող ազատ տնօրինել մեր աշխատավարձը եւ ըստ էության, երիտասարդության ապագան է վտանգված: Առանց այն էլ ժողովրդի սոցիալական ծանր վիճակն ավելի է լարվում եւ սոցիալական բեւեռացումն ավելի է մեծանում: Կոչ ենք անում մեր կառավարությանը հրաժարվել օրենքի ընդունումից եւ հետագայում օրենքները ընդունելով՝ հաշվի առնել ՀՀ քաղաքացիների կարծիքը: Մոտ երկու ժամ տեւած մեր երթի կարգախոսն էլ հենց դա էր՝ հաշվի առնել քաղաքացիների կարծիքը», – նշեց Դավիթ Հակոբյանը:ert3

Երթի ժամանակ հնչեցրած ելույթներում մասնակիցները իրենց բացասական դիրքորոշումը հայտնեցին կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ, վանկարկումներով երթն անցկացրեցին  Կապանի մարդաշատ փողոցներով: «Ընդհանուր առմամբ երթը կարող ենք համարել հաջողված և կազմակերպված, քանի որ որևէ արտառոց դեպք չի եղել երթի ժամանակ: Երիտասարդությունը ոգևորված էր և շատ հավանական է, որ տոնակատարություններից հետո բողոքի ակցիաները շարունակվեն: Այս խնդրի վերաբերյալ պետք է մոբիլիզացվեն բոլոր քաղաքացիական և քաղաքական ուժերը, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել», – տեղեկացրեցին երթի մասնակիցները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031