«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահը օրինակ է ծառայում
«Առավոտը» վերջին շրջանում հաճախ է անդրադարձել Հայաստանում «Անտարես» մեդիա հոլդինգի կողմից տպագրության ոլորտում իրականացված նորարարություններին:
Խմբագրությունում հյուրընկալված «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը «դատարկ ձեռքով» չէր եկել: Նշելով, որ անկախ նրանից, թե մեր ժողովրդի քանի տոկոսն է ունեւոր, քանիսը՝ չունեւոր, նա ասաց, որ հայերս արագ ենք տիրապետում նորին, հենց թեկուզ այն պատճառով, որ նորը մոդայիկ է: Իսկ այդ «նորը» «Անտարես նանո պրինտ» տպարանի արտադրանքն է՝ նանոտեխնոլոգիաների կիրառմամբ:
Անդրադառնալով իրենց հերթական նորարարությանը ու դրա պատմությանը, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Առաջին անգամ 1959թ. Ռիչարդ Ֆեյմանը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում ասել է, որ կարելի է ստեղծել մանիպուլյատոր, որոնք կարող են տեղափոխել ատոմ: Հավաստիացրել է նաեւ, որ այդ գաղափարը ֆիզիկայի եւ ոչ մի օրենքի չի հակասում: 1974-ին էլ ճապոնացի Նորիո Տանիգուտին առաջին անգամ օգտագործեց նանոտեխնոլոգիա եզր, այդպես անվանելով մի քանի նանոմետր չափ ունեցող իրերի արտադրությունը: Մարդկությունը տարբեր տիպի սարքերի, այդ թվում միկրոսկոպների միջոցով ուսումնասիրել է մոլեկուլյար եւ միկրոսկոպիկ չափերի տարրեր: Օրինակ՝ նանոմասնիկների չափը կազմում է 1 մետրի միլիարդերորդ չափը: Վերջիններս լուրջ կիրառություն ունեն միկրոէլեկտրոնիկայում, չիպերի արտադրության մեջ, ինչպես նաեւ նանոգրաֆիկայում»: Մարտիրոսյանը հավելեց նաեւ, թե աշխարհում հետազոտություններ են իրականացվում եւ փորձարկվում, երբ մետաղի նանոմասնիկները ներարկում են մարդու օրգանիզմ եւ ներթափանցելով բջջի մեջ, կարողանում են վերջինիս ջերմաստիճանը բարձրացնել ու արդյունքում, օրինակ, քաղցկեղի բջիջը մահանում է, իսկ առողջ բջիջը դիմակայում:
Մեր զրուցակցին խնդրեցինք բժշկությունից վերադառնալ տպագրության ոլորտ: «Բոլորիս հայտնի են պատճենահանման սարքերը: Եթե նախկինում դրանց փոշին հատուկ մաղերով էր անցկացվում, ապա այսօր կիրառվում է նանոտեխնոլոգիաների արդյունքում ստացված միատարր փոշի, դրա արդյունքում թվային տպագրման պատկերներն, օրինակ, ավելի գունեղ են»,- ասաց պարոն Մատիրոսյանը: Նա նշեց, որ հիմա իրենք առաջարկում են նոր տուփեր, փաթեթներ՝ նանոտպագրությամբ ու նանոնյութերով, այդ թվում՝ չթրջվող թղթեր, հակաբակտերիալ փաթեթներ, որոնք, ի դեպ, ստացվում են մակերեսին արծաթի ատոմ նստեցնելով:
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ ի վերջո նանոտեխնոլոգիաները գիտության արդյունք են, Արմեն Մարտիրոսյանը հավաստիացնելով, թե Հայաստանում դրանով չեն զբաղվում, իսկ իր խոսքերով՝ «Մեր երկրին ամենամոտ տեղը, որտեղ հետազոտում ու փորձում են նանոտեխնոլոգիաներ կիրառել, դա Մոսկվայի «Սկոլկովո» գիտահետազոտական կենտրոնն է, որը շուրջ 2 տարի ղեկավարվում եւ ֆինանսավորվում է ռուսաստանցի 5 խոշոր միլիարդատերերից մեկի կողմից»:
Շեղվելով տպագրությունից, այս անգամ էլ պարոն Մարտիրոսյանը խոսեց նանոակումուլյատորներից. «Ստեղծվել է գերհզոր նանոակումուլյատոր, որի շնորհիվ այն լիցքավորվում է 15 րոպեում եւ ապահովում մոտ 400 կմ վազք: Իսկ յուղին փոխարինող նանոմասնիկներով նյութը ապահովում է մինիմալ շփում եւ այն փոխելու կարիք չի զգացվում»:
Արմեն Մարտիրոսյանը եւս մեկ անգամ նշելով նանոտեխնոլոգիաների օգտակար գործողության գործակիցը եւ եզրափակելով խոսքը, հորդորեց սկսել դրանց կիրառությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների, տպագրության, բժշկության, կենսաբանության, կենսաքիմիայի եւ արտադրության ոլորտներում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ