Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆԸ օրերս հայտարարեց, թե 2013թ. լրագրողների նկատմամբ բռնությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է: Ո՞րն է պատճառը։
– Պարոն Մելիքյան, այս տարի հիմնականում ովքե՞ր են եղել բռնություն գործադրողները` քաղաքակա՞ն դաշտի ներկայացուցիչներ, գործարարնե՞ր…
– Եղել են քաղաքական ոլորտի մարդիկ: Հիշենք թեկուզ միջադեպը ավագանու ընտրություների ժամանակ։ Ավագանու թեկնածուն ծեծել էր լրագրողին, երբ վերջինս օրենքի շրջանակներում իր մասնագիտական պարտականություններն էր կատարում:
Նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչներն են ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել, գործարար աշխարհի ներկայացուցիչները: Բայց բոլոր մնացած ոլորտների ներկայացուցիչների ձեռքերը երկարում են միմիայն այն պատճառով, որ նրանք իրենց աչքի առաջ ունեն քաղաքական գործիչների` լրագրողներին «պատժելու» օրինակները:
– Փորձը ցույց է տվել, որ լրագրողների դեմ բռնությունները գործադրվում են երկրում ներքաղաքական իրադարձությունների աշխուժացման ժամանակ: Այս տարվա դիտարկումներն ինչպիսի՞ն են:
– Այս տարվա առաջին եռամսյակում լրագրողների դեմ ֆիզիկական բռնության առաջին դեպքերը գրանցվեցին նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ:
Երկրորդ եռամսյակում գործադրված բռնությունները նույնպես անմիջականորեն առնչվում էին քարոզարշավի հետ` այս անգամ ավագանու ընտրությունների: Այդ ընթացքում ֆիզիկական բռնության 4 դեպք ենք արձանագրել: Հետագա բռնությունները հետընտրական լարված քաղաքական մթնոլորտի հետեւանք էին, երբ ամեն քննադատական խոսք, վարկաբեկող փաստ նման բռնություններ էր հրահրում:
– Կարելի՞ է ենթադրել, որ բռնությունների ավելացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տարին հարուստ էր ներքաղաքական ու հասարակական մի շարք բուռն զարգացումներով:
– Իհարկե, մենք այդ կապը տեսնում ենք: Տարին շատ բուռն էր: Բացի նախագահի եւ քաղաքային իշխանությունների ընտրություններից` ակտիվիստական շարժումներն ու նախաձեռնությունները նույնպես բողոքի բավական մեծ ալիք բարձրացրին, յուրաքանչյուր այդպիսի ալիք սուր արձագանքներ էր ստանում իշխանությունների կողմից, իրավապահների գործողություններն էին շատ ժամանակ բիրտ լինում, նաեւ հասարակության մեջ կարծիքների ու գործողությունների բախումներ էին լինում, ինչպես Փակ շուկայի դեպքում:
Բնական է, որ այդ բախումների ընթացքում ու լարված իրադրություններում լրագրողներն իրենց գործն անելիս տուժում էին: Մենք այդ ժամանակ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստեր ենք արձանագրել: Բարեբախտաբար հասարակական նախաձեռնությունների ժամանակ լրագրողների ֆիզիկական բռնության դեպքեր չեն եղել:
– Հիմնականում ի՞նչ բնույթի ճնշումներ են գործադրվում լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ:
– Մենք բռնությունների մեր դասակարգումն ունենք` ֆիզիկական բռնություն, տարբեր տեսակի ճնշումներ` սպառնալիքներ, լուսաբանման համար խոչընդոտներ ստեղծել, եւ տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքի խախտումներ:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: