Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ազատ Արշակյանն ընտրել Սերժ Սարգսյանին և ինչպե՞ս ենք ռուսներից մեր «օբյեկտները» հետ բերելու

Դեկտեմբեր 21,2013 17:17

«Սեպտեմբերի 3-ից հետո մենք կորցրինք իշխանություն, որը դրական գործունեություն էր ծավալել»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ, որի ընթացքում քաղաքական գործիչները ամփոփում էին 2013-ը, հայտարարեց Գերագույն խորհրդի նախկին անդամ Ազատ Արշակյանը:

Պարոն Արշակյանի կարծիքով՝ լավ կլիներ, որ սեպտեմբերի 2-ին մեր իշխանությունները հրաժարական տային ու մանրամասնեց. «Սեպտեմբերի 3-ին մենք կորցրինք իշխանությունը: Լավ կլիներ, որ մինչև այդ իշխանությունը հրաժարական տար ու մնար առասպել, որ եվրաինտեգրման բարձր մակարդակի ծրագրի է հավակնում: Սեպտեմբերի 3-ին ՌԴ-ն դադարեց լինել մեր դաշնակիցը, այն դարձավ մեր երկիրը նվաճողը, նա հայտարարեց աշխարհին, որ Հայաստանն իր ավարն է»:

Ազատ Արշակյանը չթաքցրեց այն, որ ինքը նախագահական ընտրությունների ժամանակ ձայն է տվել Սերժ Սարգսյանին ու նշեց, թե չի փոշմանել, քանի որ ընդունում էր այդ ժամանակ նրա որդեգրած քաղաքակրթական և ինտեգրացիոն ծրագիրը:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը զարմացավ, թե «Ազա´տ, դու ուրեմն ի՞նձ չես ձայնդ տվել»: Ազատ Արշակյանն այսպես արձագանքեց. «Պարո´ւյր, քեզ հետ միայն կարելի է նստել»: Պարոն Արշակյանը դրական երևույթ համարեց այն, որ երեկ՝չեկիստների տոնի կապակցությամբ, Միխայիլ Խոդորկովսկին ազատ արձակվեց: Նա նշեց. «Դա նշանակում է, որ մենք Ռուսաստանում ունենք դաշնակիցներ: Դա ակցիա է, որը նշանակում է, որ ՌԴ-ում սկսվում է նոր «պերեստրոյկա»: ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը կոչ արեց պատմությունից դասեր քաղել. «Խնդիրը այսօրվա չէ, այն կա 1990-ականներից: Ճիշտ է, սխալ է, դա վիճելու խնդիր է: Ճիշտ է այն, որ մենք ուրիշ ելք չունեինք: Հայաստանը գնում է ճիշտ ճանապարհով իր ազգային խնդիրները լուծելու ճանապարհով»:

Պարույր Հայրիկյանը հակադարձեց. «Պատմությունից մենք դասեր ենք քաղել, որոնք մեր այսօրվա վարած քաղաքականությանը հակասում են»: Լեռնիի Ալեքսանյանին ուղղված՝ լրագրողների հարցին արդյոք ճիշտ ճանապարհն այն էր, որ ռազմավարական նշանակության օբյեկտները, գազային արտոնությունն ուրիշին հանձնեցի՞նք: Պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Սրանից ողբերգություն պետք չէ սարքել, մեր ընկերությունները մասնավորին տալուց հետո ավելի արդյունավետ և կազմակերպված կաշխատեն: Այն օբյեկտները, որոնք տրվել են մասնավոր ընկերություններին, դրանք ավելի լավ են աշխատում, քան մեր օլիգարխներին տրված ընկերությունները»:

Ազատ Արշակյանն էլ դեռ հույսեր է փայփայում, թե մի օր ռուսներից մեր բոլոր օբյեկտներն ու գույքն առգրավելու ենք: Այնուհետև հիշեցրեց. «Հիշեք, ղարաբաղյան շարժման տարիները, 1990 թվականը, թե ինչպես Ռուսաստանը այստեղ թողեց իր ռազմատեխնիկան և հեռացավ: Եվ սա տեղի ունեցավ համաժողովրդական շարժման և ճնշման շնորհիվ»: Իսկ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը լրացրեց, թե «նաև քաղաքական հմուտ մտքի շնորհիվ» է: ՀՀ նախկին սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը շեշտեց, թե պատմությունը կրկնվելու հատկություն ունի և հանկարծակիությունը երբեք հաջողության չի հանգեցնում: Հետո ասաց. «Ես հիշում եմ, թե ինչպես 1998 թվականին Վազգեն Սարգսյանը ՆԱՏՕ-ի ղեկավարությանն ասաց. «Մենք չենք լինի ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ այնտեղ ներկա է Թուրքիան: Այն ժամանակ պետական հստակ ծրագիր կար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031