Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչ Իրա Սարդարյանը 1992 թվականից բնակվում է այդ շենքում: 2003 թվականին Իրան՝ ամուսնու հետ, ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, քանի որ նրանք բռնագաղթվել էին Գետաշենից: Սկզբնական շրջանում եղել են որպես փախստականներ, սակայն տեսնելով, որ այդ կարգավիճակն իրենց ոչինչ չի տալիս, ձեռք են բերել քաղաքացիություն, որի հետեւանքով իրենց վիճակն ավելի բարդացել է: 2004 թվականին Իրան ընտանիքի անդամների հետ հաշվառվել է Սիսակյան 3 շենքի 10-րդ բնակարանում եւ օրենքով սահմանված կարգով ունի այն բոլոր փաստաթղթերը, որոնցում նշված է հաշվառման մասին: 5 տարուց ավելի է, որ ունի փաստացի բնակում, որն էլ հիմք է նրան բնակարան հատկացնելու համար:
Ընտանիքը բաղկացած է 8 շնչից, որոնցից միայն երկուսն անչափահաս երեխաներ են: Բոլորով բնակվում են 24 քմ հատկացված փոքրիկ սենյակում, որում միայն շարժվելն արդեն իսկ նեղություն է պատճառում: Մեզ հետ զրույցի ժամանակ Իրան ասաց, որ որդու՝ Խորեն Բայանդուրյանի գրանցումը չէր լինում այդ հասցեի վրա. «Մեծ տղաս՝ Խորենը, այս հասցեից է գնացել բանակ ծառայության՝ 2009 թվականին:
2007 թվականին դիմել էի թաղապետարան, որպեսզի Խորենին էլ գրանցեինք, սակայն ինձ մերժեցին առանց պատճառի: Դրանից հետո տղայիս տարան բանակ: Եթե իմ տղան գրանցում չունի, ապա ինչպե՞ս են այս հասցեի հիման վրա տանում բանակ: Քանի կար հասցե չուներ ու երբ բանակի ժամանակն եկավ, ապա հասցեն էլ ինքնիրեն ի հայտ եկավ»: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Իրա Սարդարյանն այն ընտանիքներից է, որն ընդգրկված չէ նոր բնակարան ստացողների ցանկում: 25 ընտանիքի համար արդեն իսկ հատկացվել են բնակարաններ, սակայն նա այդպես էլ շարունակում է ապրել այդ վթարային շենքում՝ չունենալով ապրելու համար նորմալ պայմաններ եւ արդյունքում՝ ունենալով 8 շնչից բաղկացած ընտանիք, փաստացի բնակության փաստաթղթեր: Իրան դիմել էր ՀՀ վարչական դատարան: Հայցով խնդրում էր դատարանին, որպեսզի պարտավորեցնեն քաղաքապետարանին՝ իրեն տրամադրել նոր բնակարան, սակայն դատարանը նրա հայցը մերժել էր: Իրան ձեռնպահ չէր մնացել: Նա վճիռը բողոքարկել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում: Բողոքին ներկայացել էին բողոք բերող անձ Իրա Սարդարյանի՝ դատարանում որպես ներկայացուցիչ Մարո Խաչատուրյանը, պատասխանող կողմ՝ Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ ֆինանսների եւ քաղաքաշինության նախարարությունների ներկայացուցիչները:
Դատարանը նիստի ժամանակ հարցրեց Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչին, թե՝ արդյոք ընդունո՞ւմ են իրենք, որ հանդիսանում են պարտավոր անձն այդ գործով, քաղաքապետարանի ներկայացուցիչը պատասխանեց. «Այո»:
Կարդացեք նաև
Մարո Խաչատուրյանը ներկայացրեց գործում առկա բացթողումները: Նա խնդրեց դատարանից, որպեսզի փոփոխեն Վարչական դատարանի ակտը եւ բավարարեն հայցը՝ պարտավորեցնեն Երեւանի քաղաքապետարանին կայացնել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ տրամադրեն նոր բնակարան Իրա Սարդարյանին եւ դուրս բերեն վթարային շենքից:
Մինչ Վարչական վերաքննիչ դատարանն անցել է խորհրդակցական սենյակ, որպեսզի հրապարակի Իրայի բնակարանի հայցով բողոքը, որն, ի դեպ, 2013 թվականի դեկտեմբերի 26-ին է, Իրան ճնշված է իր ընտանիքի անդամներով: Նա այլեւս չի կարողանում սպասել, քանի որ շենքի պատերը խարխլված են եւ օրեցօր շենքի հիմքը թուլանում է, իսկ բնակարանում ունի վիրահատություն տարած որդի, նորածին երեխա: Տան ցուրտ, խոնավ բետոնե հատակն ամեն անգամ «սպառնում» է նրա ընտանիքին իր սառնությամբ եւ առանց այդ էլ դժվար կյանքն էլ ավելի մղձավանջային դարձնում:
«Ես հիմա նույնիսկ փոքրիկ անկողին դնելու տեղ չունեմ, որ նորածին երեխային տեղավորեմ քնելու»,-«Առավոտի» հետ զրույցի ժամանակ սրտնեղած ասաց Իրան: Վթարային շենքը, բազմաշունչ ընտանիքը, աննորմալ ապրելու պայմանները գալիս են ոչ թե ընտանիքի, քաղաքացու անտարբերությունից, այլ պատասխանատուների հովանավորության պակասից, չվերահսկվող անտարբերությունից:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Այսօր, ժամը 17:55-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը հրապարակեց որոշումը Իրա Սարդարյանի գործով, որով, ինչպես և սպաելի էր, նմանատիպ գործերով, որոնք կարող են նախադեպային լինել մյուս բնակիչների համար, մերշել էր վերաքննիչ բողոքը: Սպասենք որոշմանը` տեսնելու դատարանի պատճառաբանությունը