Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «ՀՀ-ում սեպտեմբերի 3-ից հետո տեղի ունեցավ ներկա-բացակա»

Դեկտեմբեր 21,2013 14:10

«ՀՀ-ում սեպտեմբերի 3-ից հետո տեղի ունեցավ ներկա-բացակա»,-այսօր «Դեբատ» ակումբում հայտարարեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Շարունակելով նա ասաց, որ սեպտեմբերի երեքից հետո պարզ դարձավ, թե ովքեր են հայկական պետականության կողմնակիցները և հայկական պետությունը չճանաչող և հայ ժողովրդին պետական ժողովուրդ չհամարող քաղաքացիները:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը անդրադարձ կատարեց գազի գնի հետ կապված գործարքներին ու խնդիրներին և նշեց. «Ամբողջ աշխարհը կզարմանա, երբ ասես, թե առևտուր ենք արել, հետո երկու տարի հետո ենք որոշել գինը պայմանավորվել»: Պարոն Հայրիկյանը փաստեց, որ այսօր մենք խայտառակ վիճակում ենք, երբ մեզ դարձնում են «անբարո ու փչացած» և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից մինչև տրանսպորտի ուղեվարձի հարցր փորձում են «խեղվել է մեր ժողովրդի պատկերը» ու «ստիպում ենթարկվել ռուսական իմպերիալիզմին»:

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր ունի լավագույն հնարավորությունը ճեղքելու ստեղծված իրավիճակը. «Սա նոր փուլ է գիտակցման և ապստամբությունների: Փնտրտուքը համատարած է, Արևմուտքն էլ է գտնվում խորը ճգնաժամերի մեջ: Սա կողոպուտի համակարգի արհեստական փաթեթավորումն է: Իրականում Հայաստանում կա այդ ճեղքման համար լավագույն պոտենցյալը»:

ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը, հակադրվելով այն կարծիքներին, թե միանալ Մաքսային միությանը, նշանակում է կորցնել ՀՀ ինքնիշխանությունը, ասաց. «Չեմ համարում դա ինքնիշխանության կորուստ, քանի որ հարց է, թե արժե լրիվ անկախ ապրել այս դինամիկ աշխարհում, կամ կարո՞ղ ենք գոյություն ունենալ լրիվ անկախ այս դինամիկ աշխարհում: Կան հարցեր, որ հրապարակային դժվար է վերլուծել: Իվերջո, Ռուսաստանը եղել և մնում է մեր անվտանգության երաշխավորը, քանի որ շատ հստակ թուրքական շահեր կան: Չկա և-և, չկա կամ-կամ , այսօր կա անվտանգության հետ կապված խնդիր»:

ՀՀ նախկին սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանը նշեց. «Իրավիճակը ստանդարտ չէ, և պատմությունը կրկնվելու հատկություն ունի: 21-րդ դարի այդ ժամանակահատվածը նման է 20-րդ դարի 20-ական թվականներին: Մեզ միշտ կանգնեցրել են կոտրած տաշտակի առաջ: Արդեն ժամանակն է, որ մենք առասպելներից ավելի իրատես լինենք ու կատարենք իրատեսական քայլեր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031