Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքում Գյումրին կդառնա «ուրախ, զվարթ» քաղաք

Դեկտեմբեր 21,2013 13:51

Գյումրու քաղաքապետը ներկայացնում է իր պատկերացումներն այս թեմայի շուրջ

Երեկ քննարկվեց Գյումրու 2014 թվականի բյուջեի նախագիծը, որը ավագանու անդամներին ներկայացրեց Սամվել Բալասանյանի խորհրդատու Արարատ Բալաբեկյանը: Վերջինս տեղեկացրեց, որ բյուջեն` ներառյալ դոտացիան, կազմելու է երեք միլիարդ հարյուր վաթսունվեց միլիոն հինգ հարյուր հազար չորս հարյուր դրամ: Այսինքն՝ այն շատ փոքր թվով կավելանա նախորդ տարվա հետ համեմատ, քանի որ նախատեսել են 30 միլիոնով ավելացնել սեփական եկամուտները: Ու մինչ վերջինս մանրամասնորեն ներկայացնում էր, թե եկամուտների որ մասն է ավելացել, որը՝ պակասել, ինչ ծախսեր են արել, սոցիալապես անապահովներին ինչ գումարներն են նվիրաբերել, քանի միլիոնի վառելիք են տվել եւ այլն, ավագանու միակ կին անդամը` Նարինե Մեսրոպյանը, անկեղծ մի զրույց սկսեց օգնություն հատկացնելու թեմայով: Տիկինն առաջարկեց ծայրահեղ աղքատ ընտանիքներին 10 հազարական դրամ օգնություն տալու փոխարեն այդ գումարը ուղղորդել նրանց երեխաների անվճար մանկապարտեզ հաճախելուն: «Ոչ թե գումարի տեսքով իրենց օգնենք, այլ որոշակի ծառայություն մատուցենք, օրինակ` ասենք, մանկապարտեզ հաճախեն, կամ շնորհալի երեխաներ կան ծայրահեղ աղքատ, որոնք երաժշտական դպրոցներ գնալու կարիք ունեն, սպորտդպրոցներ գնալու: Միեւնույն է՝ իրենք այնքան էլ գոհ չեն մեզանից 10 հազար դրամի համար»,- նկատեց Նարինե Մեսրոպյանը:

Այստեղ թեթեւակի վիճաբանություն ծագեց աղքատներին օգնել-չօգնելու թեմայի շուրջ: Նարինե Մեսրոպյանին ընդհատեց Արարատ Բալաբեկյանը` նշելով, որ կան ընտանիքներ, որոնց համար 10 հազար դրամն էլ մեծ փող է: Տիկինը չհամաձայնեց` առաջարկելով 10 հազարականը տալուց հետո գնալ այդ ընտանիք ու համոզվել, որ նրանք իրոք դժգոհ են, քանի որ ակնկալում են 20-30 հազար դրամ: Նրանց խոսակցությանը միջամտեց Գյումրու քաղաքապետը` ասելով. «Ասեմ, որ սա նախակրթարանների հետ կապ չունեցող հարց է, մենք նախատեսել ենք, ավելացրել ենք անապահով ընտանիքների երեխաներին նախակրթարաններում: Ուսումնասիրում ենք, շատ լուրջ աշխատանքներ են տարվում նախակրթարաններում գնումների հետ կապված, ճիշտն ասած՝ որոշ դժգոհություններ կան նախակրթարանների տնօրենների կողմից:

Իսկ ինչ մնում է սոցիալապես անապահով ընտանիքներին, մենք ամբողջ տարվա ընթացքում, եւ ոչ միայն քաղաքապետարանը, օգնեցինք: Հիմա, ճիշտն ասած, ես էդ թիվը ավելացնելու եմ, մինչեւ 12 միլիոն եմ դարձնելու, կտեսնենք՝ ինչքան ավելացնենք, մեր հնարավորության չափով: Բայց ես Ձեզ ասեմ, որ մենք 30 հազար էլ տանք, 50 հազար էլ տանք, 100 հազար էլ տանք, վերջում հանենք «Մերսեդես» նվեր տանք, միեւնույն է՝ մարդը դժգոհ կմնա, որովհետեւ մարդը աշխատանք չունի: Այ, էս խնդիրն է կարեւոր, որ մարդուն կարողանանք աշխատանքով ապահովել: Մեզ նրանք դիմում են, մենք էլ, որպես քաղաքային իշխանություն, բնականաբար փորձում ենք ընդառաջել նրանց, թեկուզ 15 հազար էլ տանք, դա շատ քիչ կլինի: Հիմա «Ծառուկյան» հիմնադրամով 20 հազար են բաժանում, բոլորը դժգոհ են, ասում են՝ թող 200 հազար տան: Մեկը գոհ է մնում, մյուսը՝ դժգոհ, բան չունեմ ասելու, բայց մեր հնարավորության սահմաններում մենք գոնե կարողանում ենք օգնել»:

Սամվել Բալասանյանը մեկ անգամ եւս նկատեց, որ գյումրեցիներին աշխատատեղեր են պետք, եւ հույս հայտնեց, որ 2014 թվականին կփորձեն այդ հարցը լուծել: Ըստ քաղաքապետի՝ տեխնոպարկը կբացվի, եւ այլ ծրագրեր կգործարկվեն, իսկ այս պահին մաքրողների ու վարորդների թափուր աշխատատեղեր կան Գյումրու քաղաքապետարանում: «Մարդ կա՝ չի սիրում աշխատել, 88 թվականից մինչեւ հիմա օգնություններով է սովորել ապրել, սովորություն է դարձել, հիմա կարող է չուզի աշխատել, բայց մենք չպիտի հաշվի առնենք: Մեծահոգի եղեք, խնդրում եմ, մեր համայնքը ինչ հնարավորություն ունի, բարեգործները ինչ հնարավորություն ունեն, պիտի օգնեն:

Հիմա ինչքան էլ տաս, հերիք չի անի, որ մարդը Նոր տարի անի, բնական է, որովհետեւ սննդամթերքն է թանկացել: Դժգոհություն է առաջ գալիս, ինչքան ուզում ես՝ քաղաքը գեղեցկացրու, ինչքան ուզում ես՝ ասֆալտապատի, մարդու սոցիալական խնդիրը պետք է կարողանանք լուծել, այ, էս հարցի շուրջ եկեք առաջարկություններ անենք, բարեգործներին գտնենք, որպեսզի գան էստեղ ներդրումներ կատարեն: Այ, էդ ժամանակ շատ ուրախ, զվարթ քաղաք կունենանք»,- մի պահ երազանքների գիրկն ընկավ Գյումրու քաղաքապետը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031