Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, ի՞նչ ուղղվածություն ունի 2014 թվականի պետական բյուջեն, եւ որոնք են նրանում առկա բացթողումները ասաց. «Նախ բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն, արդեն երկրորդ տարին է արդյունաբերության զարգացման եւ աջակցման համար միջոցներ են հատկացվում ու այս տարի ավելի շատ, քան նախորդ տարի էր: Սրանք դրական ձեռքբերումներն են, որ արդյունաբերական քաղաքականությունը կառավարությունից աջակցություն է ստանում: Կենսաթոշակներն ու աշխատավարձերը ավելանում են ու սա եւս խոսում է բյուջեի սոցիալական ուղղվածության մասին»:
Ինչ վերաբերվում է բացթողումներին, ապա Վազգեն Սաֆարյանը առանձնացրեց հետեւյալը. «Եկամուտները քիչ են, հարկային հավաքագրումը քիչ է, տնտեսության մեջ առկա է ստվերայնության գործոնը, կան մենաշնորհ դիրք ունեցողներ, որը նույնպես պետք է կարողանալ հաղթահարել: Գործազրկության մակարդակը 18 տոկոսի սահմաններում է, մեզանում նվազագույն աշխատավարձով հնարավոր չէ ապահովվել սպառողական զամբյուղը: Սրանք այն խնդիրներն են, որոնք լուծելու համար անհրաժեշտ է, որպեսզի տնտեսությունը նշանակալի արդյունավետությամբ աշխատի եւ դրանք կարող են ապահովվել թեթեւ արդյունաբերության զարգացմամբ, ինչի համար պետք է հանքահումքային ոչ մետաղական արդյունաբերությունը զարգացնել, իսկ մետաղական արդյունաբերության մեջ վերջնական արդյունքի ապրանքների ստացման արտադրություն կազմակերպել»:
Վազգեն Սաֆարյանը նաեւ հավելեց, պետք է դրական գնահատել այն, որ եկող տարվա ընթացքում ստեղծվելու է արտահանման ապահովագրման գործակալություն, որը պաշտպանելու է արտահանողների շահերը տարբեր շուկաներում: Նա նաեւ կարեւորեց այն, որ ԱԺ-ում շրջանառվում է արդյունաբերական քաղաքականության մասին օրենքի նախագիծը, որին կառավարությունը հավանության արժանացնելով տվել է իր առաջարկությունները:
«Այս տարվա բյուջեի պակասորդը 3 տոկոսի սահմաններում է ու այն նախորդ տարիների համեմատ զգալիորեն քիչ է»,- ավելացրեց Վազգեն Սաֆարյանը:
Կարդացեք նաև
Դիտարկմանն էլ`ավելի արդյունավետ չի լինի արտահանման մեծացմամբ նվազեցնել արտաքին պարտքը, Վազգեն Սաֆարյանը ասաց. «Արտաքին պարտքը նվազեցնելու համար պետք է ունենանք արտահանման եւ ներմուծման հաշվեկշռում արտահանման առաջնայնություն: Ելնելով այն իրողությունից, որ այսօրվա արտաքին առեւտրի հաշվեկշռում ներմուծումը 2,7-2,8 մլրդ դոլարով գերազանցում է արտահանմանը, որը փակվում է դրսից եկած տրանսֆերտների հաշվին` անհրաժեշտություն է առաջանում, այն ապրանքատեսակները, որ կարող ենք այստեղ արտադրել, փոխարինել ներմուծվող ապրանքատեսակներով»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ