Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոլոգիական հասարակական դաշինք. Սևանը ցանկանում են վերածել ձկնաբուծական գործարանի

Դեկտեմբեր 21,2013 14:46

Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմում է բոլորին՝ քաղաքական գործիչներին, կառավարությանը, ստեղծագործական միություններին, հասարակական կազմակերպություններին, շարժումներին, երկրի քաղաքացիներին:
Սևանը հերթական անգամ կանգնած է մեծ վտանգի առջև: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը»:

Նախագիծը ներկայացված է որպես բնապահպանական, չնայած որ նախագծի բովանդակությունն ուղղակիորեն հակասում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին: Օրենքի նախաբանում ասված է. «Սույն օրենքը սահմանում է Սեւանա լճի՝ որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն (վերականգնողական) եւ հոգեւոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման (այսուհետ՝ վերարտադրություն), պահպանման եւ դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները: ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՆ Է»:

Առաջարկվող ծրագրում նախատեսված է ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրությունը մինչ 2023թ-ը հասցնել տարեկան մինչև 50 000 տոննայի:  Դրա համար տարեկան լիճ պետք է լցվի  նաև ֆոսֆոր և ազոտ պարունակող 50 000 տոննա արհեստական կեր: Հենց այս տարրերի շնորհիվ է ապահովվում ձկան արագ աճը: Մենք չունենք տվյալներ այն մասին, թե ինչ է տեղի ունենում ձկան հետ արհեստական կերակրումից հետո: Նման տեսակի գիտական աշխատանքները պահանջում են երկար ժամանակ և մեծ միջոցներ: Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտն անցկացնում է կերի եւ ձկների համար տեղադրված ցանցավանդակների տարածքներից վերցված ջրի նմուշի ուսումնասիրություն՝  հայտնաբերելու աղտոտող նյութերի, ֆոսֆորի և ազոտի պարունակությունը: Ջրի նմուշների վերլուծության  արդյունքները չեն կարող փոխարինել թանկարժեք ուսումնասիրություններին, որոնք անհրաժեշտ են նման ծրագրերի հաստատման համար: Մյուս կողմից, ազոտը և ֆոսֆորը այն աղտոտիչներից են, որոնք նպաստում են Սևանի ճահճացմանը: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում նախատեսված են լճի ճահճացման  դեմ ուղղված նախազգուշացման միջոցառումներ` մասնավորապես ջրի մակարդակը  6 մետր բարձրացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ջրի մակարդակի բարձրացումն արդեն իսկ ներգրավել է եւ դեռ կներգրավի մեծ ջանքեր և մեծ միջոցներ` կապված նոր ճանապարհներ գցելու, էլեկտրալարեր անցկացնելու, նախատեսված 1903,5 մետր նիշից  ցածր նիշերում գտնվող հիմնական կառույցների  քանդման հետ և այլն: Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար Հայաստանն արդեն հիմա բյուջեից տարեկան մեկ միլիոն դոլար է ծախսում: Եվ ինչ, մենք պետք է զոհաբերե՞նք այդ ամենը  ձկնային բիզնեսի շահերի համար: Վերադառնանք ծրագրին, որտեղ հստակ ասված է, որ Սևանում կթողնվի ստացված ձկան քանակության 1,5%-ը, մնացածը կվաճառվի:

Նախագծի հեղինակները հղում են անում նրա վրա, որ կօգտագործվի լճի ամբողջ ծավալի ընդամենը  0,03 %-ը, և դա շատ ավելի քիչ է, քան այլ երկրների ջրամբարներում ցանցավանդակային տնտեսությունների համար ընդունված սահմանափակումներն են:  Նման համեմատություններն իրավաչափ չեն: Նախ, եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունում հատուկ պահպանվող տարածքներում  արգելվում է պահպանվող էկոհամակարգի վրա ազդող տնտեսական գործունեություն: Երկրորդ, Սևանը պաշտպանված է «Սևանա լճի մասին» ՀՀ հատուկ օրենքով, և անցկացնել նմանություն երկրների հետ, որոնք չունեն այդպիսի առաջնահերթություն, ինչպիսին Սևանն է, և այդպիսի օրենք, անիմաստ է:

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման հանձնաժողովը, որը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն տվյալ ծրագրի վերաբերյալ, պատրաստ է իր վրա վերցնել ծրագրի մոնիտորինգի գործառույթները: Սակայն, հանձնաժողովը չունի վերահսկողության գործառույթ, նա միայն խորհրդատվական մարմին է: Եթե ծրագրի հետագա զարգացման վերաբերյալ հանձնաժողովը հայտնի բացասական կարծիք, ապա այդ կարծիքը չի ունենա հարկադիր ուժ կատարման համար:

Մոնիտորինգի արդյունքները կարող են փակ մնալ հասարակայնության համար: Նշենք, որ արդեն իսկ հանձնաժողովի անդամները հրաժարվեցին հասարակայնությանը տրամադրել Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի կողմից անցկացված պիլոտային ձկնաբուծական տնտեսության ջրի նմուշների ուսումնասիրման արդյունքները: Մերժման հիմնավորման մեջ ասված էր, որ ուսումնասիրությունների համար վճարել է «Էմի ֆրութ» ընկերությունը, և արդյունքները համարվում են ընկերության սեփականությունը:

Ծրագրում նշված է, որ Սևանի պահպանման հիմնադրամի միջոցները կհամալրվեն, քանի որ ստացված ձկան ամեն կիլոգրամից 200 դրամ կփոխանցվի հիմնադրամին: Ակնկալվում է, որ 2023 թ-ին հիմնադրամ փոխանցված կլինի 23 միլիարդ դրամ: Այս թիվը ոչնչով հաստատված չէ: Ոչ ոք չի երաշխավորում, թե որքան ձուկ կենդանի կմնա, եթե, օրինակ, սառնամանիքներ լինեն, որքանը կսատկի և որքան դուրս կհանվի վաճառքի: Ով է հաշվի առնելու այդ կորուստները կամ եկամուտը, անհայտ է, քանի որ ծրագրում այդ մասին ոչինչ չի ասվում:

Ծրագրից հստակ է մի բան, որ մարդկանց մի խումբ հետաքրքրված է օգտագործել Սևանա լիճը որպես անվճար ջրամբար ձկնաբուծության համար և դառնալ մենաշնորհատեր այդ ոլորտում: Դա բիզնես-ծրագիր է, որի մեջ բարձրաստիճան պաշտոնյաները ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆԵՐԴՆԵԼ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆԸ ՍԵՎԱՆԻ ՏԵՍՔՈՎ:

Այս նախագծի հետ գրեթե միաժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն կրկին հանդես է եկել՝ առաջարկությամբ ավելացնել ջրի բացթողումները «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտա­դրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված առավելագույն  170 միլիոն խմ-ի փոխարեն մինչև 240 միլիոն խմ: Այս անգամ պետկոմիտեն որպես հիմնավորում բերել է ոչ թե երաշտը, այլ ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրի գերօգտագործման արդյունքում Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի վիճակի վատթարացումը: Հիշեցնենք, որ վատ կառավարման համար պատասխանատվություն են կրում պետական չինովնիկները, որոնք մի կողմից տրամադրել են թույլտվություններ, թե որտեղ ջուր կարող է ավելի շատ օգտագործվել, մյուս կողմից, չեն իրականացրել բավարար վերահսկողություն ջրի անօրինական օգտագործման նկատմամբ: Արդյունքում, տեղի է ունեցել ստորգետնյա ջրերի ռեսուրսների սպառում, բերրի հողերը դարձել են աղուտներ: Մեղավորներին պատժելու և Արարատյան հարթավայրի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ շտապ քննարկում անցկացնելու, գիտնականներին և մասնագետներին ներգրավելու փոխարեն գտնվել է ամենապարզ որոշումը՝ առանց հետևանքները հաշվի առնելու օգտագործել Սևանա լճի ջրերը:

Դաշինքը կարծում է, որ լճի էկոհամակարգի քայքայումը, ջրի որակի վատացումը կարող է ունենալ անդառնալի և աղետալի հետևանքներ ամբողջ երկրի և տարածաշրջանի համար:

Սևանա լճի էկոհամակարգը պետք է պահպանվի, իսկ ջրի որակը բարելավվի Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման, ջրի աղտոտման կրճատման, մաքրման կայանների տեղադրման հաշվին: Իշխանի և այլ տեսակի ձկների բազմացումը պետք է տեղի ունենա բնական պայմաններում, որի համար ձկների ձվադրավայրերը պետք է ազատվեն փոքր ՀԷԿ-երից: Պետք է ընդունվեն լիճ թափվող գետերի ավազանների կառավարման պլաններ, որտեղ կներառվեն կետեր կենցաղային եւ արդյունաբերական թափոնների հեռացման վերաբերյալ: Պետք է արգելվի հանքավայրերի շահագործումը, որոնց թափոնները լցվում են գետեր և վերջնական արդյունքում` Սևանա լիճ: Առաջին հերթին խոսքը Սոթքի ոսկու հանքավայրի մասին է, որը շահագործվում է բաց եղանակով և որտեղ կա հանքաքարը ջարդող-տեսակավորող սարքավորում, այսինքն` իրականացվում են հանքաքարի վերամշակման առաջին փուլի աշխատանքները, ինչն արգելված է օրենքով: Պետք է լուծվի Սևանի առափնյա արգելված գոտում անօրինական շինությունների խնդիրը, լուծվի աղբի խնդիրը:

ԵԹԵ ՍԵՎԱՆԸ ՈՉՆՉԱՑՎԻ, ԱՊԱ ՀԱՅՍԱՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

«ԷկոԼուր» տեղեկատվական հ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031