Դեկտեմբերի 21-ի լուսաբացը լինելու էր Հայաստանի պատմության մեջ ամենաամոթալի լուսաբացներից մեկը, եթե նախորդ օրը Ազգային ժողովում հայ-ռուսական գազային պայմանագրի քվեարկությունը չհետաձգվեր:
Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվել պայմանագիր, որով Հայաստանը ոչ միայն Ռուսաստանին է փոխանցում «ՀայՌուսգազարդ»-ի իր վերջին 20 տոկոսը, այլ մինչև 2043 թվականը «Գազպրոմ»-ին Հայաստանում օժտում է, այսպես ասած, նախագահական լիազորություններով, գրեթե նախագահական լիազորություններով, և երևի թե միայն չի օժտում հարևաններին պատերազմ հայտարարելու լիազորությամբ:
Համենայնդեպս, կարդալով հայ-ռուսական պայմանագիրը՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պայմանագրի կազմմանը, հայկական կողմի փոխարեն, մասնակցել են, ասենք, ադրբեջանցիները, և Ադրբեջանն ու Ռուսաստանն են որոշել, թե ինչ պետք է անի «Գազպրոմ»-ը Հայաստանում:
Երեկ կայացավ այս պայմանագրի քննարկումը, սակայն քվեարկություն տեղի չունեցավ, սակայն քվեարկությունը նշանակվել է երկու օրից: Իշխանություններն, ամենայն հավանականությամբ, որոշեցին ռիսկի չդիմել, քանի որ ընդդիմությունը կարող էր պարզապես բոյկոտել, չմասնակցել քվեարկությանը, իսկ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը քվորում չէին ապահովի: Դա արդեն կլիներ սկանդալ, լրջագույն սկանդալ: Միգուցե կային ներքին իշխանական ա՞յլ պատճառներ, որ նախագծի քվեարկությունը հետաձգվեց:
Կարդացեք նաև
Այսպես, թե այնպես՝ ամենաամոթալի առավոտներից մեկը ոչ թե չեղյալ է հայտարարվել, չեզոքացվել դրա հնարավորությունը, այլ պարզապես հետաձգվել է երկու օրով, և այն կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 24-ին: Սակայն եթե այն հետաձգվել է, այսինքն՝ եթե երեկ տեղի չի ունեցել, ապա սա նշանակում է, որ թեկուզ տեսականորեն այն կարող է և տեղի չունենալ ընդհանրապես:
Այս հեռանկարին քչերն են հավատում՝ իհարկե, միգուցե եզակի մարդիկ, քանի որ բոլորը վստահ են, որ երկուշաբթի բերման կենթարկվեն բոլոր ՀՀԿ-ական և ՕԵԿ-ական պատգամավորները և կդակեն այդ որոշումը:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: