Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր էներգետիկ անվտանգությունը ապահովում ենք հենց նրանով, որ էժան գնով գազ ենք ներկրում». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 21,2013 10:48

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Խորհրդարանական փոքրամասնությունը հայտարարում է՝ կառավարությունը չարաշահել է իր սահմանադրական իրավունքը, գաղտնի գործարքի մեջ մտել ռուսական «Գազպրոմի» հետ, ԱԺ-ին զրկել տեղեկացվածության իրավունքից եւ ժողովրդի թիկունքից ստվերային գործարք կնքել: Ձեր գնահատականը:
– Ընդդիմության նման հայտարությունները շատ բնական եմ համարում, կարծում եմ, որ հասարակությունն էլ է համոզվել՝ ընդդիմությունը ընդդիմանում է բոլոր հարցերում, հակադրվում անգամ լավագույն նախագծերին:
Ինչ վերաբերում է գործարքի գաղտնիությանը, պայմանագիրը դեկտեմբերի 17-ից հրապարակավ քննարկվում է, կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ, այժմ էլ քննարկվում է արտահերթ նիստում, որին ականջալուր հետեւում է մեր հասարակությունը, էլ ի՞նչ գաղտնիության մասին կարող է խոսք լինել:
-Գաղտնիություն ասելով՝ ընդդիմությունը նկատի ունի պայմանագրի կազմման փուլը, որին տեղեկացված չի եղել, փաստից վրդովված պատգամավորներից մեկն անգամ հիշեցրեց Ուկրաինայի վարչապետ Տիմոշենկոյի տխուր ճակատագիրը, որը խորհրդարանից թաքուն գազային գործարք կնքեց ու այսօր գտնվում է քրեակատարողական հիմնարկում:
-Այսինքն՝ մտահոգ են կառավարության ճակատագրո՞վ ու սրտացավորեն պայքարում են, որ հանկարծ մեր կառավարությանը բան չպատահի՞, դա կեղծ «մտահոգություն» է: Նման հայտարարություններ անող ուժերը հստակ նպատակադրում ունեն՝ գործել կառավարության դեմ:
Ի՞նչ է նշանակում՝ խորհրդարանը չի իմացել, թիկունքից են արել: Կառավարությունը կնքում է բազմաթիվ միջազգային պայմանագրեր, ամեն պայմանագրից առաջ պետք է դիմի, հարցնի՝ խորհրդարան, քննե՞մ, թե՞ չքննեմ: Ինչպե՞ս կարելի է նման պահանջ ներկայացնել գործադիրին:
Ընդդիմության նպատակը մեկն է՝ ներազդել ժողովրդի տրամադրությունների վրա՝ ա՜յ տեսեք, այս իշխանությունները մեր գույքը վաճառում են: Չեն մտածում, որ գազը մեր սեփական ապրանքը չէ, այն ուրիշից ենք գնում։ Որպեսզի այդ ուրիշն իր ապրանքը մեզ էժան գնով տա՝ սակարկում ենք, իսկ սակարկել նշանակում է՝ ընդառաջ գնալ մեկմեկու առաջարկներին:
-Պայմանագրում կա՞ն կետեր, որոնք կարող են վտանգել մեր երկրի էներգետիկ անվտանգությունը:
-Իհարկե ոչ, մենք մեր էներգետիկ անվտանգությունը ապահովում ենք հենց նրանով, որ էժան գնով գազ ենք ներկրում: Պետք է ուրախ լինենք, որի տարբերություն այլ երկրների, Հայաստանն այդ ապրանքը բավական ցածր գնով է ներկրում:
-Ոչ միայն ընդդիմադիր, այլեւ ՀՀԿ-ական պատգամավորներն են մտահոգություն հայտնում մի շարք հարցերում, օրինակ, ասվեց՝ 300 մլն գազի գնի պարտքը կարելի էր վճարել ողջ հայության ջանքերով ու չվաճառել 20 տոկոս բաժնետոմսը, դրանով իսկ չկորցնել«ՀայՌուսգազարդում» մեր ունեցած լծակները:
-Կատարվում է առք ու վաճառք՝ 20 տոկոս բաժնետոմսերը վաճառում ենք ռուսներին, դիմացը ստանում էժան գազ: Սա է ամբողջը: Իսկ ի՞նչ իմաստ ունի այդ բաժնետոմսերի պահպանումը, երբ ստորագրվող պայմանագրում հստակ մատնանշվում են անհրաժեշտ լծակները. սակագինը որոշում է համապատասխան հանձնաժողովը, եւ վերահսկողությունը կատարվում է լիարժեքորեն:
-Մտահոգի՞չ չէ եւ այն, որ, ըստ պայմանագրի, մինչեւ 2043թ. Հայաստանի խորհրդարանը էներգետիկ հարցեր բարձրացնելու, որոշումներ կայացնելու, պայմանագրում փոփոխություններ կատարելու իրավասություն չի ունենա:
-Տեսեք, ռուսական կողմը ասում է՝ Հայաստանին 5 տարով էժան գազ եմ տալիս, ու այդ տարիներին, անկախ նրանից թե միջազգային շուկայում գազի գինը որքանով կբարձրանա, Հայաստանի համար սակագինը չի փոխվի, այսինքն՝ «Գազպրոմը» գուցեեւ ֆինանսապես տուժի, բայց, ինչպես ասում են, պայմանը պայման է:
Եվ ահա սրա դիմաց մեզ առաջարկում է՝ 30 տարի փոփոխություն չանել պայմանագրում: Ինչո՞ւ չենք ուզում հասկանալ, որ այս պայմանավորվածության շնորհիվ Հայաստան ներկրվող գազի գինը չթանկացավ: Չէ՞ որ այդ երկիրն էլ իր շահերն ունի, որքան էլ լինենք ռազմավարական գործընկերներ, հո չի՞ կարող իր ապրանքը մեզ անվճար տալ: Տալիս է էժան գազ, որի դիմաց իբրեւ պայման առաջարկում է կնքել երկարաժամկետ պայմանագիր:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհի» այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031