Ապազգային և հանցավոր վարչախումբն աննախադեպ արագությամբ իր օտար տերերին է հանձնում պետության ինքնիշխանության վերջին մասնաբաժինները, ինչի հետևանքով շատ կարճ ժամանակահատվածում պետությունը կվերածվի լիակատար գաղութի:
Այդ մասին են վկայում, մասնավորապես, Մաքսային Միությանն անդամագրվելու և 2013 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ստորագրված հայտնի համաձայնագրերի վավերացման գործընթացների հապճեպությունն ու տեմպերը:
Նախախորհրդարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարող վարչախումբը հանցավոր կազմակերպություն է, որը հայ ժողովրդի իշխանությունը յուրացրել է բռնությամբ, խաբեությամբ ու կեղծիքով: Այդ պատճառով` ժողովրդի իշխանության յուրացմանը մասնակցած և/կամ դրա պայմաններում ձևավորված պետական կառավարման մարմինների` Նախագահի, Կառավարության, Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի որոշումները չեն արտահայտում հայ ժողովրդի կամքը և իրավաբանական ուժ չունեն:
Ուստի ներկայումս Ազգային ժողովում դիտարկվող համաձայնագրերի վավերացման վերաբերյալ տեղի ունեցող քննարկումը` անկախ դրա արդյունքից և մասնակիցների դիրքորոշումներից, ժողովրդի իշխանության յուրացումը լեգիտիմացնելու և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը օտարին հանձնելու գործողություն է:
Կարդացեք նաև
Նման պայմաններում միակ ելքը համաժողովրդական դիմադրական պայքարն է, որը պետք է գլխավորի ժողովրդի կամքն արտահայտող և պետական կառավարման համակարգից դուրս ձևավորվող ներկայացուցչական մարմինը` ապագա Հայաստանի Հիմնադիր խորհրդարանը:
Միևնույն ժամանակ` նշված միջազգային պայմանագրերի կնքումն ապահովող պաշտոնատար անձինք, այդ թվում` դրանց վավերացման օգտին քվեարկող Ազգային ժողովի պատգամավորները քրեական պատասխանատվության են ենթարկվելու ոչ միայն որպես հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր կազմակերպության անդամներ, այլև որպես Հայրենիքի դավաճաններ:
Այս ամենի հաշվառմամբ` Նախախորհրդարանը մեր ժողովրդին կոչ է անում օր առաջ միանալ ազգային-ազատագրական պայքարին, իսկ իրենց Հայրենիքի ծառա համարող պատգամավորներին հորդորում է մինչ այդ նաև հրաժարվել գաղութացման ու ցեղասպանության գործիքի վերածված պետական կառավարման համակարգին իրենց կապող պատգամավորական մանդատներից, համախմբվել ու ձևավորել ազատագրական պայքարի կառավարման մարմինը` Հիմնադիր խորհրդարանը:
Նախախորհրդարանը հայտարարում է, որ Հայաստանում (Արցախը ներառյալ) ինքնիշխան հայ ժողովրդի կամքի վերահաստատումից հետո համապատասխանաբար դադարեցվելու կամ չեղյալ են հայտարարվելու գործող վարչախմբի, ինչպես նաև նրա նախորդների կնքած այն միջազգային պայմանագրերը, որոնք հակասում են մեր ազգային շահերին: