Երևանում բազմաֆունկցիոնալ հիվանդանոց կառուցելու ծրագրի նախնական հարցեր են քննարկել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և նախաձեռնության հեղինակներ՝ Հռոմի Տոր Վերգատա համալսարանի ռեկտոր, նույնանուն հիմնադրամի նախագահ Ռենատո Լաուրոն, «Անաբասիս» հիմնադրամի նախագահ Ռիկարդո Ակվիլան և հիմնադրամի անդամ Անտոնելլա Կատանին։
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ տարածաշրջանում նախատիպը չունեցող նման առողջապահական կառույցի հիմնումը հենց Երևանում նախատեսելու համար և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը, հանձին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պատրաստակամ է լիազորությունների սահմաններում այսուհետ ևս աջակցել ծրագիրը կյանքի կոչելուն։
«Հիվանդանոցին տարածք հատկացնելու ձեր դիմումին Երևանի քաղաքապետն արձագանքել է անմիջապես. հիվանդանոցին հատկացված՝ ձեզ արդեն հայտնի տարածքը, որը գտնվում է Երևանի Սիլիկյան թաղամասում, մեր քաղաքի հեռանկարային զարգացման վայրերից է. այս տարածքը Երևանի հետ կապված է մի քանի ճանապարհային ենթակառուցվածքներով, ինչպես նաև մոտ է կառուցվելիք Հյուսիս-հարավ ավտոմայրուղուն»,- ներկայացրել է Դավիթ Օհանյանը և հավելել, որ քաղաքապետարանը պատրաստ է նաև քննարկել լրացուցիչ առաջարկությունները՝ ստանալու համար այն փայլուն արդյունքը, որը նախատեսվել է։
Բազմաֆունկցիոնալ հիվանդանոցը մասնագիտացած է լինելու նաև հաշմանդամություն ունեցող երեխաների հատուկ սպասարկման գծով։
Կարդացեք նաև
«Հատկացված տարածքը հնարավորություն է տալիս լավագույնս իրականացնել ծրագիրը։ Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, ինչպես նաև ձեր խոստումնալից պատրաստակամությունը՝ աջակցել ծրագրի իրականացմանը»,- նշել են «Անաբասիս» հիմնադրամի նախագահ Ռիկարդո Ակվիլան և հիմնադրամի անդամ Անտոնելլա Կատանին։
Դավիթ Օհանյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ ծրագրի քննարկումն առավել արդյունավետ իրականացնելու համար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն