Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը (ՍՈւԽ), որը երեք տարեկան է, 2013 թվականի ընթացքում իրականացրել է 70-ից ավելի ծրագրեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ուսխորհրդի նախագահ Սամվել Մկոյանը:
«Մենք առաջին հերթին նպատակ ունենք իրազեկելու սփյուռքահայ ուսանողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև պաշտպանելու նրանց իրավունքները»,- ասաց Ս. Մկոյանը:
Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը նպատակ ունի նաև համախմբելու ուսանողներին համընդհանուր շահերի շուրջ: «Իսկ համախմբելու համար մենք վերջին շրջանում մի ծրագիր ենք իրականացրել՝ «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդը Հայաստանում» խորագրով: Սա մի դասընթաց է, որով փորձում ենք պատրաստել առաջնորդներ, այսինքն՝ մարդիկ, որոնք ավելի արդյունավետ կարող են համախմբել սփյուռքահայ ուսանողներին համընդհանուր շահերի շուրջ»,- ասաց Ս. Մկոյանը:
Կարևորելով սփյուռքահայ ուսանողների՝ հայաստանյան կյանքին ինտեգրվելու հարցը, ինչը, բանախոսի խոսքով, բավականին լուրջ խնդիր է, ՍՈւԽ-ը ստեղծել է հոգեբանական ակումբ, որն այս տարի քսանից ավելի ծրագրեր է իրականացրել՝ հոգեբանական դասընթացներ, սեմինարներ, անհատական խորհրդատվություններ և այլն:
Սփյուռքահայ ուսանողների խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Սարոյանն էլ նկատեց, որ իրենց կողմից պարբերաբար կազմակերպվող թեյախմությունները, որոնք մշակութային բնույթ են կրում, մեծ դեր են խաղում ինտեգրման հարցում. «Ես ինքս մեկ տարի առաջ եմ Ուկրաինայից եկել Հայաստան և ընկերներիցս շատերի հետ ծանոթացել եմ թեյախմության ժամանակ: Հավաքվում ենք, հայրենասիրական երգեր ենք երգում, ասմունքում ենք հայերենով: Սա ինտեգրմանը շատ է նպաստում, որովհետև ինչպես թեյախմությանը, այնպես էլ մեր մյուս ծրագրերին մասնակցում են նաև տեղացի երիտասարդներ: Դա շատ կարևոր ռազմավարական քայլ է, որովհետև եթե մենք խոսում ենք ինտեգրման մասին, բնականաբար, դա չի կարող լինել առանց տեղացի երիտասարդների»,- ասաց Հրանուշ Սարոյանը:
Անդրադառնալով սփյուռքահայ ուսանողների խնդիրներին՝ Սամվել Մկոյանը կարևորեց հատկապես նրանց ուսման վարձավճարների հարցը. «Սփյուռքահայ ուսանողները 30-50% ավելի են վճարում, քան հայաստանցի ուսանողները: Սա ոչ միայն ֆինանսական լուրջ խնդիր է նրանց համար, այլև որոշակի իմաստով՝ բարոյական, որովհետև այդպիսով մենք սփյուռքահայ ուսանողներին օտարում ենք մեզանից: Փաստորեն, նրանք իրենց հայրենիքում սովորում են այն նույն պայմաններով, որոնցով որ օտարերկրացիներն են սովորում: Իհարկե, չպետք է մոռանանք, որ այս հարցում սիրիահայ ուսանողների համար բավականին լուրջ գործ կատարվեց. ոչ միայն զեղչվեց նրանց ուսման վարձը, այլև հիմնադրամների և պետական մարմինների շնորհիվ, կարելի է ասել, փոխհատուցվեց: Դա մեծ քայլ էր»,- ընդգծեց ուսխորհրդի նախագահը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ