Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի գնի համար ուզում է ինքնասպան լինել

Դեկտեմբեր 20,2013 21:31

67 ամյա ազատամարտիկ Ազատ Հարությունյանը երեկ զանգել էր ՀՀ կառավարության թեժ գծի 52-70-00 հեռախոսահամարով  եւ սպառնացել, որ ինքնասպանության կդիմի, սակայն, ինչպես Aravot.am-ին վստահեցրեց ազատամարտիկը, հեռախոսավարուհին ինքնասպանությամբ սպառնացողին հորդորել է` ինչ ուզում եք` արեք:

Ազատ Հարությունյանը երեկ Aravot.am-ի խմբագրություն էր զանգահարել անմիջապես այն բանից հետո, երբ նրան կառավարության թեժ գծից, հուսահատության շեմին կանգնած մարդուն, այսպես ասած` դրդել էին իրականացնել մտադրությունը: Մեր այն հարցին, թե ի՞նչն է ինքնասպանության դիմելու պատճառը, ազատամարտիկն ասաց. «Գազը թանկացրել են, չեմ կարում մուծեմ»:

Ազատ Հարությունյանի պատմելով, ընդամենը 25 հազար դրամ թոշակ է ստանում. «Աղջկաս, փեսուս ու 2 թոռներիս հետ եմ ապրում, սաղ իմ վզին են,ամսի 19-ինն ա, արդեն 40 հազարի գազ եմ վառել, հացի փող էլ չի մնացել»: Մեր ճշտող հարցին, միայն գազի համա՞ր է ինքնասպանության միտքը ծագել, պարոն Հարությունյանն ասաց. «Մենակ ըտրա համար չէ, մեզ վոբշե ուշադրություն չեն դարձնում, մարդու տեղ չեն դնում: Սաղի թոշակները բարձրացրին, մերը` է’ հունիս-հուլիսին, մենք մարդ չենք»:

Aravot.am-ի այն հարցին էլ, փորձել է որպես ազատամարտիկ օգնության համար դիմել պաշտպանության նախարարություն, Ազատ Հարությունյանը վստահեցրեց, որ դիմել է եւ գումարային աջակցություն էլ ստացել է, բայց այլեւս չի ցանկանում այդ նախարարություն դիմել. «Խո՞ ամեն անգամ պարոն Օհանյանին չեմ դիմելու, վարչապետն ինչի՞ համար ա:  Զանգել եմ ասել`գազի գինը գոնե կես գին սարքեք, որ կարենամ մուծեմ, ասեց` գնացեք մեռեք, քցվեք, ինչ ուզում եք արեք, մեզ պետք չեք: Առաջին օրն էլ եմ զանգել ասել` ես մոստից քցվելու եմ, ասեց`գնացեք ուզում եք քցվեք, ինչ ուզում եք` արեք: Ըտենց են արդեն մեզ պատասխանում հա՞ : Էդ էլ իրանց թեժ գիծը»:

 

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմում-բողոքների  քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ասաց, որ Ազատ Հարությունյանի զանգերի ձայնագրությունը չի եղել, քանի որ նա ոչ աշխատանքային օր է զանգահարել, եւ մեզ չեն կարող հեռախոսազրույցի ձայնագրությունը տրամադրել: Սակայն, հեռախոսավարուհին, ըստ պարոն Ղազարյանի, չի վիրավորել  ազատամարտիկին եւ չի ասել՝ ինչ ուզում ես արա, գնա քցվի»:

Կառավարությունից նաեւ վստահեցրին, որ Ազատ Հարությունյանը նախկինում եւս զանգահարել է եւ ինչ-որ բարերարի կողմից նվեր ստացած մեքենայի մաքսազերծման համար օգնություն է խնդրել, ընդ որում այդ նույն հեռախոսավարուհին է բազմիցս խնդրել վարչության պետին, որպեսզի գործին ընթացք տրվեր. «Թեժ գծին ամեն օր բազմաթիվ զանգեր են լինում, եւ այդ զանգերին միշտ շատ նորմալ պատասխանում են, նույնիսկ զանգում՝ հայհոյում են, իսկ մեր հեռախոսավարուհիներն անգամ «տրուբկան» չեն շպրտում: Ազատ Հարությունյանի դիմումին ընդառաջել է կառավարությունը եւ, հաշվի առնելով, որ ազատամարտիկ է, աջակցություն է տրամադրվել,որպեսզի մեքենան Վրաստանից մաքսազերծվի: Բացի այս, պաշտպանության նախարարությունն էլ մշտապես նրան աջակցել է»:

Պարոն Ղազարյանի ներկայացմամբ՝ Ազատ Հարությունյանն այդ օրը զանգահարել է եւ պահանջել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպում,. Հեռախոսավարուհին խնդրել է ներկայացնել խնդիրը, ազատամարտիկը պնդել է, որ իրեն պետք է վարչապետն անձամբ ընդունի, որպեսզի անձամբ ներկայացնի իր խնդիրը: Թեժ գծի հեռախոսավարուհին պատասխանել է, որ վարչապետը քաղաքացիների ընդունելության օր չունի, ուստի քաղաքացու բողոքն իրենք համապատասխան մարմին կներկայացնեն. Այս պատասխանից հետո, ինչպես պատմեց պարոն Ղազարյանը, քաղաքացին սկսել է սպառնալ,որ իր կյանքին վերջ կտա:

Պարոն Ղազարյանի պարզաբանման մանրամասները՝ ձայնագրությունում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031