Այսօր ավելի քան ութ ժամ, առանց ընդմիջման Ազգային ժողովը քննարկում էր Հայռուսգազարդի հետ կապված համաձայնագրերը:
Պատգամավորների բարձրացրած հարցերը վերաբերում էին ոչ միայն ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասի վաճառքին, այլեւ այդ համաձայնագրում ամրագրված այն կետին, որի համաձայն Հայաստանը առաջիկա երեսուն տարում իրավունք չունի որեւէ օրենք, որեւէ հրամանագիր, որեւէ որոշում ընդունել, որը Հայռուսգազարդի շահերին կդիպչի: Այս մասին խոսեցին ընդդիմադիր գրեթե բոլոր պատգամավորները, նաեւ ՀՀԿ-ն ներկայացնող Դավիթ Հարությունյանը:
Լեւոն Զուրաբյանը, օրինակ, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարցնում էր, օրինակ, թե ինչպե՞ս են արդարացնելու պետական դավաճանության հավասար արարքը, որը կատարել են Սահմանադրության խախտմամբ՝ ուղիղ վաճառքով, առանց ՀՀ օրենքների պահանջները կատարելու, առանց համաձայնեցումների կնքելով այդ համաձայնագիրը: Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի՝ «այս համաձայնագիրը մեր պարտավորությունների եւ «Գազպրոմի» արտոնությունների ցուցակ է, իսկ որտե՞ղ են «Գազպրոմի» պարտավորությունները»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ 300 մլն դոլարի պարտքը չձեւակերպվեց որպես պետական պարտք, ինչո՞ւ չի երեւում, թե ո՞վ է գնահատել, որ «Հայռուսգազարդի» 20%-ը 155 մլն դոլար է:
Կարդացեք նաև
Պարզվեց, որ պարտքը չի ձեւակերպվել, որովհետեւ հայտնի չէր, որ պարտքը ինչքան է լինելու, լինելու է, թե չէ, իսկ գնահատել են փորձագետները՝ ելնելով նրանից, որ այդ ընկերությունը տարեկան 35 մլն դոլար շահույթ ունի, հետեւաբար իր գինը կարող է լինել մաքսիմում 15 անգամ ավելի, եւ մեր կառավարությունը բավականին հաջող գործարք է արել՝ 155 մլն դոլարով վաճառելով 20%-ը:
Ըստ Արամ Մանուկյանի՝ գազի գինը հինգ տարվա ընթացքում հինգ անգամ թանկացել է՝ մեկ անգամ 2011-ին, երկու անգամ՝ 2012-ին եւ մեկ անգամ այս ապրիլին: Եվ այս հինգ անգամներից ոչ մեկի մասին չի ասվել ժողովրդին, պառլամենտին:
Ըստ Արամ Մանուկյանի՝ «Հայռուսգազարդը» չէր կարող այսքան պարտք կուտակել, սա պայմանավորված պարտք է, գործարք է Հայաստանի Հանրապետության անկախության դեմ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ