ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը ազատ է արձակվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արտավազդ Փարսադանյանը: Ազատ արձակման մասին որոշումն ընդունվել է րոպեներ առաջ, իսկ բուն գործընթացը կարող է տևել մի քանի ժամ: Թամամյանն ազատության մեջ կհայտնվի կա՛մ այսօր ուշ երեկոյան, կա՛մ վաղն առավոտյան:
Նրա խոսքով՝ օրերս նա միջնորդություն է ներկայացրել վաղաժամկետ ազատման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ համաներմամբ նրա պատժաչափը կրճատվել էր 1/4-ի չափով:
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում Ա. Փարսադանյանը նշել էր. «Հասարակության մեջ այն տպավորությունն է, որ նա դատապարտվել է կաշառք ստանալու համար, սակայն այդ մասով գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Նա դատապարտվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, և զավեշտն այն է, որ ավելի ծանր հանցագործությունների վրա համաներումը տարածվում է, իսկ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար 1/4-ով: Տեսնենք՝ ինչ կլինի, քանի որ մի շարք պատգամավորներ դրա փոփոխման վերաբերյալ միջնորդություն են արել, որից հետո կորոշենք մեր քայլերը»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ «Այսօր»-ի կայքում