Դեկտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում էր շուրջ 40 սիրիահայ: Ցուցահանդեսին ներկայացված էին սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք: Ցուցահանդեսից հետո կայացավ «Նոր կյանքին ընդառաջ…» խորագրով բարեգործական համերգ` սիրիահայ և հայաստանցի սիրված արվեստագետների մասնակցությամբ: Համերգին հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Գաբրիել Երանյանի, Աշոտ Սաթյանի, գուսան Հայկազունի, սիրիահայ երգահան Սարգիս Ադամյանի ստեղծագործությունները՝ Հովհաննես Մուբայեդի ղեկավարած դասական քառյակի, Շուշան Պետրոսյանի, Արման Նշանյանի, սիրիահայեր Ցոլեր Կարագուլյանի, Արաքս Մահտեսյանի, Մարի Արաբաջյանի, Սարգիս Թուֆենկչյանի, «Հայկազունք» և «Զանգակներ» համույթների, «Շառավիղ» մանկական երգչախմբի կատարմամբ: Մասնակիցներն հանդես եկան պարային և ասմունքային կատարումներով: Բարեգործական համերգից և ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի սիրիահայերի համար Նոր Հալեպ թաղամասի կառուցման հիմնադրամին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով Սփյուռքի մայր համայնքից պատերազմի հետևանքով Հայրենիք վերադարձած և Հայրենիքում իրենց ստեղծագործական և աշխատանքային առաջին քայլերն անող սիրիահայերին, նշեց հայաստանյան հասարակությանը նրանց ինտեգրվելու անհրաժեշտությունը: Նախարարը նշեց, որ վերջիններս աչքի են ընկնում որպես բարեխիղճ և լավ աշխատողներ բոլոր ոլորտներում:
Միջոցառման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով խրախուսեց համերգի մասնակից սիրիահայ ստեղծագործական խմբերին և անհատներին:
Նշենք, որ սա թվով երրորդ համերգն է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է Հայաստանում հաստատված սիրիահայերի համար: Առաջին համերգը կազմակերպվել է 2012 թվականի հոկտեմբերին, երկրորդը` 2013 թվականի մայիսին:
Կարդացեք նաև
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչություն