Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարել է իրավական տեսանկյունից ուսումնասիրել գետերի վրա ջրամբարներ կառուցելու Թուրքիայի միակողմանի որոշումը

Դեկտեմբեր 21,2013 15:06

Taregrqi shnorhandes4Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Միջազգային համեմատական իրավունքի հայկական անդրանիկ տարեգրքի, www.karabakhfacts.am տեղեկատվական կայքի շնորհանդեսին և ամենամյա-գիտաժողով քննարկմանը՝ նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության իրավական հիմնախնդիրներին:

Տիգրան Սարգսյանը ողջունել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի կողմից նշված աշխատանքների իրականացումը և կարևորել միջազգային իրավունքի տեսակետից մեր երկրին առնչվող տարբեր հիմնախնդիրների ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացումը: 

«Այս խնդիրն առավել արդիական է մեզ համար, եթե հաշվի առնենք այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է մեր երիտասարդ պետությունը: Այսօր միայն Լեռնային Ղարաբաղի հարցը չէ, որ պետք է գտնվի համեմատական իրավունքի տեսակետից, քանի որ այսօր առնչվում ենք բազմաթիվ այլ հարցերի ևս: Այսօր կարևոր է նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, հաշվի առնելով, որ այդ ռեսուրսների մի զգալի մասը ձևավորվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Այդ երկրի կառավարությունը միակողմանիորեն որոշում է ընդունել, մասնավորապես, 20 մլրդ դոլար է հատկացրել Արարատյան դաշտավայրում ձևավորվող ջրային պաշարների վրա մեծ ազդեցություն ունեցող գետերի վրա ջրամբարների կառուցման համար: Ըստ մասնագետների՝ տարիներ հետո լրջագույն խնդիր ենք ունենալու Արարատյան դաշտավայրում ոռոգման համակարգերի հետ կապված»,- ասել է ՀՀ վարչապետը:

Այդ առումով, Տիգրան Սարգսյանի խոսքով, կան որոշակի իրավական հիմքեր, որոնք հնարավորություն պետք է ընձեռեն, որպեսզի Հայաստանը պաշտպանի իր ազգային շահերը: Մասնավորապես, վարչապետի դիտարկմամբ. պետք է բացահայտել միջազգային պայմանագրեր, կոնվենցիաներ, փաստաթղթեր, որոնք  հնարավորություն կտան միջազգային ատյաններում պաշտպանել մեր շահերը: Կառավարության ղեկավարի տեղեկացմամբ հիշատակվում են նաև պայմանագրեր, որոնք կնքվել են դեռևս Խորհրդային միության տարիներին:

«Երկրորդ խնդիրը, որը նույնպես գտնվում է իրավաբանական հետազոտությունների ոլորտում,  ատոմային նոր էներգաբլոկի կառուցումն է, որի շուրջ պարտավոր ենք հաշվի առնել հարևան պետությունների դիտարկումները` մինչ շինարարական աշխատանքների սկիզբը: Մասնավորապես, պետք է լուրջ իրավաբանական սպասարկում, որպեսզի հետագայում խոչընդոտներ չունենանք նոր բլոկի կառուցման գործում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ նմանատիպ խնդիրները, որոնք ունեն տարածաշրջանային նշանակություն՝ բազմազան են: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ լուրջ ուսումնասիրության առարկա պետք է հանդիսանա նաև հարևան պետության կողմից սպառազինության բնագավառում միջազգային պարտավորությունների խախտման հարցը:

Տիգրան Սարգսյանը ողջունել է երիտասարդ հետազոտողների գործունեությունը և կոչ արել շարունակել այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները;

Միջազգային համեմատական իրավունքի հայկական անդրանիկ տարեգրքում ներկայացված են այդ բնագավառում Հայաստանին առնչվող հիմնախնդիրների իրավական ասպեկտները, իսկ www.karabakhfacts.am տեղեկատվական կայքը հնարավորություն կտա բոլորին օբյեկտիվորեն ծանոթանալ ԼՂ հիմնախնդրին:

 

ՀՀ կառավորության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031