Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան.«Տիգրան Սարգսյանն ու Արմեն Մովսիսյանը արգելանք են դնում ՀՀ ապագա վեց նախագահների գործունեության վրա»

Դեկտեմբեր 21,2013 11:22

Երեկ, երբ  ՀՀ խորհրդարանը արտահերթ ռեժիմով քննարկում էր «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ՀՀ կառավարության ունեցած 20% բաժնեմասի ուղիղ վաճառքի մասին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրի վավերացման հարցը, հնչեցին բազմաթիվ քննադատական, հուզական, զգայական ելույթներ եւ հարցեր՝ 25 հարց եւ 20 ելույթ:

Դրանց ամբողջությամբ անդրադառնալ, բնականաբար, հնարավոր չէ, սակայն, կներկայացնենք մեր սուբյեկտիվ գնահատմամբ ամենադիպուկ եւ սուր քննադատությունը, որ հնչեցրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը.

«Բացարձակապես անընդունելի է այս հապճեպ ոճը, որով նման կարեւորության համաձայնագրերը բերվում են խորհրդարան՝ քննարկման համար: Մենք պետք է ժամանակ ունենանք ներկայացվող փաթեթները մանրակրկիտ ուսումնասիրելու համար, մանավանդ, երբ ճակատագրական հարցերի մասին է խոսքը: Շատ խոսվեց պարտքի առաջացման, պարտքը վճարելու վերաբերյալ: Ես դրան շատ չեմ անդրադառնա, համամիտ եմ, որ նման գործարքների  մասին վերջին քննարկումները եւ արտահերթ լսումները, որ անցկացրեցինք, ավելի նման են հանցագործության մասին հաղորդման, որտեղ բազմաբնույթ հանցագործություն է տեղի ունեցել՝ փողերի լվացում, կոռուպցիա, խարդախություն եւ այլն: Վստահ եմ, որ սա մեր ներքին օրենսդրական դաշտով կարգավորվելիք հարց է, եթե ոչ այժմ, ապա ապագայում: Այստեղ չի նշվում միջկառավարական պայմանագրի մասին, սա միջպետական պայմանագիր չէ, այլ՝ միջկառավարական պայմանագիր: Համաձայն 2007 թ. ընդունված միջազգային պայմանագրերի մասին օրենքի՝ ՀՀ միջկառավարական պայմանագրով կարգավորվում են ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան ՀՀ կառավարության իրավասության մեջ մտնող հարաբերություններ:

Սահմանադրական դատարանի որոշումը բացարձակապես անհասկանալի է, իհարկե, բայց այս համաձայնագիրը ոչ միայն իրավասությունից դուրս է հանում կառավարությանը, այլեւ ակնհայտորեն խախտում է Սահմանադրությունը: Այս համաձայնագրով ոչ միայն խախտվում է ՀՀ գալիք նախագահների եւ ԱԺ պատգամավորների՝ Սահմանադրությամբ երաշխավորված լիազորությունների կատարումը, այլեւ ոչ ավել, ոչ պակաս արգելանք է դնում կոնկրետ ոլորտում օրինաստեղծ, օրենսդրական կամ կարգավորող գործողությունների վրա:

Մի կետ հոդված յոթից. «Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչեւ 2043 թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ապագա որեւէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր եւ այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխվի կամ չեղյալ չեն հայտարարվի կամ այլ կերպ չեն ոտնահարի սույն պայմանագրով «Գազպրոմին» տրված երաշխիքները»: Հրամանագիր Հայաստանում ստորագրում է միայն մեկ պաշտոնյա: Կառավարությունը, ստորագրելով այս համաձայնագիրը, որոշել է, որ վեց նախագահներ ապագայում եւ վեց գումարման Ազգային ժողովներ որեւէ հրամանագիր, որեւէ օրենք, որեւէ օրենսդրական  ակտ եւ այլն չեն ստորագրի: Կա հետաքրքիր մի կետ էլ, որ նոր հարկերի կամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի կամ տուրքերի դրույքների ավելացումը նույնպես արգելվում է: Այսինքն՝ մենք կարող ենք վաղը մյուս օրը օրենքներ ընդունել, հարկային փոփոխություններ անել, բայց դա Գազպրոմի վրա չի ազդելու:

Ամենահակասահմանադրականը՝ նույն կետում հայտարարում ենք, որ եթե մինչեւ 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ որեւէ նման ակտ կամ օրենք ընդունվի, ապա այն չի կարող գործարկվել Գազպրոմի նկատմամբ: Սա աբսուրդ է սահմանադրական իրավունքի տեսանկյունից, նաեւ նախադեպ կարող է հանդիսանալ մյուսների համար: Բայց այս միջկառավարական համաձայնագիրը անցնում է նաեւ տիեզերական մակարդակի: Տաստներորդ հոդվածում գրված է, որ նույն համաձայնագրի կատարման շրջանակներում իրականացվող գործունեության եւ դրա իրականացումից առաջացած վեճերի դեպքում կողմերը սույնով անվերապահորեն եւ անդառնալիորեն հրաժարվում են ցանկացած անձեռնմխելիությունից, որոնցից իրենք օգտվում են միջազգային իրավունքով: Ես նման բան չեմ հանդիպել: Այս համաձայնագիրը ստորագրողները մեզ ասում են, որ ի հեճուկս ՀՀ ընտրողների մի քանի սերունդների տված քվեների եւ ի հեճուկս մոտակա 30 տարիներին ԱԺ-ում ձեւավորվելիք ուժերի հարաբերակցության՝ մեր բոլոր գալիք պատգամավորները եւ նախագահները այս ոլորտում պարտավոր են սահմանափակվել Տիգրան Սարգսյանի եւ Արմեն Մովսիսյանի պատկերացրած կոնյուկտուրայի շահերով եւ առաջիկա երեսուն տարիների ընթացքում չքննարկել որեւէ հարց անգամ, որը 2013թ. տվյալ անձնավորությունների սրտով չէր: Անգամ ռուսական ցարերը այսքան քմահաճ չեն եղել: Սա հիշեցնում է կապիտուլյացիայի մասին ակտ: Սա անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար, եւ սրան կողմ քվեարկելը շատ բարդ դրության մեջ է դնելու ոչ թե մեզ, ձեզ, ընդդիմությանը, իշխանությանը, այլ մեր զավակներին, մեր թոռներին:

Կոչ եմ անում մեր մեծամասնությանը՝ սա ապտակ է Ազգային ժողովին, սա ապտակ է հայոց պետականությանը եւ սա սպառնում է մեր անկախությանը»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031