Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական ուժերի քննադատությունները՝ «Հայռուսգազարդի» բաժնեմասերի վաճառքի վերաբերյալ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2013 22:47

«Հայռուսգազարդ» ընկերության՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասերի  վաճառքը «Գազպրոմին», ինչի արդյունքում «Գազպրոմը» դարձավ «Հայռուսգազարդի» լիակատար սեփականատերը, բնականաբար, բուռն քննարկումների առիթ էր դարձել Ազգային ժողովում այսօր, երբ խորհրդարանի հաստատմանն էր բերվել այդ վաճառքի մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը քննադատվեց անգամ իշխանության ներկայացուցիչների կողմից: Մասնավորապես ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս համաձայնագիրը սողանցք չի թողնում, որ Գազպրոմը Հայռուսգազարդի գույքը ներդնի ինչ-որ դուստր ձեռնարկության մեջ եւ վաճառի դուստր ձեռնարկության գույքը:

Բացի դա, համաձայնագրում նշված դրույթներից մեկի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է անվերապահորեն պաշտպանել ոչ միայն Հայռուսգազարդին գույքը, այլեւ Գազպրոմի հետ փոխկապակցված ցանկացած տնտեսվարող ընկերության: Դավիթ Հարությունյանը հետաքրքրվեց, եթե վաղը-մյուս օրը ինչ-ինչ պատճառներով Հայաստանը ուզենա, ասենք, ազգայնացնել որեւէ հեռահաղորդակցության ընկերություն, եւ Գազպրոմը ուղղակի գնի այդ ընկերության 51% բաժնետոմսերը, ու այլեւս այդ ընկերությունը պաշտպանված կլինի: Պարոն Մովսիսյանը պնդեց, որ դա հնարավոր չէ, քանի որ նշված է «համաձայնագրի շրջանակներում», իսկ նման ընկերությունները համաձայնագրի հետ կապ չունեն:

Ավելի ուշ, իր ելույթում պարոն Հարությունյանը նկատեց. «Պայմանագրի ընթերցումից կարող են ծագել բազմաթիվ հարցեր, ինձ համար խնդիրը ոչ այնքան մեր բաժնետոմսերի 20%-ի վաճառքն է, որքան այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Հայաստանը, դրանց մեծ մասի վերաբերյալ կարող են լուրջ հարցեր առաջանալ, դրանք մեր ինքնիշխանության տարրերն են: Այլ բան է պայմանագրում նշել, որ եթե Հայաստանն ընդունի օրենքներ, որոնք կվատթարացնեն Հայռուսգազարդի վիճակը, ՀՀ կառավարությունը պարտավորվում է հատուցել այդ վնասները, բայց այլ բան է, երբ պարտավորվում ես երբեւէ չընդունել նման օրենքներ: Բայց դա էլ դեռ ամենալուրջ խնդիրը չէ: Ամենալուրջը սակագնի ձեւավորումն է: Նախարարն այստեղ հայտարարեց, որ դրա մեթոդիկան չի փոխվում: Ես ուզում եմ վստահ լինել, որ այդպես է: Այս պահին կարգը հետեւյալն է. կա կարգավորիչ հանձնաժողով, որին դիմում են ընկերությունները եւ ասում են՝ ուզում եմ այսպիսի սակագին դնեմ: Կարգավորիչ մարմինը նայում է առաջարկը, ասում է՝ սա ընդունելի է, սա՝ ոչ, եւ համապատասխան որոշում է ընդունում: Կարգավորիչ մարմինը գործադիր մարմնի մաս է, բայց ոչ՝ կառավարություն, դրա համար էլ համարվում է անկախ, կոլեգիալ որոշումներ է ընդունում»:

Պարոն Հարությունյանը նկատեց, որ համաձայնագրում այժմ կա մի դրույթ, ըստ որի, սակագինը հաշվարկվում է հանձնաժողովի մեթոդոլոգիայուվ, ՀՀ օրենքների հիման վրա, բայց վերապահում կա՝ հաշվի առնելով սույն պայմանագրի եւ սույն հավելվածի պայմանները: Իսկ պայմանները որ առաջադրված են՝ մտավախությունների տեղիք են տալիս:

ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Լեւոն Մարտիրոսյանը, հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում, որ Գազպրոմը իրավունք ունի օտարելու Հայռուսգազարդի միայն 49%-ը, այն էլ միայն իրեն փոխկապակցված ընկերությանը, այն էլ՝ միայն Հայաստանի համաձայնությամբ, սակայն Հայաստանը չի կարող անհիմն չհամաձայնվել:  Պարոն Մարտիրոսյանին հետաքրքրում էր, թե որո՞նք են հիմնավոր դեպքերը:

Արմեն Մովսիսյանը կրկին հակիրճ պատասխան տվեց. «Հիմնավոր դեպքերը Հայաստանի անվտանգության հետ կապված դեպքերն են, մնացած դեպքերում քննարկելու հարց է»:

ՀՀԿ-ն ներկայացնող Սամվել Ֆարմանյանն էլ շեշտեց, որ գազի գնի ձեւավորման ճանապարհը վստահելի չի, ՀՀ էներգետիկայի նախարարը պատասխանեց. «Լսումներ կկազմակերպենք այդ մասին»:

Բնականաբար, ընդդիմությունը ներկայացնող ուժերի քննադատությունն ավելի սուր էր: Գագիկ Ջհանգիրյանն, օրինակ, խոսեց այն մասին, որ այս համաձայնագրով բացարձակապես ապահովված չէ խնդրի իրավական կողմը՝ «Հայռուսգազարդի» 20% բաժնեմասը չկար օտարման ենթական գույքի ցուցակում, հարկավոր էր նախ մտցնել ցուցակ, ապա նոր բանակցել ՌԴ կառավարության հետ՝ դրա վաճառքի մասին: Բացի դա պետք էր ոչ թե ուղիղ վաճառք իրականացնել, այլ առաջարկներ ընդունել, գուցե մեկ ուրիշ, ոչ թե 155 մլն դոլար տար այդ 20%-ի համար, այլ, ասենք՝ 600 մլն, համ պարտքը կփակեինք, դեռ մի բան էլ կմնար, եւ այդքան պարտավորություններ չէինք վերցնի: Վերջապես, պարոն Ջհանգիրյանին հետաքրքրում էր՝ սա  առքուվաճառքի՞  պայմանագիր է, թե «Գույք՝ պարտքի դիմաց», իսկ եթե վաղը մյուս օր էլի արտաքին պարտքեր ունենանք, էլ ի՞նչ ենք վաճառելու, ուրիշ օբյեկտ մնա՞ց:

Էներգետիկայի նախարարը պատասխանեց իր ոճով. «Իրավական առումով միգուցե խնդիր կար, որ ցուցակում չի եղել, դրա համար ենք եկել: Բանակցությունները սկսելուց մտադրություն չենք ունեցել վաճառելու, վերջնական փուլում առաջացավ էս խնդիրը, դրա համար որոշեցինք բերել Ազգային ժողով: Ինչ վերաբերում է՝ ի՞նչ ենք ծախելու, ապա չպետք է նոր պարտք առաջացնենք, որ մտածենք՝ ինչ ենք ծախելու»:

Պարոն Ջհանգիրյանը շեշտեց, որ մտավախություն ունի, որ հետագա պարտքերի դիմաց էլ Որոտան-Կասկադ են տալու.«Կառավարությունը ոչ թե պետք է ծրագրեր ներկայացնի, բյուջե ներկայացնի… Այս կառավարությունը պետք է փրկության ծրագիր ներկայացնի, մենք վաճառում ենք մեր պետությունը»: Արմեն Մովսիսյանը խոստացավ, որ «Որոտանը չի կարող լինել այս գործարքի հետ կապված սուբյեկտ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութը՝ a1plusnews

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031