Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միության անդամակցության որոշումից հետո ՀՀ ոստիկանությունն ավելի բի՞րտ է դարձել

Դեկտեմբեր 21,2013 16:46

«Մաքսային Միության անդամակցության որոշումից հետո գնալով փոխվել է ակտիվ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքը»,-Aravot.am-ի հարցին՝ երեկ ԱԺ-ի դիմաց կատարվածի  գնահատականը ո՞րն է, դա քաղաքացիական հասարակություն-իշխանություն անջրպետի ցուցի՞չ է, այսպես պատասխանեց քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը: Նա նկատում է, որ «եթե նախկինում ԵԱՀԿ-ն ու մնացած կառույցները ինչ-որ ձևով սանձում էին ոստիկանության բիրտ գործունեությունը, ապա հիմա դա չկա, և ոստիկանությունը վարվում է այնպես, ինչպես անում են Ռուսաստանում և Բելառուսում, ամեն տեսակի ռեպրեսիաներ են կիրառում ազատ ու ակտիվ քաղաքացիների նկատմամբ»:

Անի Կաղինյանը ոստիկանական համակարգը «բռնատիրական» համարեց ու պատմեց երեկ՝ ԱԺ-ի առջև տեղի ունեցածի մանրամասները. «Տեսանյութերում էլ կա, թե ոստիկանությունը ինչպիսի բիրտ ուժ է կիրառում: Մեզ շղթա օպերացիայի մեջ վերցրին ու հորդորների, թե բացեք ճանապարհը, որ կարողանանք ազատ տեղաշարժվել, ոչինչ չարեցին: Սա արդեն երկրորդ դեպքն է, որ ՀՀ ոստիկանությունը նման գործողություններ է կիրառում: Տեղում զանգեցինք ՄԻՊ գրասենյակ, նրանք միջամտեցին: Հետո զանգեցի ոստիկանություն, ասացի, որ ոստիկանական համազգեստով մարդիկ վերցրել են ինձ շղթայի մեջ և թույլ չեն տալիս տեղաշարժվել: Ոստիկանությունից պատասխանեցին, թե Դուք երևի լավ չեք հասկացել: Դա ապօրինության վերաբերյալ հայտարարություն էր, որից հետո ինձ պիտի բաժին հրավիրեին և բացատրություն պահանջեին, բայց դա տեղի չունեցավ, քանի որ ոստիկանությունը գործում են դրսի ու ներսի ուժերի պատվերով»:

«Կանխենք գազի գնի թանկացումը» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը ոստիկանության պահվածքի մասին ասաց. «ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը մատնանշել էր, որ ԱՄՆ-ն աշխատում է ՀՀ ոստիկանության հետ, դրամաշնորհներ տրամադրում և ոստիկանության աշխատանքը զգալիորեն փոխվել է: Այս պահի դրությամբ ոստիկանությունն ունի մի ստորաբաժանում, որը վարժվել է քաղաքացիական ակցիաները կանխելու գործում և այդ մարդկանցից շատերը խոր անձնական ատելություն ունեն քաղաքացիական ակտիվիստների: Դեկտեմբերի 2-ին զգացի, որ պատրաստ է այն զանգվածը, որը վաղը, եթե մարդկանց վրա կրակելու հրաման ստանա, կկրակեն: Սա էր Ջոն Հեֆֆերնի նպատակը պատրաստել ՀՀ-ում մարդասպան ոստիկանություն, որը կատարելագործված է և նոր մեթոդներ ունի քաղաքացիական ակցիաները կասեցնելու հարցում: Վարժված և փորձ ունեցող մարդասպանները վտանգ են հանրության համար»:

Փորձագետ Արամ Գրիգորյանն այսպիսի խնդիր է տեսնում. «Խնդիրն այն է, որ դեպի արևելք, դեպի Մաքսային միություն մեր ինտեգրացիան մեզ կհանգեցնի մոնոտոն կառավարման համակարգի, որտեղ մեծ ուժ ունի ոստիկանական համակարգը, որը միտված է ճնշելու ցանկացած քաղաքացիական ակտիվություն»:

Անդրեաս Ղուկասյանը անդրադարձավ այն հարցին, թե ուր էինք գնում մինչև այժմ և ուր էր Հայաստանին տանում Սերժ Սարգսյանը: Նա նշեց. «Սերժ Սարգսյանը Հայաստանին պիտի տաներ Եվրոպա կազինո խաղալո՞ւ: Հիմա չգիտեմ՝ ուր է տանում, նա մեզ ոչ մի տեղ էլ չի տանում: Ուղղակի ինքը պիտի հրաժարական տա: Իսկ մինչև հրաժարականը իր մերձավորների քթից կհանի: Ես երեկ Շարմազանովի դեմքին էի նայում, երեկ իրենք էին փչանում: Ոնց որ փտած հատվածը, այնպես էլ Սերժ Սարգսյանը իր կողքը ամեն ինչ ոչնչացնում է: Սերժ Սարգսյանը չկա, Գալուստ Սահակյանն ի՞նչ է, Շարմազանովը, Աշոտյանը չեն կարողանալու Հայաստանում ապրել: Զարթնեցիք, տեսաք Սերժ Սարգսյան չկա, ի՞նչ եք անելու»:

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության որոշումից հետո ոստիկանությունն ավելի բի՞րտ է  դարձել: Նա պատասխանեց. «Իմ կարծիքով՝ ոստիկանությունը երբեք էլ մեղմ չի եղել: ՀՀ-ում միշտ էլ ոստիկանությունը որպես մահակ օգտագործվել է իշխանության կողմից: Ոստիկանությունը, որը եղել է ամուր մահակ, իջել է ցուցարարի գլխին: Որ եվրոպական կառույցների ուշադրությունը պակասի, սրանք կարող են դառնալ ավելի բիրտ, հնարավոր է: Մաքսային միության անդամակցությունը կարող է հանգեցնել նրան, որ ավելի համատարած լինեն մեր երկրում իրավախախտումները, իշխանության ձեռքերը ավելի ազատ լինեն: Իհարկե, եվրոպացիները դիտորդական առաքելություններ կանեն, բայց դա չի ունենա այն զսպող ուժը, ինչ եթե ՀՀ-ն լիներ եվրոպական համայնքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031