Այսօր ճանաչված փաստաբան Հայկ Ալումյանի «Դատավարական հմտություններ» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսն էր: Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և նախագահի տեղակալ Մելանյա Առուստամյանը: Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է ձեռնարկը լույս ընծայելու նախաձեռնությունը և նշել, որ «շատ օրինակելի է, որ Հայկ Ալումյանը, որպես փորձառու փաստաբան համաձայնվել է կիսել իր փորձը: Ձեռնարկն իր բնույթով ունի ուսումնական է և գործնական նշանակություն»:
Պետք է նշել, որ ավելի վաղ փաստաբանների պալատի նախագահը գրավոր կարծիք է տվել ձեռնարկի վերաբերյալ՝ նշելով, որ «ձեռնարկը կհամալրի հատկապես քրեական արդարադատությամբ զբաղվող փաստաբանների գրադարանները: Աշխատության մեջ ներկայացվել են քրեական դատավարության տարբեր փուլերում՝ մինչդատական վարույթում, առաջին ատյանի դատարանում, վերաքննիչ, վճռաբեկ դատարաններում, ինչպես նաև սահմանադրական դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փաստաբանի գործողությունների, ինչպես նաև դատավարական փաստաթղթերի կազմման մարտավարության հիմնական դրույթները»: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Լիպարիտ Սիմոնյանը, փաստաբան Արա Զաքարյանը և հայաստանյան տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչներ: Նշենք, որ փաստաբան Հայկ Ալումյանի «Դատավարական հմտություններ» ուսումնական ձեռնարկը հրատարակվել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI, INC.-ի Հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:
Կարդացեք նաև
Փաստաբանների պալատի լրատվական ծառայություն